12 տարեկան Նարեկը հետաքրքիր մարդ է: Իր ձեռքերով պինդ կտորից մի մեծ պարկ է կարել, մեջն ավազ է լցրել ու պարանով կախել է տան բակում: Ժամանակ առ ժամանակ բռունցքներով հարվածում է: Վերջին անգամ այնքան կատաղած է հարվածել, որ բռունցքներն արյունլվա են եղել: Ամեն երեկո Նարեկը պինդ գրկում է մորն ու մշտապես նույն հարցն է տալիս` «Մա՛մ, եթե դու չլինեիր` ես ի՞նչ էի անելու»: Մայրը` Մարիամն, այս հարցից շփոթված` երկար լռում է: Նարեկը բնազդաբար գաղտնիքի «հոտ» է առնում, բայց մայրն այնքան ջերմությամբ է նրան գրկում ու համբույրներով շոյում, որ տղան մոռանում է այն անհասկանալի զգացումը, որն ունենում է այդ հարցը տալիս: Մարիամը չի համարձակվում գաղտնիքը բացահայտել, վախենում է: «Մեկ-մեկ ֆիլմեր են ցույց տալիս մանկատան, որբ երեխաների կյանքի մասին: Շատ ա տխրում, մի տեսակ հուզվում ա անկախ իրանից: Հասկանո՞ւմ եք, դեռ փոքր ա, ժամանակը չի: Մի երկու տարի էլ… մի քիչ էլ թող մեծանա, հակառակ դեպքում` էդ շոկից դուրս չի գա»,- ասում է Մարիամը` ինքն իրեն մշտապես ժամանակ տալով: Ամեն անգամ Մարիամն ասում է` թող մի քիչ էլ մեծանա, բայց Նարեկը մեծանում է, ու գաղտնիքը բացահայտելն ավելի դժվարանում է: Գաղտնիքն այնպես է ծանրացել Մարիամի սրտում, որ որքան ժամանակ է անցնում, այնքան իր մեջ եղած պատմությունը բացահայտելու ուժը կորցնում է: «Մա՛մ, ինչի՞ քույրերիս ազգանունը Հովակիմյան ա, իսկ իմը` Մայիլյան»,- ամեն տարի հասունանալու հետ մեկտեղ` ավելի հաճախակի է հնչում Նարեկի այս հարցը: Մայրը կրկին ստում է, ասելով` «Քո ազգանունը փոխել եմ, որ նպաստ ստանամ»: Նարեկը ձեւացնում է, թե հավատում է, իսկ Մարիամն այնպես է հոգնել ստելուց: Մի օր ճշմարտությունը շուրթերից դուրս կգա, բայց չգիտի` սո՞ւտն էր ավելի լավը, թե՞ ճշմարտությունը, որը Նարեկի հետ մեծանում, Նարեկի կողքով անցնում է ու ավելի անհամբեր է դառնում:
Լուսանկարը եղբոր հետ թաղեցին
«Էն ժամանակ Հարավ-արեւմտյան թաղամասում էինք ապրում: Մորս ու երկու աղջիկներիս հետ էինք: Հարեւաններ ունեինք: Մի դժբախտ աղջիկ էր` Աիդան: Արդեն 40 տարեկան էր, ամուսնացած չէր: Եղբոր ու նրա ընտանիքի հետ էր ապրում, ծնողներն էլ մահացել էին: Եղբայրը շատ էր հալածում: Ինքը մենակ էր, շատ մենակ ու դժբախտ աղջիկ, մեր ընտանիքի հետ շատ մտերիմ էր: Էպիլեպսիայով հիվանդ էր, բայց նորմալ էր վիճակը, շատ լավ աղջիկ էր»,- պատմում է Մարիամն` ասելով, որ Աիդան շատ էր կիսվում իր մոր հետ: Վերջին տարիներին այլեւս հույս չունենալով երբեւէ ամուսնանալ` Աիդան Մարիամի եւ նրա մոր հետ կիսվելով ասել է, որ ցանկանում է երեխա ունենալ: Նրանց հայտնել է եղբոր ընտանիքի կողմից իր որոշումը դատապարտելու, իր վախերի մասին, եւ որոշել է իր մտադրության մասին նրանց չասել: Մարիամն ու մայրը բազմիցս Աիդային հորդորել են երկար մտածել` հասկանալով, որ վերջինիս եղբայրը ծայրահեղ քայլերի կգնա. «Մենք գիտեինք, որ եղբայրները նրան կսպանեն, եթե իմանան: Մի եղբայրն էլ Ալավերդիում էր ընտանիքի հետ ապրում: Իսկ էս մեկը օր ու արեւ չէր տալիս չամուսնացած քրոջը: Նա ինձ ու մորս խնդրում, աղաչում էր, ասելով` եթե երեխա ունենամ, դուք ինձ կօգնե՞ք: Մայրս շատ էր սիրում նրան»: Մի խոսքով, Աիդան հղիացել է, այն դեպքում, երբ նման հիվանդության պարագայում հղիությունը շատ ռիսկային է եւ հաճախ չի էլ թույլատրվում: «Երբ փորը մեծացավ` եղբայրն իմացավ: Ահավոր վեճեր էին լինում. Մարիամին ասում էր` երեխուդ կսպանեմ, դանակը կդնեմ բարձիդ տակ, կասեմ` գժվել, սպանել ես, որ քեզ բռնեն գժանոց գցեն, քեզ հանելու եմ դուս քցեմ, որ ինձնից տուն չպահանջես: Շատ ահավոր բաներ էին կատարվում իրանց տանը: Աիդան շատ էր վախենում, գալիս էր մեր տուն, երկար մնում էր, գնում էր տուն ու նորից վախից գալիս էր»,- պատմում է Մարիամն` ասելով, որ ինքն ու մայրը շատ են խղճացել Աիդային, քանի որ հղիության ամիսներին նա շատ ծանր սթրեսներ է ապրել: Մի օր էլ Աիդան հուսահատ վիճակում գնացել է Մարիամենց տուն ու խնդրել է թույլ տալ իրենց տանը որոշ ժամանակ մնալ: Մի քանի ամիս անց Աիդան ծննդաբերել է եւ տեղափոխվել է Մարիամենց տուն, որտեղ նրան եւ երեխային խնամել են ընտանիքի անդամի հոգատարությամբ: Երեխայի ծնունդից հետո Աիդան շատ թույլ ու հյուծված է եղել, անգամ ի զորու չի եղել երեխային գրկել: «Շատ էինք խղճում նրան, հասկանո՞ւմ եք, շատ դժբախտ ու անօգնական էր: Մերժված հարազատների կողմից: Ծննդաբերությունից հետո ինքը այնքան տկար էր, որ երեխային մենք էինք խնամում, չէր կարողանում կերակրել, բայց, իհարկե, ման էր գալիս, նորմալ հաց էր ուտում, ուղղակի շատ թույլ էր: Ընդ որում, ծնունդից հետո նոպաներ չէր ունեցել, ու շատ ուրախ էինք դրա համար»,- ասում է Մարիամը: Երեխայի վեց ամսականը լրանալուց հետո մի օր Աիդայի ինքնազգացողությունը շատ վատանում է: Շտապօգնություն են կանչում, բժիշկները դեղորայք են նշանակում ու հեռանում: Դեղորայքն օգտագործելուց հետո Աիդան կրկին իրեն լավ է զգացել: Մի օր էլ… «Մի շաբաթ էր անցել: Ասեց` ուզում եմ լողանալ: Ասեցի` հաց կեր` նոր: Հաց կերավ, մտավ բաղնիք: Դմփոց լսեցինք: Վազեցինք, բաղնիքի դուռը բացեցինք, տեսնենք` ի՞նչ…»: Աիդային լոգարանում մահացած են գտել: Դիահերձարանում անգամ տեղեկացրել են, որ լողանալիս` դեռեւս կանգնած վիճակում, նա մահացած է եղել: Մահվան պատճառը` սուր արյան զեղումն է եղել: Դեռ մեկ շաբաթ առաջ, երբ Աիդան ողջ է եղել, Մարիամին ասել է` «Ուզում եմ մի թուղթ գրել, որ ես ի վիճակի չեմ երեխայիս խնամելու եւ իմ կամքով հանձնում եմ ձեր ընտանիքին»: Մարիամը հուզվելով, Աիդային հորդորել է` «Մենք ամեն ինչ կանենք, որ դու առողջանաս ու երեխայիդ ինքդ խնամես: Քեզ ոչինչ չի պատահի, մի վախեցի»: Աիդայի մահը հանկարծակիի է բերել եղբայրներին: Նրա հուղարկավորության ժամանակ Ալավերդիում բնակվող եղբայրը խեղդվելով` Մարիամից խնդրել է քրոջ լուսանկարն իրեն տալ: Քրոջ դիակը տեղափոխելուց հետո նա քուն ու դադար չի ունեցել, աննկարագրելի տանջվել է: «Շատ խղճացի: Մի նկար ունեինք երեխայի հետ, դա էլ տվեցի եղբորը: Եղբայրները մեղքի զգացում ունեին»,- ասում է Մարիամը: Աիդայի «յոթի» օրը Ալավերդիում բնակվող եղբայրը ինֆարկտ է ստացել ու մահացել: Աիդայի լուսանկարը հարազատները դրել են նրա դագաղի մեջ, ու քրոջ հետ կատարվածի համար իրեն դատապարտող եղբայրը մահանալով` քրոջ լուսանկարը իր հետ տարել է էն աշխարհ:
Ուզում էր երեխային 2000 դոլարով վաճառել
Իրար ետեւից արձանագրված մահվան դեպքերից հետո Ոստիկանության աշխատակիցները լցվել են Մարիամենց տուն, որտեղ դեռեւս գտնվել է Աիդայի երեխան: «Ուզում էին մանկատուն տանել: Մենք էլ էնքան էինք կապվել երեխային, ախր մենք ենք համարյա պահել, խնամել: Առավոտից իրիկուն Ոստիկանությունը մեր տանն էր: Մայրս շատ էր տանջվում, չէր ուզում իր պահած երեխան մանկատանը հայտնվի: Մանավանդ որ, Աիդային խոստացել էինք օգնել ու գիտեինք նրա դժբախտ կյանքի մասին: Աիդան մեզ չէր ների, եթե իմանար, որ…»,- ասում է Մարիամը, ով որոշել է ամեն գնով երեխային պաշտպանել եւ թույլ չտալ նրան մանկատան խնամքին հանձնել: Դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: Այն ժամանակվա ղեկավար Աղվան Գրիգորյանը տեսնելով տիկնոջ սրտացավ վերաբերմունքը` հորդորել է դիմել դատարան եւ ճանաչվել որպես խնամակալ. «Մեր բախտը բերել էր, որ Ոստիկանության բաժանմունքը գտնվում էր մեր շենքի առաջին հարկում: Աշխատակիցները շատ լավ գիտեին, որ երեխային մենք ենք պահել, խնամել: Մորը` նույնպես, ու հարեւաններն էլ քաջատեղյակ են եղել, որ մենք Աիդային տիրություն ենք արել»: Ինչեւէ, դատարանը վճռել է երեխայի խնամակալությունը հանձնել Մարիամ Վարպետյանի մորը, որի մահվանից հետո էլ` Մարիամին, ով երկու աղջիկ ունի եւ Աիդայի որդուն էլ մինչեւ օրս խնամում է հարազատ երեխայի նման: «Աիդայի մահից որոշ ժամանակ անց հայտնվեց այն եղբայրը, որի տանն ապրում էր Աիդան: Ինձ ասում ա` մարդ եմ ճարել, որ 2000 դոլարով երեխային առնի: Իմ եղբայրն էլ ներկա էր, ուզում էր մի լավ ծեծ տար, թույլ չտվեցի: Տանից դուրս վռնդեցի ու ասեցի` էլ չերեւաս»,- պատմում է Մարիամն` ասելով, որ եղել են դեպքեր, երբ փողոցում պատահաբար հանդիպել են նրանք, սակայն երեխայի հարազատ քեռին երեսը շրջելով` չի ցանկացել տեսնել քրոջ որդուն:
Ո՛չ մանկատներին
Ներկայումս Մարիամ Վարպետյանն իր հարազատ երկու աղջիկների եւ Նարեկի հետ բնակվում է Արարատի մարզի Խաչփար գյուղում: Նարեկը ոչինչ չգիտի հարազատ մոր եւ նրա հետ կատարվածի մասին: Կարծում է` Մարիամը հարազատ մայրն է, քույրերը` նույնպես: Մարիամը հաճախ աղջիկներին զրկանքների մեջ պահելով` փորձում է ամեն ինչ անել Նարեկի համար: Ասում է` «Շատ եմ սիրում Նարեկին: Աղջիկներն էլ, բայց հասկանում եմ, որ պիտի ճիշտն իմանա: Երբ փոքր էր, մտածում էի` ճիշտ կլինի, որ մեծանա` նոր իմանա: Հիմա, երբ մեծանում ա` մտածում եմ` ճիշտ կլիներ, փոքր տարիքում իմանար, որ շատ բան չհասկանար: Չգիտեմ, երեւի արդեն շուտով: Մի երկու տարի էլ թող մեծանա, որ կարողանա հաղթահարել: Նարեկը կարծում ա` ես իրենով հղիացել եմ, իրան ես եմ ծննդաբերել ու հարազատ մայրն եմ: Եթե իմանա… չգիտեմ, չեմ կարում պատկերացնեմ` ինչ ա լինելու»: Մարիամը ներկայումս մեծ դժվարությամբ է մեծացնում երեխաներին: Նախկինում տոնավաճառում 2000 դրամ օրական աշխատավարձով առեւտուր էր անում, սակայն հիմա տաղավարն այլ անձի են հատկացրել: Գործազուրկ է առայժմ: Ապրում են 19.000 դրամ աղքատության նպաստով: Պետությունը երկկողմանի ծնողազուրկ Նարեկին հատկացնում է 12.500 դրամ նպաստ: Մարիամն ասում է, որ ուսումնական տարին մեկնարկելիս հայտնվում է անելանելի դրության մեջ. «Դպրոցը ոչնչով չի ընդառաջում, անգամ գրքերի գումարի հարցում»: Մարիամն ասում է, որ պարբերաբար հայտնվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր տեղյակ են այս պատմությանը, նկարում են Նարեկին, տվյալները հավաքագրում են եւ հեռանում են. «Մարդ արդեն չգիտի` ինչ մտածի: Ասում են` պիտի հովանավոր գտնենք, ուղարկում ենք արտասահման, բայց տվյալները վերցնելուց հետո էլ չեն երեւում: Ինձ համար էլ դժվար ա, որովհետեւ չգիտեմ` երեխային ո՞նց խաբեմ»: Մարիամ Վարպետյանի հավաստմամբ` երկկողմանի ծնողազուրկ Նարեկին պետությունը, բացի այդ 12.500 դրամից, որեւէ այլ բանով մինչ օրս չի աջակցել: «Ես սրտանց, բոլոր դժվարությունները հաղթահարելով` մեծացնում եմ Նարեկին, բայց որպես խնամակալ` որեւէ աջակցություն չեմ ստանում: Պատկերացրեք, գազի խողովակաշարը հասցրել են մինչեւ տան բակ, բայց գումար չկա, որ մինչեւ տուն հասցնեմ: Ձմռանը փայտ ենք վառում: Եթե պետությունն ինձ ձեռք մեկներ…»: Եթե պետությունը ձեռք մեկներ` Նարեկը Մարիամի ընտանիքում հրաշալի ապագա կունենար ու հաստատ մի օր Մարիամին շնորհակալություն կհայտներ մանկատան դռները չբացելու համար: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, արդեն տեւական ժամանակ է, մանկատների բեռնաթափման ծրագրերի մասին հայտարարություններ է անում: Փորձում է ներդնել խնամատար ընտանիքի ինստիտուտի մոդելը: Այս ձեւաչափով պետությունը փորձելու է մանկատան երեխայի խնամքը հանձնել որեւէ ընտանիքի` փոխհատուցելով խնամքի ծախսերը: Սրանք առայժմ խոսակցություններ են: Այս մոդելը մեր երկրում ներդնելու հեռանկարը նույնքան մշուշոտ է, որքան Մարիամի նման մեծահոգի մարդկանց համար անհավատալի է, որ պետությունը երբեւէ ձեռք կմեկնի այն ընտանիքներին, որոնք առանց պայմանի կատարում են պետության պարտականությունը:
Նարեկն առայժմ մանկատան մասին տեղեկանում է ֆիլմերից, որոնք նայելիս` բնազդաբար շատ է հուզվում ու սկսում է հարցերի տարափ տեղալ: Մարիամն առայժմ կարողանում է ստի միջոցով պաշտպանել Նարեկին, բայց զգում է, որ այլեւս չի կարող խաբել մի մարդու, ում սիրում է սեփական երեխաների նման:
Հ.Գ. Այս պատմությունը լուսաբանելիս մենք բազմիցս փորձել ենք Մարիամ Վարպետյանի հետ ճշտել, թե արդյո՞ք կոռեկտ է Նարեկի հետ կապված գաղտնիքը բացահայտել թերթի միջոցով: Մենք նրան առաջարկել ենք տղայի անունը փոփոխված ներկայացնել, լուսանկարն անճանաչելի դարձնել, սակայն Մարիամն ինքն է ցանկացել հրապարակումը տպագրել ճշգրիտ տվյալներով: