ԱԺ 15-ամյակի տոնակատարությունների առթիվ Հայաստան ժամանած որոշ երկրների խորհրդարանականներ, սահմանադրական բարեփոխումներին առնչվող որոշ ճշգրտումներ կատարելու նպատակով, հանդիպել են նաեւ ընդդիմության գործիչներին։ Բելգիայի ներկայացուցիչը հատկապես կենտրոնացել է Արթուր Բաղդասարյանի այն պնդման վրա, թե առաջարկվող տարբերակը մեկ քայլ առաջ է գործող սահմանադրության համեմատ։ Ընդդիմադիր գործիչներից մեկը հակադարձել է. «Արթուր Բաղդասարյանը երգում է այն երգը, որը պատվիրում է Ռոբերտ Քոչարյանը»: Ապա նկատել է, թե սահմանադրության նոր տարբերակն ավելի վատն է, քան գործողը։ Որոշ մանրամասներ, հատկապես նախագահի անձեռնմխելիության եւ երկքաղաքացիության մասին հոդվածները, զարմացրել են օտարներին։ «Մեզ մոտ ոչ թե գործող սահմանադրությունը չի աշխատում, այլ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են եւ չեն ուզում ենթարկվել սահմանադրությանը»,- նշել է ընդդիմադիրը` ավելացնելով, որ Ռ. Քոչարյանն իրավունք չունի լինել ՀՀ նախագահ, քանի որ նա ՀՀ 10 տարվա քաղաքացի չէ։ Մեր տվյալներով` Բելգիայի ու Լիտվայի ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ՀՀՇ-ի հետ։