Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

15/06/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հելլադան` քաղաքացիական կռիվների բոցերում

Հին եւ նոր պատմության մեջ, երբ երկու կամ ավելի պետություն այլեւս չեն կարողանում պահպանել խաղաղ գոյակցության status quo-ն, բավական է լինում մի կայծ, մի փոքր միջադեպ, որպեսզի բռնկվի պատերազմի հրդեհը: Առաջին համաշխարհային պատերազմի համար նման ազդանշան հանդիսացավ կրակոցը Սարաեւոյում, Երկրորդ աշխարհամարտը սկսվեց վերմախտի կողմից լեհական ռադիոկայանի գրավումով: Իսկ Հունաստանի քաղաքացիական պատերազմի սանձազերծման համար շարժառիթ ծառայեց Պլատեայի միջադեպը, որն Աթենքի դաշնակիցն էր, կնշանակի` Սպարտայի թշնամին էր: 431 թվի մարտին Պլատեայի քաղաքացիներից մեկը, այսինքն` դավաճանը, որոնց առատությամբ Հունաստանը կարող էր մտնել Գինեսի գրքի մեջ, եթե այդպիսին լիներ հին աշխարհում, քաղաքի դարպասները բացեց Սպարտայի դաշնակից փիգալիական 300 հոգանոց հոպլիտների առաջ, որոնք վերջնագիր ներկայացրին տեղի իշխանություններին. փոխել իրենց քաղաքական ուղղվածությունը եւ մտնել Բեոտեական լիգայի մեջ, այլ կերպ ասած` հարել Սպարտային: Բնակիչների կամքին հակառակ` պաշտոնյաները համաձայնեցին, սակայն տեսնելով հոպլիտների փոքրաքանակությունը, կազմակերպեցին զինված դիմադրություն, շատերին սպանեցին եւ 180-ին գերի վերցրին: Հետո, իրենց հերթին, վերջնագիր ներկայացրին առավոտյան դեմ Պլատեա հասած փիգլիական գլխավոր զորքերի հրամանատարությանը. «Հեռացեք, հակառակ դեպքում գերիները կգլխատվեն»: Զորքերը հեռացան: Իսկ պլատեացիները երդմնազանց եղան եւ մահապատժի ենթարկեցին գերիներին` արդարանալով, թե իբր համաձայնագիրը պաշտոնապես չի վավերացվել: Հետո մոտեցան աթենքյան զորամիավորումները եւ Պլատեան առան պաշտպանության տակ: Սպարտան եւ Աթենքը պլատեական միջադեպը գնահատեցին որպես պատերազմի ազդանշան, քանի որ Երեսնամյա պայմանագրի երկու մասնակիցներ ռազմական գործողություններ ծավալեցին իրար դեմ: Երկու մայրաքաղաքներում կետերը դրվեցին «i»-երի վրա: Նրանք առանձին-առանձին փորձեցին դաշնակցել հունական չեզոք պոլիսների, Պարսկաստանի եւ օտար տերությունների հետ: Սպարտայի թագավոր Արքիդամիսը հսկայական բանակի գլուխն անցած շարժվեց Իսթմայից հյուսիս, զուգահեռաբար գործի դնելով լրտեսական եւ պրոպագանդիստական ծառայությունները` Աթենքում խուճապ եւ տագնապ առաջացնելու նպատակով: Հասնելով Ատտիկայի սահմանին, նա դեսպան ուղարկեց աթենքյան Ժողովրդական ժողով: Աթենքը չընդունեց դեսպանին եւ հայտարարեց, թե Սպարտայի հետ չի ուզում որեւէ գործ ունենալ, քանի նրա զորքերը չեն վերադարձել ելման դիրքեր: Հեռանալով` դեսպանը սպարտացուն հատուկ լակոնիկ ոճով ասաց. «Այս օրը կդառնա հույների համար մեծագույն դժբախտությունների սկիզբը»: Այն դարձավ թեւավոր խոսք դիվանագիտական լեքսիկոնում:

…Սպարտացիները սկսեցին ասպատակել Ատտիկան, իսկ Աթենքյան նավատորմը` ավերել Պելոպոնեսի առափնյա քաղաքները: 430 թ. Սպարտան ներխուժեց Աթենքի համար կենսական ատտիկյան տարածքը եւ մեկ ամսվա ընթացքում քարուքանդ արեց այն: Մարդկանց քշեցին իրենց բնակատեղերից, այրեցին նրանց տներն ու տնտեսությունները: Փախստականները լցվեցին Պիրեա եւ Աթենք: Անտուն, սովահար եւ հիվանդ հազարավոր մարդիկ ապրում էին բաց երկնքի տակ, հրապարակներում, տաճարների մատույցներում: Ամենամեծ պրոբլեմը` ջրի պրոբլեմն էր, հաց չլինելուց ավելի: Բոլոր ջրամբարներն ու աղբյուրներն աղտոտվեցին: Բռնկվեց ժանտախտի համաճարակ: Բժշկությունն անզոր էր: Հիվանդներին խնամողներն անմիջապես վարակվում էին: Խիստ բարձրանում էր նրանց ջերմությունը, աչքերը կարմրում, ասես բոցավառվում էին, կոկորդը եւ լեզուն դառնում էր արնագույն, շնչառությունն` անկանոն: Սկսվում էր ահավոր մի հազ: Մաշկն ընդունում էր կապարի գույն, ծածկվում էր թարախային այտուցներով: Ներքին սաստիկ ջերմությունից տանջվող մարդիկ խուլ ճիչեր էին արձակում եւ ջղաձգվում, չէին դիմանում անգամ ամենաթեթեւ հագուստի կամ վերմակի հպումին, եւ ծարավից դիվահար նետվում էին ջրհորները: Սովորաբար մահանում էին հիվանդության` յոթից իններորդ օրը: Իսկ եթե հրաշքով կենդանի էին մնում, դառնում էին հաշմանդամ, կուրանում էին կամ էլ կորցնում հիշողությունը: Չորս տարի ժանտախտը զարհուրելի կոտորած սարքեց Աթենքում եւ շրջակայքում, բանակի մեկ երրորդը շարքից դուրս եկավ, իսկ թե ինչ թիվ էր կազմում քաղաքների բնակչության կորուստը` ոչ ոք չէր հաշվում: Հաշվող էլ չկար, քանի որ իշխանություն չկար: Քաղաքում տիրություն էին անում դիակապները, գողերն ու պոռնիկները: Ժանտախտի զոհ դարձավ Պերիկլեսը: Մահվանից առաջ նա կոչ արեց ժողովրդին. «Աթենքի մեծությունը ոչ միայն նրա անցյալի եւ ներկայի մեջ է, այլ նաեւ` ապագայի: Աթենքյան ոգին կրկին վեր կհառնի բոլոր ձախորդություններից ու դժբախտություններից, եւ անգերազանցելի նավատորմը կընդարձակի նրա սահմանները մինչեւ աշխարհի ծայրը»,- ասել է մեծ հայրենասերը եւ ականավոր քաղաքական գործիչը:

Պերիկլեսը լավ գիտեր իր ժողովրդի կարողությունները: Ժանտախտից հետո հույները կարճ ժամանակում վերագտան իրենց հոգեկան հավասարակշռությունն ու արիությունը: Արագ կերպով սկսեցին վերականգնվել բանակն ու նավատորմը: Եվ զարգացման կանգ առած թափն արագ սկսեց պտույտներ հավաքել:

Պերիկլեսին փոխարինեց դաժան եւ սահմանափակ, հայտնի դեմագոգ Կլեոն: (Այդպես էին կոչվում ժողովրդի առաջնորդները: Հետո է, որ այդ բառն ընդունեց բացասական նշանակություն): Նա իսկական խառնակիչ էր եւ կռվազան: Ժողովրդական ժողովում աթենացիներին գրգռում էր ստրատեգների դեմ: Կլեոյի գոռոզամիտ եւ ինքնահավան հայտարարությունները դասվում են այդ շրջանի հունական երգիծական ժանրի շարքին:

…Պատերազմի վեցերորդ տարին է: Աթենական զորքերը շրջապատել են սպարտացիներին Սֆակտերիա կղզում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գրավել այն: Այդ կապակցությամբ Ժողովրդական ժողովում կրքերը բորբոքվում են: Հիշեցնենք, որ այդ ինստիտուտը («Ekklesia») մեզ ծանոթ պառլամենտների հետ նմանության նշույլ անգամ չունի: Այդ բարձրագույն օրենսդրական օրգանը բաղկացած էր ոչ թե ընտրված քաղաքական գործիչներից, ինչպես հիմա է, նույն Հունաստանում եւ ամենուր, այլ կազմված էր տասնութից վեր բոլոր տղամարդ-աթենացիներից: Այսինքն, եթե դու այդ տարիքի քաղաքացի ես, ապա իշխանությունը` դու ես: Հաստատ դու ես, հարյուր տոկոսով: Ոչ ոք, երբեւիցե չի կարող ոտնահարել, անտեսել եւ աղավաղել Ժողովրդական ժողովի որոշումը, որի ընդունողներից մեկը դու ես: Կրկնում ենք, ոչ ոք:

Եվ ահա այդ ժողովի նիստերից մեկում Կլեոն ջախջախիչ քննադատության է ենթարկում գեներալիտետը` զորավարներին: Իսկ, թե ինչ է կատարվում հետո` պատմում է Ֆուկիդիդեսը: «… Այնուհետեւ Կլեոն մատնացույց արեց Նիկիասին, ով գերագույն հրամանատարն էր եւ նրա անձնական թշնամին: «Եթե մեր զորավարները լինեին իսկական տղամարդիկ,- արհամարհանքով ասաց նա,- ապա նրանք ճիշտ կօգտագործեին մեր նավատորմը եւ հեշտությամբ կգերեին մեր թշնամուն: Եթե նավատորմի հրամանատարը ես լինեի, մենք վաղուց հասած կլինեինք հաղթանակի»: Աթենացիներն այնժամ տեղնուտեղը առաջարկեցին Կլեոյին ղեկավարել նավատորմը եւ մեկնել իրադարձությունների վայր, եթե նա այդքան վստահ է իր ուժերին: Նիկիասն, իր հերթին, ի պատասխան Կլեոյի խայթոցի, նույնպես անսպասելի կերպով պնդում է, որ վերջինիս տրվի բոլոր այն ռազմական ստորաբաժանումների հրամանատարությունը, որը նա կցանկանա: Կլեոն չի հավատում իր ականջներին, սակայն Նիկիասն ամենայն լրջությամբ խոսում է իր լիազորությունները հանձնելու մասին: Նա կրկին եւ կրկին պնդում է իր առաջարկը, եւ Նիկիասն ի վերջո բազմամարդ ժողովականների ներկայությամբ պաշտոնապես դադարում է ծովակալ լինելուց: Բացահայտորեն շփոթված Կլեոն փորձում է հետ կանգնել իր խոսքերից` ասելով, թե միայն Նիկիասը, որն ունի հսկայական ռազմական փորձ, արժանի է ղեկավարելու նավատորմը»:

Կատակերգությունը սկսվում է դրանից հետո: Ժողովականները, ովքեր հույներին հատուկ հումորի տեր մարդիկ էին, ինչպես ասում են, Կլեոյին բռնում են խոսքի վրա: (Մենք շախմատ խաղալիս ասում ենք. «ձեռք ես տվել` խաղա»): Ինչքան նա փորձում է հրաժարվել, ներկաներն այնքան ավելի են պնդում, որ նա դառնա ծովակալ, եւ միաձայն վանկարկում են «Լողա՛, լողա՛»: Կլեոն ակամայից դառնում է նավատորմի գլխավոր հրամանատար, եւ օգնական ընտրելով տաղանդավոր Թեմիստոկլեսին` ճամփա է ընկնում: Նրանց օգնում է պատահականությունը եւ Թեմիստոկլեսի փորձն ու հնարամտությունը: Սֆակտերիա կղզու վրա մեծ հրդեհ է ծագում եւ ոչնչացնում ողջ բուսական ծածկոցը: Աթենական հետախուզությունն օգտվելով առիթից` ճշգրիտ ինֆորմացիա է հավաքում տեղանքի եւ սպարտայական զորքերի տեղադրման մասին: Նավատորմը եւ հոպլիտները կրկին ապացուցում են իրենց առավելությունը թշնամու նկատմամբ եւ գրոհով գրավում են կղզին: Կլեոն հաղթանակած վերադառնում է Աթենք, իր հետ բերելով հակառակորդի 292 զինվոր, այդ թվում` 120 սպարտացիներ: «ԹպջԴՑ Ջպ ՊցՐՈՍՈՎ»,- կասեր ռուսը: Իսկ այն, ինչ կատարվեց հետո, խոսում է Կլեոյի քինախնդրության ու փոքրոգության, ինչպես նաեւ` աթենքյան դեմոկրատիայից հեռու կանգնած լինելու մասին: Ըստ պայմանավորվածության, ռազմագերիների ճակատագիրը որոշելու էր Աթենքի ժողովուրդը, մինչդեռ նրանց հանձնեցին դեմոկրատներին, որոնք ծայր աստիճան դաժանությամբ սպանեցին իրենց անզեն հակառակորդներին:

Երբ արյան գույնը նույնն է

Պելոպոնեսյան պատերազմի բոցն ընդգրկել էր ողջ Հելլադան: Հույնը թափում էր հույնի արյունը: Նույն հեշտությամբ, ինչ հեշտությամբ հույնը թափում էր պարսիկի արյունը, իսկ պարսիկը` հույնի արյունը: Եղբոր եւ թշնամու արյան գույնը դարձել էր նույնը: Երկրում ծայր էր առել բռնության, տեռորի եւ սպանության վակխանալիա: «Ազգամիջյան կռիվը,- ասել է Հերոդոտոսը,- նույնքան աղետալի է համատեղ պատերազմից, որքան ինքը` պատերազմը` խաղաղությունից»: Քաղաքացիական պատերազմը հանդես բերեց մի երեւույթ, որը նորություն էր Հելլադայի համար: Ի սկզբանե կռվող կողմերը դրսեւորեցին այնպիսի դաժանություն, ինչպիսին չէր նկատվել անգամ հույն-պարսկական պատերազմի ժամանակ եւ խորթ էր հելլենների բարոյահոգեբանական կերտվածքին եւ ազգային էությանը: Նախկինում ռազմագերիներին փոխանակում էին, ազատում էին փրկագնի դիմաց կամ պահում էին մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Հիմա նրանց պարզապես սպանում էին: Քաղաքացիական պատերազմն իր հետ բերեց հրեշային բարքեր եւ օրենքներ: Երկրում ծայր առավ բռնության, տեռորի եւ սպանության` ամենաթողություն:

Պլատեացիները սպանեցին իրենց գերիներին, սպարտացիները դաշնակցային եւ չեզոք պետությունների նավաստիներին, դիվանագիտական անձեռնմխելիության հեղինակ Աթենքը` դեսպաններին: Երբ Աթենքի հարկային քաղաքականությունից դժգոհ Լեսբոսն ապստամբեց, աթենացիները արյան մեջ խեղդվեցին, եւ ֆյուրերական հովեր ունեցող Կլեոն պահանջեց, որ ողջ կղզին` մեծից փոքր, մահապատժի ենթարկվի, եւ Ժողովրդական ժողովում մեծ ջանքեր պահանջվեց պակասեցնելու համար դատապարտվածների թիվը: Բոլոր դեպքերում 1000 մարդ գլխատվեց: 427 թվականին Կերկիրիայում տեղի ունեցան արյունալի դեպքեր: Կոտորածը սկսվեց այն բանից հետո, երբ հինգ օլիգարխներ ներխուժեցին Խորհրդի նիստերի դահլիճ եւ սպանեցին 60 հոգու եւ գրավեցին իշխանությունը: Կարող ենք մեզ մխիթարել. 1999թ. Երեւանյան ողբերգությունն ունի իր նախադեպը: Ոգեւորված օլիգարխները հարձակվեցին դեմոկրատների վրա: Կողմերը սկսեցին զինել ստրուկներին, քաղաքի մի մասն այրվեց: Հետո ժամանեց աթենքյան արմադան, եւ դեմոկրատները սկսեցին ոչխարների նման մորթել օլիգարխներին եւ նրանց կողմնակիցներին: Չհարգվեց ոչ մի սրբություն, ոչ մի ազգակցական կապ, ոչ մի հիշատակ: Իսկ 424 թվականին սպարտացիները երկյուղ կրելով ապստամբության հնարավորությունից, Լակոնիայում եւ Մեսսենիայում կազմակերպեցին 2 հազար ընտիր հեծյալ իլոտների սպանությունը: Պելոպոնեսյան պատերազմի մյուս տխուր հետեւանքը եղավ այն, որ կենսաբանական ատելություն առաջացավ քաղաքական կուսակցությունների` օլիգարխների (Սպարտա) եւ դեմոկրատների (Աթենք) միջեւ:

Դաժանություն եւ անմարդկային արարքներ էին թույլ տալիս ոչ միայն առաջին էշելոնի թշնամիները` աթենացիներն ու սպարտացիները, այլեւ նրանց դաշնակիցները` թշնամու նկատմամբ, եւ որքան էլ անտրամաբանական է` յուրայինների նկատմամբ:

Պատերազմական գործողությունները, բնականաբար, ուղեկցվում էին ռազմական եւ դիվանագիտական խորամանկությամբ, մեկմեկու խաբելու եւ հիմարացնելու զանազան փորձերով ու հնարքներով:

Այսպես, օրինակ, աթենացիների զորքը Ալքիբիադեսի գլխավորությամբ պաշարել էր Ագրիգենտ քաղաքը: Պաշարումը ձգձգվում էր: Ալքիբիադեսը դեսպան է ուղարկում սպարտացիների մոտ, ասելով, որ կարեւոր հայտարարություն ունի անելու` խնդրելով թույլ տալ ելույթ ունենալ Ժողովրդական ժողովում: Հակառակորդ կողմը համաձայնում է, եւ մինչ դեսպանը քաղաքի մեծահասակ բնակչության առաջ ցուցադրում էր իր հռետորական արվեստը, աթենացիները հարձակվում են պաշտպանությունը թուլացրած քաղաքի վրա եւ գրավում այն: Մեկ ուրիշ օրինակ: Ալքիբիադեսը կռվում էր Հելլեսպոնտոս ծովափնյա քաղաքը նվաճելու համար: Սպարտացիների ուժերն ավելի էին, քան աթենացիներինը: Գիշերն Ալքիբիադեսն իր ռազմիկների մի մասին հանում է ափ, իսկ նավերի մեծ մասը թաքցնում հրվանդանի հակառակ կողում: Առավոտյան նա` սկզբում մի քանի ռազմանավով, հարձակվում է սպարտացիների վրա, հետո ձեւացնում, թե նահանջում է: Ոգեւորված սպարտացիները ողջ նավատորմը հանում եւ սկսում են հետապնդել աթենացիներին ու ընկնում են նրանց սարքած ծուղակը. թաքնված ռազմանավերը, որոնք եւ՛ քանակով, եւ՛ տեխնիկական պարամետրերով գերազանցում էին թշնամուն:

Սպարտայական նավատորմը ոչնչացվում է: Իսկ երբ սպարտացիները դուրս են գալիս ափ` բոլորին կոտորում են:

Սպարտացի զորավար Բրասիդոսը Թրակիայում ջախջախում է Աթենական բանակը, իսկ մինչ այդ աթենացիները Սֆակտերիայում պարտության են մատնում սպարտացիներին:

Սա կարծես մի փոքր լիցքաթափում է կողմերին, եւ 421 թ. նրանք կնքում են, այսպես կոչված, Նիկիական խաղաղության պայմանագիրը: Բովանդակությամբ եւ ձեւով դա դիվանագիտական լավ փաստաթուղթ էր: Այն նախատեսում էր (այդ էլ որերորդ անգամ), որ 50 տարի Սպարտան եւ Աթենքը չեն պատերազմելու: Եվ մի շարք այլ հուսադրող կետեր: Բայց այդ խաղաղությունը շատ փուխր էր: Աթենքում ժողովրդի սիրելի դարձած ավանտյուրիստ, փառասեր եւ գեղեցկադեմ երիտասարդ Ալքիբիադեսը տառացիորեն տորպեդահարեց Նիկիական պայմանագիրը: Ի խախտումն պայմանագրի` նա Պելոպոնեսում Սպարտայի դեմ հանեց Արգոսը եւ արկադիական համայնքները: Սպարտացիները երկուսին էլ ջարդեցին: Այնժամ նա համոզեց աթենացիներին` ձեռնարկել խոշոր կամպանիա դեպի Սիրակուզա (Սիցիլիա), եւ նրա դեմ հանեց աքեական ու հոնիական քաղաքները, ինչը կործանարար եղավ Աթենքի համար: Սպարտացիներն այստեղ եւս ջախջախեցին աթենացիներին: Վերջիններս կորցրին եւ՛ նավատորմը (200 ռազմանավ), եւ՛ բանակը, այդ թվում` հոպլիտների ընտիր ստորաբաժանումները (10.000 մարդ): 7,000 աթենացի քշվեց տաժանակիր աշխատանքի քարհանքեր, ինչը հավասար էր մահապատժի, գլխատվեց ողջ հրամանատարական կազմը, որոնց մեջ էին նշանավոր ստրատեգներ Թեմիստոկլեսը եւ Նիկիասը: Իսկ Ալքիբիադեսն արդեն փախել էր սպարտացիների մոտ եւ նրանց էր խորհուրդներ տալիս` ինչպես կռվել իր նախկին համաքաղաքացիների դեմ:

Ազգամիջյան պատերազմը էրոզիայի էր ենթարկում Հունաստանի բոլոր քաղաքական եւ սոցիալական ինստիտուտները, նաեւ դիվանագիտական ծառայությունը, որն ամենադեմոկրատականն ու ամենազարգացածն էր անտիկ աշխարհում: Ասվածի ցայտուն օրինակը` Միլոսի ողբերգությունն է: Այդ փոքր կղզին պատերազմի սկզբին հայտարարեց իր չեզոքության մասին, ինչը դուր չեկավ Աթենքին: 416 թ. նա դեսանտ իջեցրեց կղզի: Աթենքյան դիվանագետները բացեիբաց հայտարարեցին, որ միլոսյան չեզոքությունն անընդունելի է իրենց համար, եւ որ կղզին պետք է մտնի Աթենքյան կայսրության մեջ. հակառակ դեպքում նրան մեծ անախորժություններ են սպասում: Երբ Միլոսի իշխանությունները փորձեցին հղում կատարել միջազգային իրավունքին, նրանց ասվեց, որ միջազգային իրավունքը վերաբերում է միայն այն պետություններին, որոնք ունեն հավասարազոր ռազմական պոտենցիալ: Կղզին մերժեց նման պոստուլատը, արիաբար դիմադրեց օկուպանտին, իսկ երբ պարտվեց` հանձնվեց աթենքյան ժողովրդի ողորմածությանը: Եվ ի՞նչ: Ժողովրդական ժողովն ընդունեց Ալքիբիադեսի առաջարկը. Միլոսի բոլոր տղամարդկանց գլխատել, կանանց եւ երեխաներին վաճառել ստրկության, կղզում բնակեցնել 500 աթենքցի: Աթենքյան դիվանագիտությունն ապացուցեց, որ փոքր եւ թույլ պետությունները եթե փորձեն վարել անկախ քաղաքականություն, կդառնան բռնակալության (տիրանիա) զոհ: Նոր պատմությանը հայտնի են բազմաթիվ նման օրինակներ:

Պատերազմի տարիներին աթենքյան դիվանագիտությունը ցուցադրեց, որ կարելի է խախտել եւ չկատարել միջազգային փաստաթղթերով իր վրա վերցրած պարտականությունները: Եվ այդ վտանգաշատ պրակտիկան նա կիրառեց Սպարտայի հետ ստորագրված պայմանագրերի նկատմամբ, որը եւ հանդիսացավ նրա անկման պատճառներից մեկը:

Ավելին: Աթենքյան դիվանագիտությունը չկարողացավ օգտվել Երեսնամյա խաղաղության ու Նիկիական պայմանագրից եւ թույլ տվեց վրիպում վրիպումի հետեւից: Աթենքը մոռացության էր մատնել Պերիկլեսի խորհուրդը. պետական միջոցները քամուն չտալ եւ չփորձել ընդարձակել կայսրության սահմաններն այնքան ժամանակ, քանի դեռ Սպարտայական միությունը ջախջախված չէ: Մարգարեական է հնչում նրա ահազանգը. «Ես ավելի շատ վախենում եմ Աթենքի` քան նրա թշնամիների սխալներից»: (Այս խոսքերը կարող են ուղեցույց հանդիսանալ ներկա քաղաքական գործիչների եւ դիվանագետների համար):

Շարունակելի