1. Քաղաքի տեքստը
Երբ ես գալիս եմ այլ քաղաք, օրինակ` Տոկիո, ինձ ընդունում, ուղեկցում, հետապնդում է ինչ-որ տեքստ: Ինձ դրա մասին ասել էին, ես կարդացել էի դրա մասին թերթերում եւ գրքերում: Որպեսզի զննեմ այն, թեթեւացնեմ իմ կյանքը եւ այն վայրերի իմ տեսունակությունը, ես հաճախ զինվում եմ տեղեկատուներով, եւ ուրեմն` ուղեցույցներով, դասագրքերով, պատմական աշխատություններով: Այդտեղ եւ գրքերն են, որ ես կարդացել էի մինչեւ ուղեւորվելը, եւ նրանք, որ ես կարդում եմ, քանի դեռ այնտեղ եմ գտնվում, եւ նրանք, որ ես երդվում եմ ընթերցել վերադառնալուց հետո, եւ նրանք, որ ես երբեմն կարդում եմ հետո, խորասուզվելով հուշերի մեջ կամ պատրաստվելով այլ ճամփորդությունների: Երբեմն դա ուղեկցվում է ինչ-որ գրառումներով, նամակներով, շարադրություններով, որպեսզի ճշտվեն արկածի մանրամասները, ամենօրյա նշումներով (ճիշտ է, դա ինձ հետ հազվադեպ է պատահում) կամ մտահղացված աշխատանքով:
Որոշ քաղաքներ անհավանական գրական կշիռ ունեն, դրանք հանդիպում են համարյա ամենուր, իսկ որոշ ֆոլիանտներում` համարյա ամեն էջում: Այդպես է կատարվում, ըստ իս, Տոկիոյի հետ ճապոնական գրականության շատ դարերի ընթացքում, Փարիզի հետ` հասկանալի է, ֆրանսիականի համար, եւ ինչ-որ այլ քաղաքների հետ, որոնք ակնհայտորեն զիջում են երկու նախորդներին, որոնց մեջ առաջին տեղը, հավանաբար, կգրավի Հռոմը, այնուհետեւ, դարաշրջանից կախված, կհետեւեն մեծ հինավուրց եւ ժամանակակից մայրաքաղաքները` մի կողմից` Աթենքը, Երուսաղեմը, մյուսից` Լոնդոնն ու Նյու Յորքը: Յուրաքանչյուր մշակույթի համար կարելի է կազմել քաղաքի ազդեցության դիագրամը:
Երբ ես ընկնեմ այդ քաղաքը, տեքստերը, որոնցով ես զինվել եմ, կաշխատեն եւ ինձ կօգնեն: Ոմանք պարզապես կհավելվեն այն ամենին, ինչ ես կտեսնեմ, որպես ինչ-որ ֆոն կամ լրացուցիչ ասպեկտ, բայց որոնք ինձ պետք չեն գա առօրյա կյանքում. ինձ համար ամենից կարեւորը նրանք են, որ անմիջականորեն կապված են քաղաքի տեքստին, որոնք թույլ կտան երկուսն էլ ընթերցել:
Քաղաքի տեքստի տակ ես ամենից առաջ նկատի ունեմ այն ծածկող անհամար մակագրությունները: Երբ ես քայլում եմ ժամանակակից մետրոպոլիայի փողոցներով, ամենուր ինձ սպասում եւ դարանում են բառերը` ինձ հանդիման եկող մարդիկ, որ զրուցում են միմյանց հետ, էլ չասած արդեն տների ցուցանակների, մետրոյի մուտքի մոտի, ավտոբուսի կանգառների ցուցավահանակների մասին, որոնք թույլատրում են իմանալ, եթե ես ունակ եմ դրանք վերծանելու, որտեղ եմ ես գտնվում եւ ինչպես ինչ-որ տեղ գնալ: Եթե ես այդ առումով անգրագետ եմ, ես անօգնական եմ, կախված եմ ինձ չենթակա ուղեկցորդից, ես դարձյալ ընկնում եմ տրտմալի մանկություն: Սովորաբար նմանատիպ իրավիճակի մեջ է հայտնվում Տոկիո եկող եվրոպացին, որ բնավ չգիտի լեզուն կամ այն գիտի շատ կցկտուր: Բարեբախտաբար, երբեմն միջնորդ-լեզուն` անգլերենը, օգնության է հասնում:
Որոշ պողոտաներում բազմապատկվում են վիթխարի, հիասքանչ, շողշողուն, թարթող, վազող մակագրությունները, որ փառաբանում են մեկ այս, մեկ այն, ծանոթ եւ անծանոթ, հստակ կամ աղոտ տառերով: Ցուցափեղկերի գնապիտակներում ճշտվում է ապրանքների ծագումն ու որակը, ռեստորաններում կա մենյուն, թանգարաններում` ցուցանմուշների բացատրությունները, երբեմն` բավական մանրամասն: Որտեղ էլ որ կանգ առնեմ, ես շրջապատված եմ տեքստով, լուծվում եմ նրանում, եւ կողմնորոշվել այդ հոծ զանգվածի ներսում ինձ կարող են օգնել միայն այն գրքերը, որոնցում պլանների, քարտեզների, աղյուսակների օգնությամբ տրվում է տվյալ ամբողջականության ֆիզիոլոգիական վերլուծությունը, որոնք թույլատրում են ինձ ակտիվորեն մասնակցելու այդ շրջապտույտին եւ շարժվելու մի նշանափողից դեպի մյուսը, ես իմանում եմ, որ այսինչ անվանումը նշանակում է այսինչ թաղամասը, իմանում եմ, թե ինչ է այն իրենից ներկայացնում, ինչպիսին են նրա պոտենցիալը, կողմնորոշիչները, նշանային անկյունները:
Ողջ այդ ակնհայտ տեքստին, որ իրականում գոյավորվել է բառերից, որոնք կարելի է գտնել բառարաններում, հավելվում է կեղծ տեքստերի անծիր բնագավառը, գրվանի տակ դրված, ինչ-որ ընդերքում, գրեր, միագումարություններ, ազդանշաններ եւ գլխավորապես որոշակի կողմնորոշիչներ թաքցնող` կանաչ լույսը խաչմերուկում ասում է այն մասին, որ մենք կարող ենք անցնել, սլաքը` որ պետք է թեքվել, սպիտակով նշված կարմիր շրջանակը` որ անցումն արգելված է: Գաղափարագիրը մատնացույց է անում այս կամ այն շինության նշանակությունը, պողոտայի վերջի հուշարձանը հանգեցնում է այն մտքին, որ հյուրանոց վերադառնալ մեզ պետք է ձախ գնալով: Լեզվում ֆիքսված նշաններին հավելվում են եւ անհամար այլ բաներ, որոնք հարկ է սովորել վերծանել եւ կարողանալ դրանց հետ վարվել` ինչպես լեզվական բաների հետ: Կարելի է նույնիսկ ասել, որ քաղաքի մասերը միմյանց դիմում են յուրահատուկ բառարանի միջոցով, որը հարկ է ձեռք բերել եւ որին գրքերը կօգնեն հասու լինելու:
2. Քաղաքը` որպես տեքստի կուտակում
Քաղաքները լինում են առավել կամ նվազ գրական, առավել կամ նվազ նշանակալից դերին համապատասխան, որ գրավում են նրանք գրականության մեջ, ընդհուպ` մինչեւ այն, որ որոշ դասականների հետազոտությունը շարունակելը դժվար է, առանց այցելելու նրանց, եւ չհասնելով այնտեղ, ինչպես խրվում ես բառարանի մեջ: Քաղաքները լինում են առավել կամ նվազ գրքային այն չափով, որչափ նրանց ներհատուկ լեզուն կապված է գրքերին կամ որչափ որ վերջիններիս հաշվին կարելի է ավելի լավ կամ վատ այն սովորել` այսպես, անգլերեն մակագրություններով ճապոնական քաղաքը, այնչափ կարեւոր չէ գրականության տեսանկյունից, բայց ավելի հասկանալի կլինի եվրոպացուն, եթե նույնիսկ` նա այդ լեզվով չի խոսում, քան քաղաքը որտեղ ոչ մի այդպիսի մակագրություն չկա: Բավ է փոքր-ինչ նահանջել դեպ անցյալը, որպեսզի պատկերացնես քաղաքներ, որոնցում տեքստն անհամեմատ նվազ կարեւոր է: Նույնիսկ ամենաանկիրթ եվրոպացին տեսնում է, որ Տոկիոյում տեքստն ամեն քայլափոխի է: Անցյալ դարի աֆրիկյան քաղաքում ճամփորդները ոչ մի տեղ այն չէին գտնում, նրանք ստիպված էին լինում այլ կողմնորոշիչներով առաջնորդվելու: Կախված իրենց կուտակած տեքստի քանակից` լինում են առավել կամ նվազ տեքստուալ քաղաքներ։
Մինչ այս պահը, նույնիսկ, երբ խոսքը ազդանշանների եւ կողմնորոշիչների մասին էր, ես խոսում էի միայն ամենաակնհայտ, տափակ տեքստի, մակերեւույթի մասին: Փողոցում լսված խոսակցությունները, այլ բան չէ, քան խղճուկ նմուշօրինակն այն բանի, ինչ կարող է ասվել տներում: Ցանկապատերի վրայի մակագրությունները չափազանց կարճ են, նրանց համեմատ, որ դարսդարսվում եւ կուտակվում են շինություններում: Մտնենք, օրինակ, գրադարան: Եթե ես բանամ բոլոր դարսված էջերը, ապա որ հրապարակում կարող էին դրանք տեղավորվել: Իսկ եթե դրանք մեկ գծով դասավորենք: Ես կարող էի ճիշտ այդպես մտնել ձայնասկավառակների խանութ, սակայն, հետեւելով գրի դասական ձեւերին, դիտարկենք հետեւյալ կույտերը` գրադարանները, արխիվները, հիմնարկները: Այդ երկնաքերների բոլոր սենյակները լցված են գրոտած թղթերով կամ միկրոֆիլմերով:
Ակնհայտ տեքստը մշտապես խռովվում է ընթերցանությամբ, իսկ խորքայինը` այն, որ ննջում է դեռեւս չբացված գրքի էջերի արանքում` պահոցների ներքնահարկերում, այն ննջած, ոչ պակաս կարեւոր տեքստը` մեզ այդպես էլ հայտնի է: Նշանակալից է, որ առիթի դեպքում մենք կարող էինք դա նայել: Եթե այն կորչի` ամեն ինչ կորած է, օրենքների կիրառումը գործնականում անհնար կդառնա:
Քաղաքի գործառույթը որպես տեքստերի կուտակում` այնքան նշանակալից է, որ հարց է ծագում, արդյո՞ք այնտեղ չեն թաքնված նրա գլխավոր արմատները: Հնէաբանական պեղումները ցույց տվեցին, որ ողջ երկրագնդում առաջին մեծ քաղաքները ծնվել են գրի հայտնագործության հետ միաժամանակ, ընդ որում, կարեւոր չէ, թե որ: Եվ դա տեղի է ունեցել, հավանաբար, ամենեւին ոչ այն պատճառով, որ այնտեղ, ուր կուտակվում էր տեքստը, շատ մարդիկ էին հավաքվում, այլ ընդհակառակը, տեքստը ստեղծվում էր հենց այդ տեղում, որովհետեւ մարդիկ հիմնավորվում էին այնտեղ, որպեսզի նրան ծառայեն: Իշխանությունների ղեկավար կայանը այնտեղ չէ, ուր տեղավորվում են զորապետը կամ քահանայապետը, այլ այնտեղ, ուր գտնվում է արխիվը:
3. Քաղաքը` որպես գրական ժանր
Քաղաքը կարելի է դիտարկել որպես գրական ստեղծագործություն, որը վերաբերում է ինչ-որ բացառապես համընդգրկուն ժանրի, թատերական պիեսի նման, որ, բնականաբար, իր մեջ ներառում է ոչ բանավոր տարրեր` իր կանոններով եւ կոմպոզիցիոն հնարքներով, քանզի գրադարանների, գրախանութների, դպրոցների եւ այլնի օգնությամբ, ողջ գրականությունը, համենայն դեպս` մի լեզվի, կարելի է պատկերացնել գլուխների, ամփոփագրերի, բաժինների տեսքով:
Սակայն որքան տարբեր են ոճով Տոկիոն, Մեխիկոն, Նյու Յորքը եւ Փարիզը այդ վիթխարի ժանրի ներսում, որքան տարբեր են միեւնույն քաղաքի զանազան թաղամասերը: Վերջիններս կարելի էր դասակարգել տեքստի հոծությամբ, արխիվային բջիջների առավելագույն կուտակումը` ըստ հասանելիության աստիճանի դրանց մեջ պարփակված տեքստի, այսինքն` տեքստի քանակի, ցուցադրանքի համար առաջարկվող ժամանակի միավորում, այդժամ առեւտրային կամ որոշ զվարճանքի համար նախատեսված թաղամասեր մրցանակային տեղեր կգրավեին տեքստի որակի եւ գունազարդման ուղղությամբ տարվող մրցույթում, ի դեմս այն բանի, որ յուրաքանչյուր մասնագիտության համար հատկացված են իրենց փողոցները:
Ընտրությունը բառարանից եւ բառապաշարի հաճախականությունը փոփոխվում է միեւնույն լեզվի տարբեր քաղաքներում: Այսպես, Նյու Յորքի եւ Լոնդոնի կայարանները, ինչպես նաեւ` ամենածանրաբեռնված ճյուղերի մերձքաղաքային կայարանները, տարբեր կերպ են անվանվում: Կնշանակի, ճանապարհին պլակատների, ազդերի եւ չվացուցակների վրա մենք միեւնույն բառերը չենք տեսնի: Պերճաշուք թաղամասում եւ հետնախորշում քերականությունը չի կարող նույնը լինել, կրթված մարդիկ գործածում են բազում եզրեր, որ անհայտ են ոչ շնորհառուներին, այլ կերպ են վերաբերվում ննջող տեքստին` իրենց շրջաններում հարգված հեղինակությանը:
Արագ աճող ծայրամասերում հաճախ ստիպված ես լինում փութալ փողոցներին նոր անուններ դնելու համար, ընտրվում է բառարանի հատուկ բաժինը, որ գունազարդում է քաղաքի այդ մասը: Օրինակ, Մեխիկոյում, Պոլանկո ունեւոր բուրժուական թաղամասում, ուր այլոց կողքին ապրում են նաեւ զանազան դեսպանատների կցորդները, բոլոր փողոցները կրում են մեծ եվրոպացի գրողների անունները, որպեսզի Էժեն Սյուի փողոցից հասնես Էդգար Պոյի փողոցին, պիտի անցնես Հոմերոսի կամ Հորացիոսի պողոտայով, կարող ես դեմ առնել Թենիսոնին, Ալեքսանդր Դյումային, Ալֆրեդ դե Մյուսեին, Անատոլ Ֆրանսին, Լաֆոնտենին եւ Կալդերոն դե լա Բարկային: Այլ շրջանում մեծ հարեւանի նահանգներն են` Ալաբաման, Ալյասկան, Արքանզասը եւ այլն: Մի այլ տեղ` հնագիտական պեղումների վայրերն են: Եվ բոլոր այդ բառերը ձայնածում են, ընդլայնվում են, հանդես են գալիս կրպակների, բենզակայանների, հյուրանոցների ցուցանակներում, մենք խորասուզվում ենք նպատակաուղղված զուգահեռների զարմանահրաշ հարստության մեջ:
Քաղաքը` որպես գրական ժանր, կարող է առանց ճիգի նմանեցվել վեպի: Հիրավի մեծ է այն գրողը, ով կարողանում է ստիպել լսել իր պերսոնաժների ձայնը, ով նրանցից յուրաքանչյուրին հատուկ ոճով է օժտում, իսկ իր սեփական լեզուն` դա ինչ-որ գերոճ է, ոճական երեւույթների զուգակցում, լիովին բավարար հռետորի կամ քնարական բանաստեղծի բնորոշման համար: Մեծ քաղաքի ոճն էլ իր մեջ ֆանտաստիկ քանակ է զուգակցում ենթաոճերի բնակավայրերի, որոնք տեղադրված են միմյանց դիմաց կամ միմյանց վրա` նրա ներսում: Որոշ շրջաններ ղեկավարում են այլոց, պահում են նրանց ներկայացուցչությունները, դրդելով կամ ստիպելով նրանց նաեւ ընդօրինակման, այս զարգացումը կարող է տեղի ունենալ մի քաղաքից դեպի մյուսը, երբ մեկն իր մեջ է ներառում մյուսի ներկայացուցչությունը, հաճախ հատվածի տեսքով, որը տարբեր է իր ոճից եւ նույնիսկ լեզվից: Հիշենք Փոքր Տոկիոն Լոս Անջելեսում, Նյու Յորքի չինական, իտալական, պուերտոռիկական թաղամասերը: Այստեղ ծագում է նրանց հարաբերական իշխանության եւ փոխադարձ ազդեցության խնդիրը: Ո՞ր, թող եւ` նույնիսկ ամենավիթխարի վեպը կկարողանա համեմատվել նմանատիպ վերբալ միասնությունների հետ: Սկսած ամենաուշը 18-րդ դարից` ժամանակակից վեպն իր հիմքում քաղաքային է, քաղաքի նկարագրությունը տարհոսում է, բայց կազմավորվում է այլ քաղաքում կամ նրա հետ մեկտեղ:
4. Քաղաքի պատերը
Կան առավել կամ նվազ բանավոր կամ գրավոր թաղամասեր, կենտրոնը հակադրվում է ծայրամասերին, սակայն այդպիսի ընդդիմությունը նշանակում է` լոկ քաղաքի եւ գյուղի այլ, հիմնական ընդդիմության թաքուցումը:
Հինավուրց քաղաքները շրջապատված էին բերդապարսպով, արտաքին սպառնալիքից պաշտպանվելու համար` գայլերից, ավազակներից եւ բարբարոսներից, նաեւ ներքին հարստության մսխումն ու վատնումը դիմակայելու համար:
Գյուղն իր ողջ կազմով գնում է քաղաք խորհուրդ ստանալու, մասնակցում է տապանի պատերի կանգնեցմանը: Քաղաքը ճանաչվում է որպես օրենք, իշխանություն, կենտրոն, արժեք, այսուհետ գյուղն ընդունում է, որ չէր կարող առանց նրա ապրել, որ առանց այդ հանգույցի, ծանրաբեռի, թիկունքի` նա կքայքայվեր:
Քաղաքը գիրք է, ուր գրավորը հակազդում է բանավորին, իսկ սրբազանը` աշխարհիկին, ամենից առաջ` տաճար: Տաճարն իրականում` տեքստի կուտակման առաջին ձեւն է, նա` կոթող է եւ դառնում է քաղաք, խորացնելով կողքին կատարվող ծառայության հակասությունները:
Տեսանելին հակադրվում է անորոշին, պարզը` աղոտին, իսկ ազդեցիկ բերդապատերը` այդ տարբերությունների արտահայտությունն են: Քաղաքին հարկ է հեռվից նայել, ունկնդրել նրան հեռավորության վրա, հենց այստեղից են բարձրաբերձ մեհյանները, զանգակատները, մեր վիթխարի տաճարները:
Քրիստոնեական Հռոմը հիանալիորեն ցուցանում է կենտրոնի եւ ծայրամասերի միջեւ տատանվող կշեռքի պատկերը Պապի «Urbi et orbi» – (Քաղաքին եւ աշխարհին) կոչով, մի կողմից` քաղաքին, եւ մյուս կողմից` նրա շուրջ եղած երկրամասերին: Աշխարհը բաժանված է երկու փոխլրացնող, բայց ամենեւին էլ ոչ հավասար կեսերի, կարծիք կար, որ մնացյալ ամեն ինչը կանգուն է քաղաքի հաշվին: Ֆրանսիական հասարակությունը ձգտում էր վերարտադրել այդ հարաբերակցությունը Փարիզի եւ գավառի ընդդիմության մեջ: Մենք ասում ենք, որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, հայտնի է, որ հեշտ չէ Ֆրանսիան ծայրեծայր կտրել-անցնելը, երկաթուղիով կամ խճուղիով, առանց մայրաքաղաքի միջով անցնելու:
Գլխավոր քաղաքը կարող է ուղեկիցներ ունենալ, պատվիրակներ որոշակի գյուղական վայրից, քարե պարսպի ներսում` Փարիզում, կարող է գոյություն ունենալ բրետոնցիների կամ պրովանսալցիների թաղամաս: Ավելի փոքր քաղաքները մայրաքաղաքը համարում է իր արտացոլքը, արձագանքը, ձեռքերը, որն ավելի շատ է ահագնացնում նրանց միջեւ եղած հեռավորությունը, ասես ձգում է այն. մի կողմից` ամենազորությունը, մյուս կողմից` լիակատար հպատակեցումը:
Մոնոթեիստական կրոններում Արարիչն ու իր ստեղծածը անդունդով են բաժանված, հենց այդպիսի հավատալիքներում լուսանցքային դեգերումների եւ աշխարհի առանցքակետերի ընդդիմությունը հատկապես սուր է` Մեքքան, Հռոմը, Երուսաղեմը` կենտրոն է, եթե նույնիսկ նրա դերը կորսված է:
Քանի դեռ գոյություն ունի պոլիթեիզմը, այսինքն` քանի դեռ քաղաքն իր գրկում ընդունում է այլ իրավահավասար կենտրոնների ներկայացուցչությունը, ինչպես նաեւ նրանց լեզուներն ու ոճերը` նրանց մեջ ներառվող գաղափարագիր-աստվածներով, այնտեղ կտիրեն համերաշխությունն ու խաղաղությունը, սակայն, եթե Աստված մտադրվի «խանդել», եւ այլեւս իր տաճարի կողքին ինչ-որ այլ մի բան, եթե նույնիսկ դա մոտիկ չէ կանգնած, անխուսափելիորեն ծնվում է իմպերիալիզմը: Դրանով հարկ է անցնել, դա միակ հնարավոր ուղին է:
Կայսերական մայրաքաղաքում կենտրոնի եւ ծայրամասի ընդդիմությունը, intra եւ extra muros-ը արտացոլում է քաղաքի եւ գյուղի ընդդիմադրությամբ, սակայն այն պահպանելու համար, առավել երկար պատը կկառուցվի ավելի ու ավելի ընդլայնվող միասնության մեջ, նրա շուրջը կստեղծվեն նոր ծայրամասեր, որոնք կհայտնվեն պարսպի ներսում: Յուրաքանչյուր օղակում, որ նման են զիկուրատի մեկ մակարդակին, Բաբելոնյան աշտարակի հարկում, որ պատկերել է Բրեյգել Ավագը, տեղավորվում է հասարակության ինչ-որ դասակարգ: Այդպիսի օղակով մի ծայրից մյուսը գնալու համար, պետք է հատես կենտրոնական օղակները` այդժամ մենք ինչպես հարկն է` կզգանք դրանց հզորությունը, իսկ փորձություններն ու նվաստացումները միայն կբազմապատկվեն: Որոշ ժամանակ անց մեզ կհաջողվի թափանցել վերին պարսպից ներս, միայն միջնորդների, ներկայացուցիչների օգնությամբ` քաղաքի կենտրոնում հայտնվում է փակ Քաղաքը: Գյուղաբնակի ներկայացուցիչը կդառնա ծայրամասի բնակիչը եւ իր հերթին` քաղքենիով ներկայացված, նա էլ` ազնվականով, եւ այսպես շարունակ: Այժմ անհնար է, որ ինքդ անցնես կենտրոնով, իսկ անցնել պարտադիր պետք է` այս բացարձակ լեցունությունը կընկալվի որպես դատարկություն, բնակիչների մեծամասնությունը` այդ կենտրոնի կենտրոնը: Աշխարհականն այլեւս չի կարողանա վերլուծել բազային տեքստը: Սրբազան քաղաք Վատիկանի պարսպից անդին, ժամանակակից Հռոմի կենտրոնում, նախկինի պես պաշտոնական լեզուն մնում է լատիներենը:
Քաղաքի տեքստի վերադարձը
Որքան խանդոտ է կենտրոնը կամ Աստված, այնքան անխուսափելի է նրա դեգրադացիան, ինչը ստիպում է ժողովրդին քոչվորության, ընդ որում, կարեւոր չէ, արդյոք այն ելակետ կդառնա, հանց Խիջրան` իսլամական փախուստը իսլամի մեջ, կամ արտաքին Պատմության ներխուժումը, հուդաիզմի մեջ հռոմեացիների նվաճման նման: Այդ քոչվորությունները, երբ քաղաքները միմյանց հարմարվում են, ծայրամասերը` ծայրամասերին, ավերակները` ավերակներին: Հետուրբանիստական քոչվորները առանձնահատուկ դեր կխաղան տեքստերի հաղորդման եւ տարակենտրոնացման մեջ, ամրապնդվող տաճարը նրա շարժունակ համարժեքով` գրքով փոխարինելու մեջ:
Կայսերական, համակենտրոն պարիսպների միասնության տեսքով քաղաքի պատկերը, բախման դեպքում, բարդանում է` յուրաքանչյուրն ուզում է անջրպետվել: Հիշեք արեւմտյան կոնցեսիաները Շանհայում: Եվ հետո դա ամեն անգամ բարդանում է, երբ օղակներից մեկի զարգացումը վերածվում է կենտրոնի ազդեցության տարածման խոչընդոտի եւ ստվերում կթողնի վերջինս: Այդ դեպքում վերին իշխանությունը կարող է տեղափոխել կենտրոնը, ինչը որ տեղի ունեցավ կլասիցիզմի դարաշրջանի Ֆրանսիայում, Վերսալը ստեղծելիս, երբ հարկ էր փախչել փարիզյան եռուզեռից, այդ օրինակին հետեւեցին շատ այլ պետություններ: Այստեղ ամեն ինչ շրջվում է, իշխանությունների կարծիքն իմանալու համար այժմ ոչ թե քաղաքի կենտրոն են ուղեւորվում, այլ, ընդհակառակը` այնտեղից:
Փոխադրամիջոցների եւ տեղեկատվության զարգացումը կարագացնի սույն գործընթացը: Եթե ձիով կամ ոտքով մի ծայրամասից մյուսը գնալը, ամենից կարճը կենտրոնով անցնելն էր, չնայած խափանումներին եւ արգելքներին: Եթե մնացել է տեքստի միակ օրինակը կոթողի կամ ձեռագրի տեսքով, արժե, ամեն գնով, ուղեւորվել այն նայելու այնտեղ, ուր այն գտնվում է: Մեքենաներն ու ճանապարհները կատարելագործվում են, եւ շուտով, մի ծայրից մյուսն ընկնելու համար, պետք է շրջանցես ագլոմերացիան, դուրս գալով` մի կողմից եւ մտնելով` մյուսից: Տպագրությունը բազմացնում է գրանմուշները, հեռախոսով մենք կարող ենք խոսել հեռավորության վրա, մենք նորություններն իմանում ենք մամուլից, ֆաքսով, ռադիոյով, այլեւս արխիվներ գնալու հարկ չկա, դրանք կտարածվեն տարածության մեջ:
Հինավուրց քաղաքների կենտրոնները հետզհետե քայքայվում են: Հարուստները տարաբնակվում են կանաչ գոտում, նրանց տրամադրության տակ են մեքենաները, երբեմն` ինքնաթիռները: Վայրը, ուր մի ժամանակ ձեռք էր բերվում հզորությունը, քայքայվում է, այնտեղ բնավորվում են ամենաաղքատ թշվառականները, այն դառնում է ներքին, առավել ու առավել վտանգավոր ետնախորշ, մինչեւ որ վերջապես այն չեն մաքրում եւ վերածում տուրիստական գոտու: Բայց վիթխարի առեւտուրն ու զվարճանքը կազմակերպվում են այնպես, որպեսզի աղտոտված եւ ապականված կենտրոն գնալու անհրաժեշտությունը հետզհետե վերանա, տարածության փնտրտուքի մեջ նրանից փախչում են այնպիսի արագությամբ, որ երբեմն դեմ են առնում այլ քաղաքի ծայրամասին: Բերդապարիսպներն արդեն վաղուց ի վեր չկան, եւ մենք տագնապահար նկատում ենք, որ քաղաքի եւ գյուղի միջեւ եղած հնամենի էական տարբերությունը վերացված է:
Անշուշտ, աշխարհի շատ վայրերում շարունակվում է կենտրոնացած մայրաքաղաքների զարգացումը, որը դեպ իրեն է ձգում ողջ անապատային կամ դատարկված երկրի համարյա բնակչության կեսը: Վիթխարի քաղաքների այժմյան էվոլյուցիայում դարասկզբին հատկապես ապշեցնում է դրանց արագ փոխակերպումը ինչ-որ քաղաքային ցանցի, որն ունակ է եւ նույնիսկ ստիպված է, կենտրոնի կամ նրան ընթերակա շրջանների հաշվին, իր մեջ ներառնելու այն ամենը, ինչ մնում է գյուղից, անապատից, ընդ որում, խոսքը բացարձակ կենտրոնի մասին չէ: Ինչպիսին էլ լինի ելակետը, վեկտորները միշտ բազում են, եւ բոլոր փոփոխությունները հարաբերվում են տեղեկատվության փոփոխության հետ, որքան էլ անփոխարինելի եւ օգտակար լինի գիրը, այժմ այն տեքստը ֆիքսելու եւ պահպանելու միակ միջոցը չէ:
Կենտրոնի բացարձակ իշխանությունը շրջակա տարածության վրա հանգեցվում է այն բանին, որ որտեղից էլ մենք գանք, կա միայն մեկ հանձնարարված ուղղություն, տեքստերում դա արտահայտվում է առավելագույն խիստ գծայնությամբ: Ճանապարհը` մեկն է` առաջին տողից դեպի վերջինը: Նույնիսկ, եթե համանման նարատիվ կամ դիսկուրսիվ մոդելի երբեք ճշգրտորեն չեն հետեւել, մի քանի դարերի ընթացքում դրանով են առաջնորդվել գրականության եւ քննադատության ուսուցման մեջ, հատկապես Արեւմտյան Եվրոպայում: Մեզ համար կարեւոր է չմրցակցելը կայսերական քաղաքի հզորության դեմ եւ հենց դրանով նրան խրախուսել, այլ ընդհակառակը` աջակցել միանգամայն նոր փառահեղ քոչվորությանը: Հենց քաղաքի ներսում գյուղ կամ անապատ էին փնտրում կայսրերի գաղտնի այգիներում, կենտրոնի տեղաշարժը Վերսալ ուղեկցվում էր վիթխարի զբոսայգու կառուցմամբ: Այնուհետեւ սկսեցին ստեղծել զբոսայգիներ եւ զբոսապուրակներ բոլոր քաղաքացիների համար: Վեպը, որ ձեւավորվել է այս վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում` մեծ դասական քաղաքի իդեալական արտահայտությունն է, բայց այժմ հարկ է ներմուծել ցանցերի մակարդակների եւ ճյուղավորումների շարժունակ եւ բաց ձեւեր, որ արդեն առաջարկվել են մեզ ավելի վաղ դարաշրջաններում բազում ուրվանկարներով, որպեսզի ավելի ակտիվ մասնակցենք մեր աշխարհի վերափոխմանը, ուր մարտնչում են քաղաք-մրցակիցները:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՔ ԴՈՒՔ ԴԱ ՎԵՐՑՆՈՒՄ
Առաջին եւ վերջին պատասխանները
Մարդիկ հաճախ են ձեզ հարցնում, որտեղի՞ց է վերցվում այն, ինչ դուք գրում եք: Այսինքն, օգտակար հանածոների հետքի վրա ընկնելով, նրանք ուզում են իմանալ մշակումների գտնվելու վայրը, որպեսզի իրենք գնան որոնելու: Սովորաբար գրողը տալիս է անխուսափելիորեն հիասթափություն հարուցող պատասխաններ, որոնց, ի վերջո, ամեն անգամ սպառիչ բացատրություններից հետո, նա ստիպված է լինում վերադառնալու, որքան էլ որ նա բարեհամբույր եւ բացատրությունների հակված լինի:
Առաջին պատասխանը` մենք չգիտենք, թե որտեղից է վերցվում տեքստը, որ միանգամայն բնական է, քանզի, եթե մեր մեջ կա մոլություն առ գիրը, դա կնշանակի, որ մեզ հարկ է ասել այն, որ դեռեւս չի ասվել, եւ ինչը փաստորեն անհնար էր ասել: Որոշակի ճիգերի դեպքում գրողին հաջողվում է հաղթահարել այդ արգելապատը, եւ երբ գործն արված է, նրան անասելիորեն դժվար է վերադառնալ նախորդող փուլը եւ ասել, թե ինչ է տեղի ունեցել իր սեփական անգիտության մեջ: Այսպիսով, պատասխանը կլինի հետեւյալը` տեքստի ծագումը` դա այն է, ինչը դուք կարող եք գտնել հենց տեքստում:
Երբ տեքստը պատրաստ է, ինչ-որ այլ մեկը, օրինակ` համալսարանի դասախոսը, կարող է այն ուսումնասիրել` ինչպես ինչ-որ արդյունք, եւ լիովին համոզիչ կերպով ապացուցել, որ այսինչ հատվածը պայմանավորված է այս կամ այն գրական ուղղությամբ, այս կամ այն իրադրությամբ, այս կամ այն աղբյուրով: Սակայն գրողի համար նրա տեքստուալ զավակը միշտ ներթափանցված է սկզբնական անգիտությամբ:
Եթե նույնիսկ տեքստը մեզ համար շատ անհասկանալի է, այն` ինքը պարզությունն է: Գրողը հաճախ ուզում է մեզ պատասխանել, որ տեքստն անմիջականորեն իր ներսից է գալիս, ինչը ընթերցողի կամ ուսանողի տեսանկյունից միանգամայն որոշակի նշանակություն ունի: Օրինակ, երբ համեմատում են առաջին սեւագրերը եւ վերջնական արդյունքը, դժվար չէ պատկերացնել, թե ինչպես է համանման փորձը հանգեցնում նմանատիպ արդյունքի: Մենք գիտենք, թե դա ինչի պիտի հանգեցնի, եւ հարաբերականորեն դժվար չէ հետեւել բոլոր փուլերին եւ տեսնել, թե ինչպես է ձեւավորվում տեքստը: Բառերն ու նախադասությունները ասես ձգվում են առ վերջնական կառուցվածքը, որը մեր տրամադրության տակ է: Հանց քանդակագործները, որ համոզում են մեզ, որ մարմարի կտորում արդեն պարփակված է քանդակը եւ պետք է լոկ այնտեղից մակաբերել, շատ հեղինակներ պնդում են, որ տեքստն ի սկզբանե գոյություն ուներ: Հավանաբար, այն ինչ-որ տեղ եթերում է, Եդեմում, դրախտում, ինչ-որ տեղ աստվածների կամ մտքերի մոտ, այն պետք է սոսկ գրառել, ունկ դնելով ներշնչանքին կամ ձայնին:
Արժե ավելի հեռուն գնալ: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ տեքստը հանկարծ է հայտնվել: Մենք ուզում էինք ինչ-որ բան ասել, բայց չգիտեինք` հատկապես ինչ, դեռ ակնթարթ առաջ այն աղոտ էր, եւ հանկարծ անսպասելիորեն այն այստեղ է: Գիտենք` ինչը, բայց չգիտենք, թե ինչպես դա ստացվեց: Շատ դեպքերում դա ժամանակ եւ աշխատանք է պահանջում` էսքիզներ եւ ուրվագծեր են արվում, ակնհայտ է, որ դա արդեն առկա էր կառուցվածքի մեջ, այնքան որ, հստակ է նա թելադրում իր օրենքները նոր բերված տարրերին, որ երբ ձեզ մոտավորապես հայտնի է, թե ինչ եք դուք ուզում անել սկզբում, դուք հետզհետե հայտնաբերում եք, որ դուք զբաղվում եք միանգամայն այլ բանով: Գրողը ուզում է հաճելի մի բան անել որեւէ հրատարակչի, դասախոսի, ընկերոջ, ընդհանուր առմամբ, հասարակության համար, բայց եթե ստեղծագործությունն արժեքավոր է, բան դուրս չի գալիս, գրքի ներսում ինչ-որ բան դիմադրում է: Նա ինքն է ձեզ պարտադրվում եւ ստիպում է ընդունել իր նորությունը:
Ստեղծվող միասնության մեջ, դուք, ենթադրենք, զգում եք որոշակի գույնի կամ տոնայնության անհրաժեշտությունը, եւ դուք ողջ աշխարհով եւ գրքերով մեկ գնում եք դրանց ետեւից: Պոեզիայում այդպիսի կառուցվածքային պահանջների ըմբռնումը պրոսոդիա է կոչվում: Ցանկացած գրական ժանրի կանոնները` արտաքին տեսքն է, որը ընդունում են գրողի գիտակցության մեջ արարված ստեղծագործության որոշ կողմերը, հենց դրա մասին է նա ունակ խոսելու, երբ նրան հարցնում են: Եթե հեղինակին կամ նկարչին հարց են տալիս, թե նա ինչ էր ուզում արտահայտել կամ պատկերել, նա պատասխանում է` «Ես այսինչ կերպ եմ գործել»: Որպեսզի դուք հասկանաք, թե նա «ինչ է» ձեզ բացատրում, նա բացատրում է «ինչպեսը», որովհետեւ դա նշմարելի է առաջին հերթին:
Շարունակելի