Ի՞նչ պայմանավորվեցին կաթողիկոսները

15/06/2011 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցյալ շաբաթ սկսվեց եւ այս շաբաթ ավարտվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բազմիցս հետաձգված այցը Վրաստան: Այցելության ծրագիրը հագեցած էր: Գարեգին Բ-ն հանդիպեց Ամենայն Վրաց կաթողիկոս Իլյա Երկրորդի, հարեւան երկրի քաղաքական առաջնորդների հետ, շրջայց կատարեց հայերով խիտ բնակեցված շրջաններում, Թբիլիսիում օծեց Սբ.Էջմիածին հայկական եկեղեցին, մասնակցեց հայկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը եւ այլն: Իսկ հայ հասարակությանը, ինչպես նաեւ վրացիներին հուզող ամենակարեւոր հարցն այն էր, թե կհաջողվի՞ արդյոք հոգեւոր առաջնորդներին հաղթահարել մի շարք փոխկապակցված հարցերում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա հակասությունները: Միանգամից նշենք, որ սա այն դեպքը չէ, երբ այցի արդյունավետությունը ավելի ուշ կարող է ի հայտ գալ: Իսկ առայժմ, դատելով պաշտոնական մեկնաբանություններից, ցավոտ հարցերի լուծման ուղղությամբ էական առաջընթաց չկա:

Վրաստանի եւ Հայաստանի միջեւ հակասությունների արմատները հասնում են միջնադար: Խոսքը մի շարք եկեղեցիների պատկանելության մասին է: Հայկական կողմը հավակնում է վեց եկեղեցիների վերադարձմանը, որոնք գտնվում են Թբիլիսիում եւ Վրաստանի հայաբնակ շրջաններում: Մի քանի տարի առաջ վրացական կողմը հակընդդեմ պահանջներ ներկայացրեց` նկատի ունենալով Լոռիի հետ սահմանակից գոտում գտնվող տասը եկեղեցիներ: Ավելին, Վրաստանի Սրբազան Սինոդը որոշում կայացրեց. «Վերականգնել պատմականորեն գոյություն ունեցող Ագարակ-Տաշիրի թեմը եւ ենթարկեցնել այն Դմանիսի եպիսկոպոսին, որի տիտղոսը այսուհետ կլինի Դմանիսի եւ Ագարակ-Տաշիրի եպիսկոպոս, նստավայրը` Դմանիսի»: Վրաց Ուղղափառ եկեղեցու պահանջներն ու գործողությունները չէին կարող չմտահոգել հայկական կողմին: Որոշ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ Վրաց ՈՒղղափառ եկեղեցին «իրենն» է հայտարարել այն եկեղեցիները, որոնք կառուցվել են Հայ Առաքելական եկեղեցու` համեմատաբար կարճ տեւած «քաղկեդոնական» շրջանում: Այդ ժամանակ հայ պատմաբան Սամվել Կարապետյանը սարկազմով նկատեց, որ Հայաստանում «քաղկեդոնական շրջանի» 13 եկեղեցի կա, «ինչո՞ւ է Վրաց ՈՒղղափառ եկեղեցին պահանջում միայն մի մասը եւ ոչ` բոլորը»: Իր հերթին` վրացական «Ռեզոնանս» թերթը, հղում անելով Թբիլիսիի պետհամալսարանի դասախոս, հայագետ Լելա Ջավախիշվիլուն, «ապացուցեց», որ Հայաստանի տարածքում գտնվող «վիճելի եկեղեցիները» կառուցվել են Մխարգրձելի տոհմի ներկայացուցիչների կողմից, որոնք Վրաց արքունիքի մերձավորներից էին: «Քանի որ հայ երկաբնակների (//////////////////) ժառանգները կրոնական տեսանկյունից հազիվ թե կարողանան ներկայացնել ժամանակակից հայ եկեղեցին, ապա Վրաց ՈՒղղափառ եկեղեցու պահանջները հիմնավորված են»,- գրում էր թերթը` կանխատեսելով, որ եթե հայկական կողմը պնդի վեց եկեղեցիները վերադարձնելու մասին, ապա վրացական կողմը ավելի կոշտ կձեւակերպի սահմանամերձ 10 եկեղեցիների նկատմամբ իր նկրտումները:

Իրավիճակը բարդացնում էր նաեւ այն, որ եթե անգամ Վրաց ՈՒղղափառ եկեղեցին ընդառաջ գնար Հայ Առաքելական եկեղեցուն, ապա 6 շինությունների փոխանցումը իրավաբանորեն ձեւակերպելն անհնարին է: Բանն այն է, որ Վրաստանում, համաձայն օրենքի, իրավաբանական կարգավիճակ ունի միայն Վրաց ՈՒղղափառ եկեղեցին: Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալու բոլոր խնդրանքները դեռեւս ոչնչի չեն հանգեցրել, չնայած նրան, որ Վրաստանի աշխարհիկ իշխանությունները Եվրամիության առաջ պարտավորություններ են ստանձնել` բոլոր հավատացյալներին հավասար իրավունքներով եւ հնարավորություններով ապահովելու հարցում, սակայն գործնականում չեն շտապում դրանք իրագործել: Ոչ միայն հայ եկեղեցուն, այլեւ մի շարք այլ նորբողոքական համայնքներին պաշտոնական կարգավիճակ տալը վրաց հասարակության համար կընկալվի որպես անընդունելի որոշում: Ենթադրվում էր, որ ահա այս հարցերը պետք է կարգավորվեին Գարեգին Բ-ի այցի ընթացքում: Հենց այցի փաստն ինքնին լավատեսություն էր ներշնչում: Սովորաբար, երբ կողմերի դիրքորոշումները մոտեցնել չի հաջողվում, ապա բարձրաստիճան անձանց հանդիպումը որեւէ պատճառաբանությամբ հետաձգվում է: Ինչպես որ մինչ այդ էր տեղի ունենում: Սակայն այցը կայացավ, բանակցությունները` նույնպես, մինչդեռ հարցերն այդպես էլ մնացին առկախված: Քանի որ, ինչպես պաշտոնապես հայտարարվեց, Վրաստանի եւ Հայաստանի կաթողիկոսները պայմանավորվել են… ուսումնասիրել եկեղեցիների եւ միաժամանակ` նաեւ կարգավիճակների փոխանակման հնարավորությունները. Հայ Առաքելական եկեղեցին Վրաստանում կստանա նույն կարգավիճակը, ինչ` Վրաց ՈՒղղափառ եկեղեցին` Հայաստանում: Այսպիսով, չարդարացան նաեւ հույսերը, թե Թբիլիսիի կենտրոնում գտնվող Նորաշենի եկեղեցին, որ բոլորովին վերջերս թեժ վեճերի առիթ էր դարձել, դադարում է տարաձայնությունների առարկա լինելուց, ինչի մասին խոսում էին Վրաստանի հայկական շրջանակներում: Մի խոսքով, ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կար, բացի պատրիարքների` «երկու ժողովուրդների բարեկամության» մասին հավաստիացումներից:

Կարո՞ղ է արդյոք գործնականում որեւէ փոփոխություն արձանագրվել մոտ ժամանակներում: Կարծում ենք` հազիվ թե: Հայաստանում ուղղակի չկան, գոնե նկատելի թվով, հավատացյալներ, որոնք Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայության կարիքն ունենան: Այդ պատճառով Վրաց ՈՒղղափառ եկեղեցուն օրենսդրորեն իրավաբանական կարգավիճակ տալը գործնականում ոչինչ չի տա: Սակայն կարող է ուժեղացնել Վրաց ուղղափառ եկեղեցու պահանջները «քաղկեդոնական շրջանի» եկեղեցիների նկատմամբ: Հակառակ ուղղությամբ խնդիրն էլ ավելի արդիական է: Եթե Վրաց Ուղղափառ եկեղեցին Հայաստանում կարգավիճակ ստանա, վրացական կողմը ստիպված կլինի նույն բանն անել` իրավաբանական կարգավիճակ տալ Հայոց թեմին: Այդ դեպքում օրենսդրական խոչընդոտներ չեն լինի վերոհիշյալ վեց հայկական եկեղեցիները հայերին վերադարձնելու հարցում: Այդ պարագայում, ի տարբերություն «վրացականի», հավատացյալներ անպայման կգտնվեն. գործող եկեղեցիների կարիք այնտեղ կա: Այդուհանդերձ, ինչ-որ բան հուշում է, որ ոչինչ չի արվի, իրավիճակը կմնա ներկայիս «պահածոյացված» վիճակում, քանի որ բավական լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն երկու երկրների եւ՛ կրոնական, եւ՛ աշխարհիկ ինստիտուտները, որոնք առանց այդ էլ շնչահեղձ են լինում քաղաքական ու տնտեսական խնդիրների բեռի տակ, որոնք էլ ավելի հրատապ լուծումներ են պահանջում: