Ռուսաստանում` ինչպես Աֆրիկայում

15/06/2011

«Ռուսաստանը շատ քիչ ժամանակ ունի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար»,- նման հայտարարություն է արել «Յուկօս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին «Le Figaro», «The Wall Street Journal» եւ «The Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականներին տված հարցազրույցում: Ըստ նրա` Ռուսաստանում իրավիճակը հիշեցնում է Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում տիրող իրավիճակը, եւ երկիրը հնարավորություն ունի կասեցնել զանգվածային հուզումները, եթե անհապաղ բարեփոխումներ իրականացնի: Այդ հարցում Խոդորկովսկին նույնիսկ կշտամբել է Արեւմուտքին` Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ անբավարար ուշադրության համար: Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ ժողովրդավարական երկրները իրական քայլեր կձեռնարկեն «Յուկօսի» գործի բացահայտման ուղղությամբ: «Վաշինգտոնում կամ Փարիզում գիտեն, թե ովքեր են Ռուսաստանի ամենակոռումպացված ղեկավարները, որոնք դրդում են, որ Մեդվեդեւի բարեփոխումները զրոյացվեն»,- հայտարարել է Խոդորկովսկին` կրկին հույս հայտնելով, որ ժողովրդավարական երկրների վճռական խոսքերին կհաջորդեն իրական գործողություններ: