Կոլեկցիոներությամբ զբաղվելը չափազանց բարդ եւ մտավոր հագեցած աշխատանք է: Դա բոլորին չէ, որ տրված է: Դրա համար ցանկություն եւ փող ունենալը քիչ է: Դա անձի գոյության հատուկ տեսակ է, որտեղ խաչաձեւվում են տարբեր անձնային, մշակութային, քաղաքական եւ այլ բաղադրիչներ: Դիտմամբ սկսեցի հենց այս մտքից, որպեսզի հասկանալի լինի, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս երկրներում այսօրվա կոլեկցիոներները մեծ փողեր ունեցող մարդիկ են, որոնք, սակայն, թույլ պատկերացում ունեն մշակույթի, մասնավորապես` ժամանակակից գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, ինչպես նաեւ` հնաոճ իրերի մասին առհասարակ: Այնինչ հավաքածու ստեղծելը չի սահմանափակվում միայն արվեստի այդ առարկաներով: Հաճախ կոլեկցիոներն ինքն է այս կամ այն առարկայից ստեղծում իր հավաքածուն` այն դարձնելով ոչ միայն հանրահայտ, այլեւ նյութական արժեք ունեցող: Օրինակ` գոյություն ունի փոստային ծրարների շատ հայտնի եւ հարուստ հավաքածու, որտեղ նամակ ուղարկողներն ու ստացողները կոլեկցիոների տեսակետից մեծագույն գրողներ են, որոնք սեփական ձեռքով են լրացրել այդ ծրարները: Պատկերացնո՞ւմ եք. թե համացանցի առկայության պայմաններում որքան է բարձրացել այդ եզակի հավաքածուի արժեքը: Ավելի քան տասը տարիների ընթացքում ամենատարբեր մակարդակներով ես բարձրացրել եմ այս հարցը: Գրել եմ հոդվածներ, հավաքել մշակույթի նշանավոր գործիչների ավելի քան 30 ստորագրություններ եւ ուղարկել ՀՀ երկրորդ նախագահին ու վարչապետին: Դրանից հետո Հայ կոլեկցիոներների միություն ստեղծելու մասին ռուսական հեղինակային ճենապակու իմ սեփական հավաքածուի ցուցահանդեսի ժամանակ ես անձամբ զրուցել եմ մեր երկրի Առաջին տիկնոջ հետ: Սակայն ամեն ինչ ապարդյուն անցավ:
Մեզ համար դաս չեղավ Ս. Աբամելիք-Լազարեւի, Գ. Գյուլբենկյանի նշանավոր հավաքածուների, Գ. Զամբախչյանի նկարների հրաշալի հավաքածուի լավագույն մասի կորուստը: Հրաշալի մի մարդու, քաղաքացու` ակադեմիկոս Արամ Աբրահամյանի ջանքերի շնորհիվ Երեւանը նվեր ստացավ մի հիանալի թանգարան` ռուսական գեղանկարչության առաջնակարգ հավաքածուով: Արամ Աբրահամյանը Երեւանի, մեր ազգային մշակույթի համար չափազանց կարեւոր քայլ արեց: Սակայն սա միակ դեպքն է: Հայ կոլեկցիոներները հարստացրել են ամերիկյան, եվրոպական, ռուսական շատ ու շատ թանգարաններ… Ավելին` հարստացրել են ուրիշ երկրների ու ժողովուրդների ազգային մշակույթը: Եվ սա` այն ժամանակ, երբ մեր ազգը կանգնած էր մեծ խնդրի առաջ` լինե՞լ, թե՞ չլինել: Իսկ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի իշխանությունները պատշաճ ուշադրություն չդարձրեցին, հետեւողական չեղան այդ հարցերում, եւ մենք կորցրեցինք հսկայական մշակութային եւ հոգեւոր արժեքներ: Այդ կորուստների թվարկումը կարելի է անվերջ շարունակել: Ի դեպ, միայն եւ միայն Սերգեյ Փարաջանովի եւ մի խումբ էնտուզիաստների հաստատակամությունը փրկեցին կինոռեժիսորի ստեղծագործությունները: Այն պնդումները, թե իբր կոմունիստական Մոսկվան թույլ չէր տալիս` անհիմն են: Եվ ահա թե ինչու:
Շուտով լրանալու է Հայաստանի անկախության 20 տարին: Եվ այս ողջ ժամանակահատվածում այս ուղղությամբ ոչ մի բան չի արվում: Ահա մի վառ օրինակ: Հավաքածու ստեղծելու գործի ջատագովներից մեկը` Մարկո Գրիգորյանը (ԱՄՆ), ով հրաշալի նկարիչ էր, իրանական արվեստի մի մեծ հավաքածու էր բերել Հայաստան, որտեղ արդեն «ժողովրդավարական» իշխանությունները նրան հավաքածուի համար տարածք էին խոստացել: Ավելի քան 15 տարի սպասելուց ու տանջվելուց հետո նրան սպանեցին ինչ-որ տականքներ: Այնինչ նա այնքա՜ն նվիրված էր իր գործին. ԱՄՆ-ում միավորել էր հայ կոլեկցիոներներին, արվեստի սիրահարներին եւ երազում էր Հայաստանում նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք եւս կարողանան իրենց հավաքածուները բերել Հայաստան կամ գոնե համագործակցել հայրենիքի հետ:
Այս պահին, երբ ես այս հոդվածն եմ գրում, Պետերբուրգում` Էրմիտաժում, ցուցադրվում է մի յուրօրինակ հավաքածու` ծագումով հայ ամերիկացի կոլեկցիոներ Թորգոմ Դեմիրջյանի անձնական հավաքածուից: Նա Էրմիտաժին է նվիրել ուրարտական շրջանի 150 առարկա, որից 30-ը ցուցադրվում են այս ցուցահանդեսում: Մենք կորցրեցինք մեր ազգային պատմության եւս մի կարեւոր բաղադրիչ: Իհարկե, մենք կարող ենք ուսումնասիրել այդ ցուցանմուշները եւ Էրմիտաժում, կարող ենք հպարտանալ, որ նրանք գտնվում են նման հռչակավոր թանգարանում, սակայն մենք ինքներս կարող էինք դրանք ներկայացնել աշխարհին, առավել եւս, որ դա մեր ազգային եւ դեռեւս մինչեւ վերջ չուսումնասիրված պատմության մի մասն է: Վերջին տասնամյակների ընթացքում մենք կորցրեցինք մի շարք մասնավոր հավաքածուներ` 1. Ն. Խարջիեւի` ռուսական ավանգարդի հավաքածուն (միայն Մալեւիչի 6 նկարներն ինչ ասես արժեին), 2. Երաժշտական հավաքածուն (այստեղ Ստրավինսկու «Ֆանտաստիկ սկերցոյի» պարտիտուրայի ձեռագիրն էր` 94 էջից բաղկացած), Բորոդինի ձեռագրերը, հատկապես Սեմյոնովի «Իշխան Իգոր» օպերայի մեջ չմտած արիաները, 3. Դ. Նալբանդյանի գեղանկարչական հավաքածուն, 4. Մարիետա Շահինյանի ձեռագրերի գրական հավաքածուն, 5. Լեւոն Լազարեւի` քանդակների հավաքածուն կամ Զավեն Արշակունու գեղանկարների հավաքածուն, Այվազովսկու նկարների հավաքածուն, եւ այլն: Իսկ Ջ. Գաֆեսճեանի հավաքածուն գտնվում է օդից կախված վիճակում… Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Եվ այս ամենը կարող էր իբրեւ նվիրատվություն տրվել Հայաստանին ու դառնալ ազգային կյանքի ինտելեկտուալ ուղենիշը, ինչպես դա եղավ 20-ականներին, երբ ստեղծվում էր Հայաստանի ազգային պատկերասրահը: Նման ակցիաներն ամրապնդում են մարդու հավատը իշխանությունների լուսավոր մտքի, արդարության եւ քաղաքացիների` համաշխարհային մշակույթի նկատմամբ ունեցած հետաքրքրության հանդեպ: Իբրեւ օրինակ` ասեմ, որ դեռ խորհրդային տարիներին Թբիլիսին Պաստեռնակի ժառանգներից հսկայական գումարով գնեց Բորիս Պաստեռնակի գրական արխիվի մի մասը: Սա շատ ճիշտ քայլ էր, այն կրում էր եւ հիմա էլ կրում է ոչ միայն մշակութային-գրական, այլեւ քաղաքական իմաստ:
Հայաստանում պետականության կայացման գործում ոչ մի ֆոնդ չէր կարող ավելի մեծ օգուտ բերել, քան այս եւ նման հավաքածուները, որոնք կհարստացնեին աշխարհի մասին ազգային պատկերացումները: Այդ հավաքածուները երկրին ու ժողովրդին վստահություն կներշնչեին (եւ, առաջին հերթին, սփյուռքին, որին վերջերս շատ են սիրաշահում), որ եթե այդ բոլոր հոգեւոր ու մշակութային արժեքները գալիս են Հայաստան, ուրեմն երկիրն ապագա ունի, ուրեմն հանրահայտ հայերը ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ երկրի իշխանություններին: Եվ սա նշան կլիներ այն բանի, որ երկիրն այլեւս չի ցանկանում ապրել առաջվա երեսպաշտ, կոռումպացված եւ կիսագրագետ կյանքով: Ասել է թե` գոյություն ունի մշակույթի բարձր նշաձող, Հայաստանի հասարակության տարբեր խավեր պատկերացում ունեն, թե ինչը սիրել, ինչը գնահատել, ինչն ուսումնասիրել ու քարոզել եւ ինչով հպարտանալ:
Հայ կոլեկցիոներները հավաքում են ոչ միայն արվեստի ոլորտի ազգային նվաճումները, այլեւ այլ ազգերի մշակույթի, արվեստի հրաշալի ստեղծագործություններ: Սա որոշում է ազգի, երկրի ինտելեկտուալ տոնուսը:
Երբ 1997-1998թթ. աշխատում էի Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների պետական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, տարբեր երկրների` մշակույթի հարցերով պատասխանատուներին առաջարկեցի անցկացնել ոչ միայն հայկական, այլեւ պարսկական ու ռուսական մշակույթի մեծ ցուցահանդեսներ: Ես դրանով աշխարհին ցույց էի տալիս, թե ինչպես են ազգն ու պետությունը վերաբերվում ինչպես սեփական, այնպես էլ այլ երկրների մշակույթին: Սրանով Հայաստանը` իբրեւ պետություն, աշխարհին ասում էր մեր տոլերանտության, մեր բարձր մտքի մասին` իբրեւ կոլեկտիվ կոլեկցիոներ, իբրեւ այլ մշակույթների ու ազգերի նրբաճաշակ գնահատող: Սրանով Հայաստանն ասում էր, որ մենք բաց ենք այն ազգերի ու նրանց մշակույթը ընկալելու համար, որոնք հյուրընկալ կերպով տրամադրում են իրենց սրահներն ու թանգարանները` մեր ազգային գանձերը ցուցադրելու համար: Եվ պատկերացրեք, որ այդ երկրները ցանկություն ունեցան մեզ մոտ` Հայաստանում, ներկայացնելու իրենց մշակութային գլուխգործոցները: Այդ ուղղությամբ իմ առաջարկները մի քանի անգամ բարձրացրեցին հոբելյանի, ինչպես նաեւ` մեր ազգային մշակույթի ստատուսը: Ավելի քան տասը տարի դրանից անց նույն բանն արեցին ֆրանսիացիները, երբ Ռուսաստանում Ֆրանսիայի տարվա բացման արարողության ժամանակ Մոսկվայում` Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի սրահներում, բացեցին իսպանացի մեծ նկարիչ Պաբլո Պիկասոյի գործերի ցուցահանդեսը նկարչի` Փարիզում գտնվող թանգարանի հավաքածուից: Հայկական մշակույթի կոլեկցիոներների եւ հայ կոլեկցիոներների միության ստեղծման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել: Նման միությունը, ըստ ստատուսի, պետք է գլխավորի կա՛մ երկրի Առաջին տիկինը, կա՛մ վարչապետը, քանզի իսկական կոլեկցիոներներից ոչ մեկը չի հավատա, որ ինքն ու իր գեղարվեստական արժեքները Հայաստանում ապահով կլինեն: Մենք ունենք Մարկո Գրիգորյանի, Բաժբեուկ-Մելիքյանի անհետացած նկարների բացասական օրինակը: Ասել է թե` երաշխիքներ են հարկավոր: Կոլեկցիոներները արվեստի մեծ նվիրյալներ են, եւ բնականաբար, չափազանց զգուշավոր մարդիկ են: Միությունը պետք է դառնա կոլեկցիոներներին միավորող հուսալի տարածություն, եւ նրանք միջնորդ կդառնան թանգարանների ու կոլեկցիոներների, գալերեաների ու նկարիչների միջեւ: Այս կապերը շատ են: Միությունը կարող էր կարգավորել նաեւ արվեստի շուկան, որն այսօր ցավալի վիճակում է, եթե անգամ ասենք, որ այն գոյություն ունի: