Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզիչ է նշանակվել լեգենդար «Արարատ 73»-ի հարձակվողներից մեկը` Էդուարդ Մարկարովը: Նա եղել է նաեւ Հայաստանի հավաքականի առաջին մարզիչը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է «Միկայի» մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը: Ըստ նրա` Մարկարովը չունի մարզչական Ա կարգի արտոնագիր, եւ փաստաթղթերով գլխավոր մարզիչ կլինի մեկ ուրիշը: Ըստ Մարտիրոսյանի` նման նախադեպ եղել է, երբ դե ֆակտո մարզիչը այլ մարդ է, դե յուրե` այլ: «Միկայի» նախկին մարզիչը` Արմեն Շահգելդյանը, հրաժարվել է իր պաշտոնից հունիսի 12-ին Կապանի «Գանձասարից» թիմի կրած պարտությունից հետո: Նշենք, որ Հայաստանի առաջնության վերջին 3 տուրերում «Միկան» ընդամենը 1 միավոր է վաստակել եւ 15 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: