Առասպելներից ամենահանապազօրյան

15/06/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հիմա արդեն դժվարությամբ ենք հիշում բոլոր այն առասպելները, որոնք հյուսվեցին ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ: Բայց մի քանիսը մոռանալու բան չէին: Հետեւաբար` ոչ ոք չի մոռացել: Իսկապես չի կարելի մոռանալ աշխարհը ծիրանով կերակրելու ու վրայից նույն աշխարհին հայկական սառնորակ ջուր խմեցնելու փառահեղ ծրագրերը:

Դրանք հիմա մանկամտություն կարելի է գնահատել: Ոչ միայն շուկայական տնտեսության տեսանկյունից, այլեւ` զուտ բնակլիմայական: Միմյանց հաջորդող անձրեւախեղդ գարուններն իրենց գործն արին: Ծիրանի բերքը հիմա ներքին պահանջարկը չի բավարարում: Ուր մնաց թե` ծիրանի արտահանումով կարողանանք երկիր կերակրել: Ժողովրդական առածն ասում է. «Դժբախտությունը երբեք միայնակ չի գալիս»: Այսինքն` բնակլիմայական պայմանների փոփոխությունը միայն այգեգործությանը չէ, որ հարվածեց: Հորդառատ անձրեւները անանցանելի են դարձնում քաղաքների փողոցները: Վարարած գետերը ճանապարհներ ու մշակված հողատարածքներ են քշում-տանում: Բայց այն, ինչ երեկ հայտարարեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը, իրոք, անսպասելի էր: Անհնարինության չափ անհավատալի:

Տեսեք, թե ինչ է կատարվում: Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Նուբարաշեն թաղամասի 56 բնակիչ հոսպիտալացվել են: Նրանց ճնշող մեծամասնությունը երեխաներ են: Հայտնվեցին կարծիքներ, որ վարակի աղբյուրը խմելու ջուրն է: Նույնիսկ կոնկրետ հասցե նշվեց (16-րդ շենքի հարակից տարածք), թե որտեղ է խմելու ջրի խողովակաշար լցվում կոյուղու ջուրը: Հիմա հերթը Խարբերդ գյուղինն է. այստեղ դեռեւս 9 բնակիչ է թունավորման կասկածով հիվանդանոց տեղափոխվել: Պատճառները պաշտոնապես ճշտված չեն, բայց Նոր Խարբերդի գյուղապետը լրագրողներին ասել է, որ դեպքից առաջ ջրամատակարարման ընդհատում է եղել: Մեր բնակավայրերի ներքին ցանցերի վիճակը բոլորին է հայտնի: Խողովակները ծակծկված են, եւ դրանցից ջուրը մշտապես դուրս է հոսում: Բավական է ջրամատակարարումը դադարի, եւ խողովակաշար սկսում է հետ հոսել գետնի տակ կուտակված ջուրը, որն արդեն պիտանի չէ խմելու համար: Ջրամատակարարման վերսկսվելուց հետո այդ աղբաջուրը խողովակներով հասնում է սպառողին: Նախկինում ինչ-որ իմաստով դրա լուծումը կար: Ցանկացած մարդ գիտեր, որ վթարից հետո (կամ նույնիսկ գրաֆիկային միացումից) ծորակի ջուրն անմիջապես չի կարելի օգտագործել: Հետեւաբար` որոշ ժամանակ սպառողները ծորակը բաց էին թողնում, մինչեւ կեղտաջրերը հոսեին: Հիմա այդպես չէ: Ամեն խողովակի վրա ջրաչափեր են տեղադրված: Սպառողները գիտեն, որ այդ անհրաժեշտ գործառույթի համար հոսող ջրի վարձն իրենք մուծելու են: Գիտեն ու ծորակը բաց չեն թողնում: Այստեղ-այնտեղ բռնկվող վարակներն ու համաճարակները դրա արդյունք են: Նույնիսկ տարիներ առաջ, երբ վարակվել էր Արաբկիր համայնքին մատակարարվող ջուրը, բնակիչները սիմվոլիկ փոխհատուցում ստացան: Հետեւաբար` փոքր թաղամասերի բնակիչները գիտեն, որ փոխհատուցման իրենց պահանջները չեն բավարարվելու: Գիտեն եւ երբեք ոչ բողոքում են, ոչ էլ որեւէ հայց ներկայացնում: Ըստ մամուլի հրապարակումների` արդեն մոտ մի շաբաթ է` Կապան քաղաքին մատակարարվում է պղտոր ջուր: Ա՛յ հենց այս փաստի վերլուծությունը «Հայջրմուղկոյուղի» ընկերության տնօրենի կողմից չափազանց ինքնատիպ էր: Տարընթերցումից խուսափելու համար միանգամից նշեմ, որ հաջորդ նախադասությունը բառացի մեջբերում է տնօրեն Պատրիկ Լորենի խոսքից: «Մարդկանց մոտ շփոթմունք կա ջրի որակի հետ կապված, գարնան այս ձնհալից հետո այն ջուրը, որ մենք մատակարարում ենք, հնարավոր է` լինի պղտորված, բայց այն մաքուր խմելու ջուր է»: Դե, հիմա այս միտքը համադրեք խմելու ջուր արտահանելու մեր երբեմնի ծրագրերի հետ: Համադրեք ու մի հուզվեք, որովհետեւ «Հայջրմուղկոյուղու» մասնագիտական տեսանկյունից մեզ մատակարարվող խմելու ջուրը կարող է եւ պղտոր լինել: Պատրիկ Լորենը նաեւ բացատրել է, որ իրենք պատրաստվում են անհրաժեշտ սարքավորումներ ներկրել եւ խողովակաշարերը փոխել: Բայց ոչ հիմա: Կարելի է ենթադրել, թե մենք իտալական ու ֆրանսիական ընկերություններին ստիպել ենք կառավարման վերցնել Հայաստանի ջրմուղկոյուղու ցանցը: Եվ այդ ընկերությունները բարեգործություն են անում` այն կառավարելով: Հետեւաբար` պարտավորություն չունեն ջրի որակի ապահովման հարցում: Խոստանում են կեղտաջրերը մաքրող կայաններ տեղադրել նախ Դիլիջան եւ Ջերմուկ քաղաքներում: Հետո նոր մյուսներով կզբաղվեն: Ջրմուղի տնօրենը չի թաքցրել իր գերատեսչության ձգտումը` բարձրացնել ջրի սակագինը: Մեր հանձնաժողովը չի թույլատրել: Բայց պետական մյուս օղակներին հավանաբար չի հետաքրքրում, թե որքանով է ջրմուղը կառավարող ընկերությունը կատարում իր ներդրումային պարտավորությունները: Սա եզակի փաստ չէ, այլ մեր իշխանություններին խիստ բնորոշ գործելաոճ:

«Լինսի» հիմնադրամով նորոգված ու քանդուքարափ դարձած փողոցների, ճանապարհների օրինակը բոլորի աչքի առջեւ է: Բայց ջրի պարագան այլ է: Հավանաբար համաճարակաբանները գիտեն, թե քանի մարդու թունավորման դեպքում է կատարվածը որակվում համաճարակ: Իրավաբաններից ոմանք էլ հաստատ պիտի իմանան, թե ինչ պատասխանատվություն է առաջանում համաճարակի դեպքում, եւ ով է կրում այդ պատասխանատվությունը: Մի քանի օրվա ընթացքում նախ` 56 մարդ թունավորվեց, ապա` եւս 9-ը: Հասարակությունը պատասխան չստացավ ոչ մի դեպքի մասին: Հանրապետության սանիտարահիգիենիկ ծառայությունների ղեկավարությունը լռում է: Մինչդեռ շատ հետաքրքիր կլիներ լսել, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ գլխավոր համաճարակաբանը հարգարժան Պատրիկ Լորենի միտքը. «Ջուրը, որ մենք մատակարարում ենք, հնարավոր է` լինի պղտորված, բայց այն մաքուր խմելու ջուր է»: Իսկապե՞ս պղտոր ջուրը կարելի է մաքուր համարել ու այն հայտարարել «խմելու ջուր»: