500 անձ է հարցաքննվելու

13/06/2011

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է ԱՄՆ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ու հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանը: Թ. Մելիան հետաքրքրվել է, թե 2008թ. մարտի 1-ի մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո ի՞նչ արդյունքներ կան, նախաքննական մարմնին հաջողվե՞լ է արդյոք անհատականացնել մեղավոր անձանց շրջանակը: Վ Հարությունյանն ի պատասխան` ասել է. «ՀՀ Նախագահի հանձնարարականից հետո լրացուցիչ համալրվել է քննչական խումբը, կատարվել են մի շարք քննչական գործողություններ, հարցաքննվել են ավելի քան 70 վկաներ, տրվել են մեկ տասնյակից ավելի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ, մեկ անգամ եւս վերանայվել են հնարավոր բոլոր վարկածները, ապացուցողական բազան, ակնկալվում է հարցաքննել մոտ 500 անձի, ովքեր եղել են դեպքի վայրում»: Իսկ Ա. Հովսեփյանն ասել է. «Այդ առումով օբյեկտիվ են հասարակական, քաղաքական շրջանակների, տուժողների իրավահաջորդների կողմից հնչող հարցադրումները: Սակայն օբյեկտիվ են նաեւ այն խոչընդոտները, այն հանգամանքները, որոնք դժվարություններ են ստեղծում նախաքննական մարմնին. իրադարձությունները տեղի են ունեցել գիշերով, բազմահազար անձանց մասնակցությամբ, մի քանի հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող բնակելի հատվածում: Նախաքննական մարմինը իր լիազորությունները, իր գործառույթները իրականացնում է քրեաիրավական հարթությունում, մեղավոր անձանց ի հայտ բերելու, նրանց պատասխանատվություն սահմանող մեղադրանքը անհատականացնելու համար անհրաժեշտ է բավարար ապացուցողական բազա, որպեսզի դատարանում հնարավոր լինի ապացուցել այն»: