Պատասխանը կլինի՞ մոտ ապագայում

13/06/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ քաղաքական ի՞նչ շրջանակների հետ եք հանդիպումներ ունեցել եւ կոնկրետ ի՞նչ հարցեր եք քննարկել:

– Ռուսական կողմի հետ մենք պայմանավորվածություն ունենք, որ մեր հանդիպումների ձեւաչափը եւ դրանց լուսաբանման գործը որոշում եւ իրականացնում է ռուսական կողմը ռուսական լրատվամիջոցներում:

– Հայաստանի քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ Կոնգրեսի եւ իշխանության հնարավոր երկխոսությունը չստացվեց կամ հետաձգվեց նաեւ Ռուսաստանի միջամտության պատճառով: Որ ՌԴ-ն խիստ անհանգստացած է իշխանության եւ ընդդիմության երկխոսության հեռանկարից, թե միգուցե դրա արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխություններ կլինեն, որը կբերի այդ երկրի ազդեցության թուլացմանը:

– Դա իրականությանը բացարձակ չի համապատասխանում, երկխոսության հեռանկարի շուրջ այս զարգացումներում որեւէ արտաքին ուժ դեր չի կատարել: Բոլոր ասեկոսեներն ընդամենը անբարեխիղճ մարդկանց կողմից արվող շահարկումներ են: Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը, ոչ` ոչ ոք այս պրոցեսի հետ որեւէ առնչություն չունեն: Այլ բան է, որ եւ ՌԴ-ն, եւ ԱՄՆ-ը, եւ Եվրոպական միությունը բնականաբար դրական են գնահատում բոլոր այն զարգացումները, որոնք կարող են բերել ներքին քաղաքական լիցքաթափմանն ու Հայաստանում եւ տարածաշրջանում կայունության հաստատմանը:

– Ազդեցություն ասելով` նկատի ունեմ այն, որ նաեւ ՌԴ-ն է խանգարել, որ իշխանությունները համարժեք պատասխան չտվեցին երկխոսելու համար պատվիրակություն ստեղծելու` Կոնգրեսի առաջարկին:

– Չեմ կարծում, որ նման բան լիներ: Սա ավելի շատ կապված է իշխանությունների ճամբարում նկատվող անորոշության հետ: Ըստ երեւույթին դեռ չեն կողմնորոշվում զիջումների աստիճանի վերաբերյալ: Մտածում են, հավանաբար` նաեւ սպասում են որոշ արտաքին քաղաքական զարգացումներին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում Կազանի հանդիպման հետ կապված: Որ ավելի լավ պատկերացնեն, թե իրենց ինչ է սպասվում եւ ինչ զիջումների պետք է պատրաստ լինեն ընդդիմության հետ այս քաղաքական զարգացումներում:

– Դուք պատվիրակություն էիք կազմել եւ երկխոսության առաջարկ էիք արել` օրակարգի հիմնական հարց ունենալով իշխանափոխությունը: Ձեր կողմից սպասելի չէ՞ր, որ իշխանությունն իր հրաժարականի հետ կապված այդ պահանջով Կոնգրեսի հետ երկխոսության չէր գնա:

– Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, թե դա մեր օրակարգն է, եւ հաշվի առնելով կողմերի իրավահավասարությունը` նրանք էլ կարող են հանդես գալ իրենց առաջարկներով: Այստեղ որեւէ խնդիր չպիտի լիներ:

– Բայց չէ՞ որ դա էլ իշխանության ներսում կդիտվեր որպես երկխոսություն` իշխանափոխություն անելու համար: Իսկ դրան իշխանությունները հազիվ թե գնային:

– Օրակարգ ընդունելը դեռ չի նշանակում, որ կոնկրետ համաձայնություն են տալիս արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Իհարկե, նման տպավորություն կարող էր ստեղծվել, եւ նրանք շատ մտահոգ են` հաշվի առնելով իրենց առանց այդ էլ շատ խոցելի վիճակը եւ թիմի մեջ նկատվող այդ շփոթը: Բնականաբար, վախենում են, որ այդպիսի տպավորություն, իսկապես, կարող է ձեւավորվել, որ դրանով նրանք, փաստորեն, ընդառաջ են գնում ընդդիմության պահանջներին: Բայց կարծում եմ, որ սա միայն խոսում է այն մասին, որ իշխանությունը շատ թույլ է եւ վախենում է անգամ այդպիսի տպավորություններից թե՛ հասարակության մեջ, թե՛ սեփական թիմում:

– Սկզբում տպավորությունն այնպիսին էր, որ Սերժ Սարգսյանն արձագանքելով ՀԱԿ-ի բոլոր պահանջներին` համարժեք քայլ կանի նաեւ երկխոսության առաջարկին, բայց այդպես չեղավ: Ձեր կարծիքով` դա ի՞ր որոշումն է, թե՞ ներկոալիցիոն կամ ընդհանրապես ներիշխանական ճնշումներ կան նրա վրա:

– Իշխանությունները լավ կյանքից չէ, որ ընդունել են երկխոսության անհրաժեշտությունը: Որեւէ դիկտատորական ռեժիմ ռեպրեսիաներից հրաժարվում է, որովհետեւ տեսնում է, որ դրանց համար թե՛ ներքին, թե՛ արտաքին բոլոր ռեսուրսները սպառված են: Ուստի դա է իրենց դրդել կատարելու մեր պահանջները: Ըստ երեւույթին, նրանք անորոշության մեջ են եւ դեռեւս չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչքան պետք է խորացնեն այդ զիջումները: Եվ արդյո՞ք ընդհանրապես պետք է գնալ երկխոսության, թե՞ ոչ:

– Իսկ Ձեր կարծիքով` իշխանությունները ե՞րբ համարժեք պատասխան կտան Կոնգրեսի երկխոսության առաջարկին: Կամ` ընդհանրապես կտա՞ն:

– Ճիշտն ասած, մենք շատ մտահոգված չենք դրանով եւ ոչ էլ մեծ ակնկալիքներ ունենք: Երկու դեպքում էլ մենք գիտենք մեր անելիքները: Բնական է, որոշ ժամանակ, այնուամենայնիվ, կարելի է տրամադրել իշխանություններին: Ի վերջո, Ս.Սարգսյանից պատասխան դեռ չկա: Կարծում եմ, որ այնուամենայնիվ այն կլինի մոտ ապագայում: Եվ ըստ դրա` մենք կշարժվենք: Մենք երկխոսության օգուտը երկրի, հասարակության համար տեսնելով` մեր պատրաստակամությունը հայտնել ենք: Բայց եթե իշխանությունները որոշեն հրաժարվել դրանից, կարծում եմ, որ դա ավելի շուտ խնդիրներ կստեղծի` իրենց, եւ ոչ թե` մեզ համար: Իրենք պետք է հաշվեն` արդյո՞ք ցանկանում են լիցքաթափել լարվածությունը, թե՞ գործել պայթյունավտանգ իրավիճակում:

– Ի՞նչ է պատրաստվում անել Կոնգրեսը, եթե իշխանությունները չպատասխանեն երկխոսության առաջարկին:

– Եթե չի լինում երկխոսություն, մեր ձեռքերն ազատ են լինում արդեն ժողովրդին ոտքի կանգնեցնելու եւ հարցերը շատ ավելի սուր դնելու համար: