Իշխանությունը ձգելու ժամանակ չունի

15/06/2011

«Եթե ազատագրված տարածքներն էլ հանձնեն, Ղարաբաղին կարգավիճակ չեն տալու, դրա համար ես էս հարցում ոչ մի հեռանկար չեմ տեսնում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է նախկին քաղբանտարկյալ, նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Ըստ նրա` ինքը ղարաբաղյան կարգավորման հանգուցալուծային տարբերակ չի տեսնում, որովհետեւ կողմերի միջեւ համաձայնություն չկա:

Միքայելյանը համոզված է, որ Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի, չնայած չի բացառում, որ կուլիսային համաձայնություն կարող է ձեռք բերվել: «Ես պատերազմի բոլոր խոշոր մարտերին եմ մասնակցել: Բնականաբար, ես մի թիզ հող տալուն դեմ եմ եւ ոչ մի կռվող տղա էլ դրան կողմ չի լինի: Եթե հողերը հանձնեն, ԼՂ-ին կարգավիճակ չեն տալու: Այդ պատճառով էլ դեմ եմ փոխզիջման գնալուն, ի վերջո յոթ հազար տղա գլուխ են դրել զոհասեղանին: Նրանք Մուշից, Ալաշկերտից էին խոսում, ուր մնաց թե Ղարաբաղի հողերը տալուն կողմ լինեին»,- ասել է Ս. Միքայելյանը: Նա նաեւ հայտարարել է, որ «ամեն մարդ չի հասկանում, թե ինչպես են ազատագրվել տարածքները»: «Ես հինգ հարյուր ախպեր եմ իմ ձեռքով թաղել»,- ասել է Սասուն Միքայելյանը` շեշտելով, թե ինքը չի կարող դեմ գնալ այդ մարդկանց հիշատակին: Նա չի բացառել պատերազմի վերսկսման հնարավորությունը, սակայն, եթե Հայաստանը ցանկանում է խուսափել հնարավոր պատերազմից, ապա, ըստ նրա, պետք է լուծի երկրի ներքին խնդիրները: «Ես այսօր ոչ մի դրական բան չեմ տեսնում Ղարաբաղի հարցում, ոչ մի փոխզիջումային տարբերակ չկա»,- հայտարարել է նա:

Հարցին, թե տարածքներ հանձնելու դեմ Միքայելյանի դիրքորոշումը չի՞ հակասում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետներին, Սասուն Միքայելյանը պատասխանել է. «Ղեկավարի հետ հակասություն չկա, ընդհանուր միտք է առաջարկել ղեկավարը, որ պետք է գնանք փոխզիջման տարբերակով: Ես` որպես պատերազմ անցած մարդ, բնականաբար դեմ եմ հող հանձնելուն: Եթե նախագիծ լինի քննարկելու, ես իմ տեսակետը կհայտնեմ: Եթե այս տարբերակով գնանք լուծման, կհայտնվենք Նախիջեւանի կարգավիճակում ու կկորցնենք նաեւ Ղարաբաղը»,- ասել է նա` շեշտելով, որ Լ. Տեր-Պետրոսյանի ծրագիրն ընդհանուր փոխզիջման տեսակետ է, բայց քանի որ «տակը բան չկա», ինքը չի կարողանում հարցին պատասխանել: Իսկ հարցին, թե իշխանությունները ռեսուրս ունե՞ն ազատագրված տարածքները չհանձնելու, Սասուն Միքայելյանը պատասխանել է. «Եթե յոթ հազար տղա գլուխ են դրել զոհասեղանին, այստեղ իշխանությունների ռեսուրսի հարց չի կարող լինել»: Նա ասել է, որ թեեւ հայտարարվում է, որ մենք խնդիրներ չենք ունենա, սակայն դա այնքան էլ այդպես չէ: «Այդտեղ էլ մենք լուրջ խնդիրներ ունենք… Եթե մենք ուզում ենք պատերազմի վերսկսումից խուսափել, պետք է ներքաղաքական խնդիրները կարգավորենք»,- ասել է Միքայելյանը: Նա նշել է, որ Արցախյան պատերազմում հայկական կողմը հաղթել է, որովհետեւ միասնական էր, բացի այդ` Ադրբեջանում վատ էր ներքաղաքական վիճակն այնպես, ինչպես հիմա Հայաստանում է: Երեկ Սասուն Միքայելյանին լրագրողները հարցրել են նաեւ իր` ՀՀԿ-ում եղած տարիներին Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Նա ասել է, որ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերն է եղել, եւ ինքն, այո, պաշտպանել է, սակայն եկել է մի ժամանակ, որ իրենց հայացքները չեն համընկել, եւ ինքը հայտարարել է, որ այդ թիմով գնալու դեպքում նախագահական ընտրություններում չի լինի Սերժ Սարգսյանի կողքին: «Եվ այդպես էլ եղավ: Արդյունքը` երեք տարի երեք ամիս»,- ասել է Ս. Միքայելյանը: Նա հայտարարել է, որ անպայման առաջադրելու է իր թեկնածությունը ԱԺ ընտրություններում: Արտահերթ թե հերթական` ըստ նրա, ցույց կտա ժամանակը: «Ժամ-ժամ այս երկրում բան է փոխվում»,- ասել է Սասուն Միքայելյանը` շեշտելով, որ ինքը պարզ մարդ է, եւ իրեն տողատակի հարցերը չեն հետաքրքրում` հերթական, արտահերթ: Նա ասել է, որ ինքը գերադասում է արտահերթ: Ս. Միքայելյանը երեկ պատասխանել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին, ով անցած երեք տարիներին բազմիցս հիշեցնելով իր` խորհրդային քաղբանտարկյալ լինելը, 2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալվածներին որակում էր` որպես հանցագործներ: «Ռազմիկ Զոհրաբյանին Լենինի նկարին թարս նայելու համար դատել են, իրան սարքել ա ալամ աշխարհի քաղբանտարկյալ, իսկ մեզ էլ դարձրել ա հանցագործ»,- ասել է նա: Անդրադառնալով իշխանությունների կողմից ՀԱԿ-ի ներկայացրած երկխոսության առաջարկին հնչող պատասխաններին, Ս. Միքայելյանն ասել է, որ իր կարծիքով` մինչեւ այս շաբաթվա վերջ պարզ կլինի իշխանության առաջին դեմքի տեսակետը ներքաղաքական երկխոսության վերաբերյալ: Հարցին, թե որտեղի՞ց է տեղյակ, որ մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի Սերժ Սարգսյանի տեսակետը, Ս. Միքայելյանը պատասխանել է, թե չգիտի, այլ կարծում է, քանի որ իշխանությունը ժամանակ չունի ձգելու: