Վիճակն ավելի վատ է

15/06/2011

Թուրքիայում պետք է ազատորեն արտաբերվի «ցեղասպանություն» տերմինը: Այս մասին գերմանական «Frankfurter Allgemeine Sonntagszeitung» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Դատավորների եւ դատախազների միության նախկին նախագահ, Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ամենամեծ ընդդիմադիր կուսակցության (ԺՀԿ) անդամ Էմինե Ուլքեր Թարհանը, ով 135 ԺՀԿ-ականների հետ միասին` տեղ է զբաղեցնելու Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում: Հարցազրույցին նա խոսել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին` ընդգծելով, որ երկրում վիճակն ավելի ահավոր է, քան 1980թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ժամանակ: Էմինե Ուլքեր Թարհանը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարության օրոք երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, լրագրողների ձերբակալությունները: «Թուրքիայում 1980-1996թթ. տեղի են ունեցել մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր: Մենք պետք է առերեսվենք այդ իրավիճակի հետ: Անցյալում շատ վատ օրեր ենք տեսել, սակայն մեր օրերում ավելի վատ բաներ են տեղի ունենում»,- ասել է թուրք խորհրդարանականը` ընդգծելով, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները շարունակում են սահմանափակել մարդկանց հիմնարար ազատությունները: «Մեր օրերում իշխանությունը կիրառում է ճնշման ավելի նուրբ մեթոդներ եւ զրպարտանքի միջոցով սահմանափակում է մարդկանց գաղափարները: Սակայն ավելի մեծ է այդ նուրբ մեթոդների թողած ազդեցությունը, քան կոշտ ճնշման կիրառումը: Օրինակ, 2007թ. սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի դեպքը: Մեր կառավարությունը պնդում է, թե ժողովրդավարությունն ուժեղանում է: Եթե այդպես է, ինչո՞ւ չեն դատապարտվում այդ սպանության մասին նախապես իրազեկված եւ դրա կանխման համար որեւէ քայլ չիրականացրած որոշ պետական պաշտոնյաներ»,- ասել է Էմինե Ուլքեր Թարհանը։