Էլի ջրի՞ց

15/06/2011

Խարբերդ գյուղի 9 բնակիչներ թունավորման ախտանիշներով օրերս տեղափոխվել են Մասիս քաղաքի հիվանդանոց: Այդ մասին Tert.am-ին տեղեկացրել է Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանը` նշելով, որ թունավորումը բնակիչների մոտ նկատվել է դեռեւս հունիսի 1-ին, սակայն վերջիններս նախնական շրջանում նախընտրել են զբաղվել ինքնաբուժությամբ: «Մենք այդ օրերին ունեցանք ջրամատակարարման ընդհատում, եւ ենթադրեցինք, որ թունավորումը կարող էր դրա հետ կապված լինել, բայց մյուս կողմից` այդ մարդկանց ընտանիքների մյուս անդամների մոտ թունավորման դեպքեր չկան: Ե՛վ «Երեւան ջուր» ընկերությունից, եւ՛ սանէպիդկայանից եկել եւ ջրի փորձանմուշ են վերցրել, բայց հստակ թունավորման պատճառը դեռ պարզ չէ»,- ասել է գյուղապետը: Ըստ նրա` մոտ 10 հազար բնակիչ ունեցող գյուղում բուժաշխատողների կողմից արդեն իրականացվել են համապատասխան նախազգուշական շրջայցեր: Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, սակայն, նշել է, որ դեռ հստակ չէ, թե ինչն է ինֆեկցիայի պատճառը: «Այս դեպքը բավականին տարբեր է. փաստեր կան` իրար հակասող, բավական տարբեր: Մեզ մեկ-երկու օր ժամանակ է պետք, որ այդ ամենն ի մի բերենք,- ասել է նա` ավելացնելով,- Ես անձամբ հակված եմ համարել, որ այս անգամ ջրից չի եղել: Հիշում եք, երբ կային փաստեր, ես ինքս հենց առաջինը Նուբարաշենի դեպքում ասացի, որ վարակը ջրից է, բայց այս դեպքում ոչինչ ասել դեռ չեմ կարող»:

Ա.Ասոյանը հիշեցրել է եվրոպական վարունգների սենսացիան: «Ամբողջ Եվրոպան նորագույն, լավագույն սարքավորումներով դժվարացավ ճշգրիտ որոշել վարակի աղբյուրը: Այնպես որ, ես հիմա պատասխան տալ չեմ կարող»: