«Թուրքերի միայն 39 տոկոսն է կողմ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին վկայում են Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամի` TESEV-ի հրապարակած զեկույցի արդյունքները: Դրանց համաձայն` Թուրքիայի բնակիչների 44 տոկոսը դեմ է թե՛ Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ թե՛ սահմանի բացմանը: Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման նկատմամբ առավել անհաշտ դիրքորոշում են որդեգրել Թուրքիայի սեւծովյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Անատոլիայի բնակիչները: Այստեղ հարաբերություններում առկա ստատուս-քվոյի պահպանման օգտին է հանդես գալիս բնակչության մինչեւ 60 տոկոսը: Միակ տարածաշրջանը, որտեղ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միանշանակ աջակցություն է վայելում` շուրջ 58 տոկոս, Թուրքիայի` քրդերով բնակեցված հարավարեւելյան շրջաններն են: Հայաստանի հանդեպ համեմատաբար դրական մոտեցում ունեն նաեւ Էգեյանի ծովափնյա շրջանում ապրող թուրքերը: Ուշագրավ է, որ երբ TESEV-ի մասնագետները հարցն այլ կերպ են ձեւակերպել, փորձելով հստակեցնել` արդյոք հարցման մասնակիցները սկզբունքորեն դե՞մ են, թե՞ կողմ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի վերահաստատմանը, հետազոտության մասնակիցների գրեթե կեսը դրական պատասխան են տվել: Բայց երբ զեկույցի հեղինակները հավելյալ հստակեցում են մտցրել, նշելով, թե բարելավում ասելով` նկատի ունեն նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու սահմանի բացում, Երեւանի հետ կապերի հաստատման կողմնակիցների թիվը կտրուկ կերպով նվազել է: Զեկույցից պարզ է դառնում, որ երկրի գրեթե բոլոր տարածաշրջանների բնակիչները կողմ են Հայաստանի հետ կապերի հաստատմանը, քանի դեռ խոսք չկա թուրքական կողմից կոնկրետ քայլերի մասին: Միակ բացառությունը Միջերկրածովյան տարածաշրջանն է, որտեղ հարցվածների 49 տոկոսը նշել է, թե ոչ միայն սահմանը բացել չի կարելի, այլեւ` ընդհանրապես որեւէ տեսակի քաղաքական հարաբերություն հաստատել պաշտոնական Երեւանի հետ: Հայաստանի հետ տնտեսական կապերի հաստատման հանդեպ թուրքերի վերաբերմունքը կարծես ավելի դրական է: Երկրի արեւելյան շրջաններում Հայաստանի հետ տնտեսական ուղղակի կապերի հաստատմանը կողմ է արտահայտվել հարցվածների մոտ երկու երրորդը: Հարցվածների գրեթե 40 տոկոսը նշել է, որ Հայաստանի հետ գործարար կապերի ակտիվացումը նախեւառաջ կնպաստի Թուրքիայի տնտեսության զարգացմանը: «Արդյոք կո՞ղմ եք Հայաստանի հետ մշակութային կապերի սերտացմանը»,- TESEV-ի մասնագետների այս հարցին դրական է պատասխանել թուրքերի 51 տոկոսը: Մշակութային կապերի հաստատման կողմնակիցների 14 տոկոսը, ի դեպ, նշել է, որ հայերն ու թուրքերը ընդհանուր պատմություն ունեն: Թուրք վերլուծաբանները նաեւ փորձել են պարզել` ինչպես են պատճառաբանում Հայաստանի հետ հարաբերությունների հանդեպ ունեցած վերաբերմունքը երկրի բնակիչները:
Հայաստանի հետ կապերը վերահաստատելուն եւ սահմանի բացմանը կողմ արտահայտվածների մոտ 40 տոկոսը նշել է, որ հարկավոր է ի վերջո լուծել երկու երկրների միջեւ առկա հակամարտությունը: Եվս 11 տոկոսի կարծիքով էլ` հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է բարելավել, քանի որ հարեւան պետություններն ի վերջո պետք է բնականոն կապեր հաստատեն: Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանն ընդդիմացող թուրքերի պատճառաբանություններն ավելի բազմազան են: Հարցվածների 13 տոկոսը պնդել է, թե պաշտոնական Երեւանի հետ հարաբերություններ պետք չէ հաստատել, քանի որ հայերը Թուրքիայի հանդեպ բարեկամաբար չեն տրամադրված: Եվս 11 տոկոսը հայերին մեղադրում է` դավաճանության, իսկ 9 տոկոսը` Ցեղասպանության մասին մեղադրանքներ հնչեցնելու մեջ:
Հետաքրքրական է, սակայն, որ այն գլխավոր նախապայմանը, որ առաջ է քաշում պաշտոնական Անկարան` Ղարաբաղի խնդիրը, Թուրքիայի բնակիչների ճնշող մեծամասնությանն առանձնապես չի հուզում: Հարցվածների միայն 5 տոկոսն է նշել, թե պաշտոնական Երեւանի հետ հարաբերությունները չպետք է բարելավվեն Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ի դեպ, TESEV-ի հետազոտության համաձայն, հարցվածների միայն 10 տոկոսն է Ադրբեջանին համարում Թուրքիայի թիվ մեկ բարեկամ: Բարեկամների ցանկում առաջինն Իրանն է: Ինչ վերաբերում է թշնամիներին, ապա առաջին տեղում Իսրայելն է` մոտ 40 տոկոս ցուցանիշով: Հարցվածների կարծիքով` Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների առաջին հնգյակում են նաեւ Միացյալ Նահանգները, Հունաստանը, Ֆրանսիան եւ Իրաքը: «Հայաստանը թշնամական պետություն է համարում թուրքերի միայն 4 տոկոսը»,- նշել են TESEV-ի մասնագետները: