Շոգ է լինելու

15/06/2011

«Եթե ամռան առաջին ամսվա համար կանխատեսված էին ջերմաստիճան ու տեղումներ դրական շեղումով, ապա հուլիս եւ օգոստոս ամիսներին կանխատեսվում է ջերմաստիճանը նորմային մոտ դրական շեղումով, այսինքն` ավելի տաք, իսկ տեղումների համար` նորմայից պակաս: Այսինքն` տեղումների այն ավելցուկը, որ կար ամռան սկզբին, ամռան հաջորդ ամիսներին կփոխարինվի պակասով»,- այդ մասին երեկ հայտարարել է ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Մայիսն այս տարի դարձյալ անձրեւոտ էր, տեղումների քանակը գերազանցեց նորման մինչեւ 250 տոկոսի չափով: Ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, բացառությամբ Արարատյան դաշտի, որտեղ ջերմաստիճանը նորմայից ցածր էր մինչեւ 0,9 աստիճանով: Այսինքն` կարելի է ասել` համարյա նորմայի սահմաններում էր` մի փոքր բացասական շեղումով: Հունիսի առաջին կեսն աչքի ընկավ զանգվածային բնույթի տեղումներով, այսինքն` այդ տեղումները հիմնականում հորդառատ տեղումներ էին, առանձին վայրերում գրանցվեցին կարկուտ եւ քամու ուժգնացում»,- ասել է Պետրոսյանը` հավելելով, որ տարվա այս ժամանակահատվածի համար նման երեւույթները հատուկ են: Նրա խոսքերով, Հայաստանում հիմնականում հորդառատ անձրեւները դիտվում են մայիս-հունիս ամիսներին, եւ եթե երկրի հարավային հատվածում դրանք հունիսի կեսերին քչանում կամ իսպառ բացակայում են, ապա հյուսիսային կեսում դրանք մինչեւ ամսվա վերջ պահպանվում են, այսինքն` հյուսիսային շրջաններում մինչեւ հունիսի վերջը պահպանվում է կարկուտի վտանգը: Ըստ նրա, միջին ամսական ջերմաստիճանը ամբողջ հանրապետության համար կանխատեսված է 16 աստիճան, հովտային շրջաններում` 25-27 աստիճան, լեռնային շրջաններում` 13-15 աստիճան: Ինչ վերաբերում է առավելագույն ջերմաստիճանին, ապա այն սպասվում է 34-35 աստիճան: Ինչ վերաբերում է ամառային եղանակի ազդեցությանը գյուղատնտեսության վրա, ապա Զ. Պետրոսյանն ասել է. «Գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որ անմիջական կապ ունի եղանակի հետ: Եթե մինչեւ հիմա դիտված եղանակը վերլուծության ենթարկենք, ապա այս տարվա եղանակը արդեն որոշակի վնասներ տվել է, հատկապես` կարկուտը: Առաջիկայում այդ երեւույթը կթուլանա: Մյուս եղանակային վտանգը, որ կարող է սպառնալ գյուղատնտեսությանը, երաշտն է, որի համար երկարաժամկետ կանխատեսումներ չկան, բայց հուսանք, որ այդ ազդեցությունը թույլ կլինի գյուղատնտեսության վրա»: Զ. Պետրոսյանը հայտարարել է նաեւ, որ օդի ջերմաստիճանը երեկվանից սկսած բարձրանալու է: Այսօր արդեն Երեւանում կգրանցվի 28-30 աստիճան տաքություն, իսկ արդեն հունիսի 20-ին օդի ջերմաստիճանը կհասնի 31-32 աստիճան տաքության: Իսկ առաջիկա հինգ օրերին Հայաստանի հարավային շրջաններում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա, ընդհանուր առմամբ, 5-6 աստիճանով: «Այսինքն, եթե այս օրերին Արարատյան դաշտում եւ հարավային շրջաններում գրանցվել է մինչեւ 28 աստիճան, ապա առաջիկա հինգ օրերին այդ ջերմաստիճանը կբարձրանա եւ կհասնի 32-34 աստիճանի: Նվազագույն ջերմաստիճանը նույնպես կբարձրանա եւ լեռնային շրջաններում նախկին մինչեւ 12 աստիճանի փոխարեն` արդեն կհասնի մինչեւ 16-18 աստիճանի»,- նշել է Զարուհի Պետրոսյանը: