«Ոչ» մակագրությամբ, ծիրանագույն դրոշներով զարդարված ընդդիմության ավտոշարասյունը սահմանադրական բարեփոխումներին դեմ քվեարկելու քարոզարշավով երեկ մեկնել էր Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր: Աբովյան, Հրազդան քաղաքներում եւ դրանց հարակից գյուղերում ընդդիմության ներկայացուցիչները բավարարվեցին միայն քաղաքով՝ շրջելով ու թռուցիկներ բաժանելով, իսկ Սեւանում եւ Չարենցավանում նրանք հանրահավաքներ արեցին:
Սեւանում ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանը շուրջ 2000 մարդ էր եկել: Ինչպես մեզ պատմեց այդ քաղաքի բնակիչներից մեկը, որը հասկանալի պատճառներով խնդրեց իր անունը չհրապարակել, նախորդ օրը ոստիկանները թաղ առ թաղ «մշակման էին ենթարկել» բնակիչներին՝ պահանջելով հանրահավաքի չգնալ: Երեկ սեւանցիներից փորձեցինք հետաքրքրվել, թե նրանք որքանով են ծանոթ ներկայացվող սահմանադրական փոփոխություններին: Բացառությամբ թերեւս մեկ-երկուսից (որոնք, ինչպես հետո իմացանք, ՀՀԿ Սեւանի տարածքային կազմակերպության անդամներ են եւ հավանաբար այդ պատճառով են կողմ քվեարկելու սահմանադրությանը), հարցված բնակչության մեծամասնությունը ծանոթ չէր ներկայացվող սահմանադրական փոփոխությունների բովանդակությանը:
«Ոչ ծանոթ եմ, ոչ էլ ուզում եմ ծանոթանալ: Պետք է գնամ ու «ոչ» ասեմ: Որ օրական մի սահմանադրություն ես փոխում, դրանից եղանակն էլ է՞ փոխվում: Չէ՛, պետք է իշխանություններին փոխել, որ կարողանանք նորմալ ապրել: Ես ութ հազար դրամ թոշակով ո՞նց ապրեմ»,- ասում է Սեւանի բնակիչ, թոշակառու Քնարիկ Ավանեսյանը: Իսկ Ղարաբաղյան պատերազմի մասնակից Արմո Առաքելյանը, որ նույնպես ծանոթ չէր ներկայացվող սահմանադրական փոփոխություններին, գտնում է, որ նախ եւ առաջ մայրաքաղաքի բնակիչները պետք է «ոչ» ասեն ու իրենց «ոչ»-ին տեր կանգնեն, որպեսզի արդյունք ստանան: «Երեւանի քաղաքացիները իրենք պետք է պայքարեն՝ քաղաքացիական ընտրության համար, քանի որ այնտեղ է կենտրոնացված ամբողջ մտավորականությունը, ուսանողությունը, ազգի սերուցքը: Եթե իրենք պայքարեցին, իրենք «ոչ» ասացին, ապա հանրաքվեն իրոք «ոչ» է լինելու, թե չէ մեզանով հարց չի լուծվում»,- իր տեսակետն այսպես է հիմնավորում Ա. Առաքելյանը: Սահմանադրական փոփոխությունների բովանդակությունից անտեղյակ էր նաեւ Չարենցավանի բնակիչների մեծամասնությունը: Ի դեպ, այստեղ ոստիկանները փակել էին հարեւան գյուղերից այնտեղ եկող ճանապարհներն ու մարդկանց թույլ չէին տվել գալ ընդդիմության կազմակերպած միջոցառմանը: Բացի այդ, այստեղ ոստիկանները փակել էին նաեւ հրապարակ տանող փողոցները, իսկ մի քանիսին էլ մեր աչքի առաջ, համոզելով ետ վերադարձրին իրենց տները: Փոխարենը, աշխատասենյակների պատուհաններից միտինգին ակտիվորեն հետեւում էին քաղաքապետարանի աշխատակիցները: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում առաջին մարզպետ, այժմ` Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր համերկրացիներին հիշեցրեց, թե իր պաշտոնավարման օրոք ոնց են գործարաններ կառուցել: Բայց այսօր եթե այդ գործարանները չեն գործում, ժողովուրդը թշվառության ու աղքատության մեջ է, ապա դրա պատճառն ամենեւին էլ գործող սահմանադրությունը չէ, այլ պատճառն այսօրվա իշխանություններն են: Ինչ վերաբերում է ընդդիմության մյուս ներկայացուցիչների ելույթներին, ապա նրանք հիմնականում անդրադառնում էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախօրեին Երեւանի Պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտքերին: Պատասխանելով Ռ. Քոչարյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունն այսօր ուղղակի յուղ է վառում, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կտրականապես հերքեց այդ փաստը. «Յուղ չէ, ամենաորակյալ ավիացիոն կերոսին ենք վառում: Յուղը դուք եք վառում, որ այդպես էլ չեք կարողանում Հայաստանը որեւէ տեղ հասցնել»:
Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն էլ, դիմելով հավաքված ոստիկաններին, հարցրեց, թե արդյո՞ք նրանք վատ չեն զգում, երբ իրենց գլխավոր-գերագույն հրամանատարն այդպիսի երկրի ղեկավարին անհարիր արտահայտություններ է անում: «Երկրի ղեկավարը հենց առաջին օրվանից ինչի՞ մասին է խոսում՝ կլիզմաներից, վատ պարողին խանգարող հանգամանքներից, Ղարաբաղի իր «Զապորոժեցն» է հիշել, յուղ է վառում…»,- հայտարարեց «Հանրապետության» նախագահը: Ռ. Քոչարյանը ԵՊՀ-ում նաեւ հայտարարել էր, որ եթե սահմանադրությունը չանցնի, ապա դրանում ոչ մի վատ բան չկա, ինքը հրաժարական չի տալու եւ շարունակելու է պաշտոնավարել: «Դրանից այն կողմ «պադոշություն» ես չեմ պատկերացնում»,- զարմացել էր Արամ Զ. Սարգսյանը: Վերջինս հեռակա կարգով Քոչարյանին սկսեց բացատրել, թե ինչ է նշանակում իր ներկայացրած սահմանադրության տապալումը: Ըստ այդմ, Սահմանադրության «ոչ»-ը նշանակում է, որ իշխանություններին ոչ ոք այլեւս չի վստահում, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում «փոքրամասնություն է, մենակ է մնացել ու անհապաղ պետք է հեռանա»: «Սահմանադրության հանրաքվեն` որպես քաղաքական գործընթաց, օգտագործվելու է ռեժիմին դեմ ասելու եւ նրանց հեռացնելու համար: Նոյեմբերի 27-ին բոլորդ այսպիսի շարասյունով գալու-մտնելու եք Երեւան: Ու սա լինելու է իշխանությունների վերջի սկիզբը»,- կոչ արեց Ա. Սարգսյանը: Երեկ հանրահավաքին Ա. Սարգսյանը մի շատ կարեւոր բացահայտում արեց: Վերջինս հաստատեց Ռ. Քոչարյանի այն պնդումները, թե ընդդիմությունը նրան շատ է սիրում եւ չի ուզում, որ նախագահի լիազորությունները պակասեն: «Այո, սիրում է, բայց հեռվից… շա՜տ հեռվից է սիրելու: Ասում էր՝ դուրս է գալիս, որ կոալիցիան է իր հակառակորդը: Բա Արտաշես Գեղամյանը ի՞նչ է ասում, ասում է՝ ցրեք էդ կոալիցիային, իրենք քեզ չեն սիրում»,- կոալիցիան ցրելու կոչ արեց նա: Ի դեպ, երեկ ժողովուրդն ընդդիմությունից հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ իրենց հետ չեն ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը: Պատասխանելով ժողովրդի այդ հարցին, Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ այսօր ընդդիմությունը պառակտված չէ: Իսկ «Արդարության» եւ ԱՄ-ի հետ իրենք կմիանան պայքարի վերջին փուլում: