Ցուցակային անհանգստություններ

13/06/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Չնայած կոալիցիոն կուսակցությունները հերքում են, թե իրենց գրասենյակներում արդեն քննարկում են 2012թ. խորհրդարանական ընտրությունների իրենց համամասնական ցուցակների հարցը, այդուհանդերձ, եթե ոչ հատուկ քննարկումները, ապա` խմբակային, կուլիսային թեժ խոսակցությունները նրանց շրջանում սկսվել են շատ վաղուց: Նման քննարկումներ, բնականաբար, միայն կոալիցիոն կուսակցություններում չէ` որ տեղի է ունենում:

Այս թեման շատ ավելի լուրջ ու անհամեմատ ավելի բուռն քննարկվում է նաեւ մյուս քաղաքական ուժերի մոտ, մասնավորապես` ՀԱԿ-ի, քանի որ 18 քաղաքական ուժից բաղկացած կոնգրեսի ղեկավարության համար բոլորի ցանկությունները համատեղելն իսկապես շատ դժվար է:

Կոալիցիոն կուսակցություններում շատ գործիչներ նման խոսակցությունների միջոցով նախ փորձում են հասկանալ, թե ինչպիսի ընկալում ունեն իրենք իրենց վերնախավում, հետեւաբար` ինչպիսի շանսեր ունեն խորհրդարան մտնելու` ցուցակո՞վ, թե՞ մեծամասնական ընտրակարգով: Այսինքն` շատերը նախ փորձում են հասկանալ իրենց վերադասի տրամադրվածությունը: Բնականաբար, սա ենթադրում է, որ նման քննարկումները տեղի են ունենում ոչ թե կուսակցության պահակի հետ, այլ` այն միջավայրերում, որտեղ գոնե կա մեկը, ով անձամբ ղեկավարության հետ շփվելու «բախտ» ունի: Նման թեմա քննարկվում է նաեւ, ինչպես իրենք են ասում` «շեֆության» հետ ոչ անմիջական, բայց միջնորդավորված կապեր ունեցողների հետ: Չնայած ՀՀԿ փոխնախագահի մակարդակով արված հայտարարությանը (հասկանալի է, որ Ռազմիկ Զոհրաբյանն այս հայտարարությունն ինքնաբուխ չի արել), որ առաջիկա խորհրդարանում գործարարները նվազագույն ներգրավվածություն են ունենալու, եւ որ նոր ձեւավորվող խորհրդարանը լինելու է պրոֆեսիոնալ, գործարարներից շատերը տարբեր վայրերում հայտարարում են, որ առաջադրելու են իրենց թեկնածությունը: Սակայն, դատելով քննարկումների ժամանակ գերիշխող մոտեցումներից, հասկանալի է դառնում, որ իշխանությունների մոտ իսկապես գործարարների թիվը կտրուկ իջեցնելու միտում կա: Իսկ ովքե՞ր են փոխարինելու նրանց` հաշվի առնելով կոալիցիոն ուժերից յուրաքանչյուրի մարդկային ռեսուրսների սղությունը: Բանն այն է, որ այսօր տարբեր բեւեռներից դեպի իշխանական շրջանակներ մարդիկ են գործուղվում, որոնց նպատակը ԱԺ-ում «նոր որակի» անհրաժեշտության քարոզչությունն ու լոբբինգն է: Այդ «նոր որակն», ի դեպ, ունի կոնկրետ չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն «նոր դեմքերը». երիտասարդ, բարձրահասակ, ներկայանալի արտաքին, բարձրագույն կրթության դիպլոմ` պարտադիր արտերկրի որեւէ կրթական հաստատության (գնահատականները կարեւոր չեն, բայց ցանկալի է, բարձր առաջադիմությամբ), «ժամանակակից սանրվածքով», մի խոսքով` ինչպես ընդունված է ասել` «գլամուրային երիտասարդ» (սեռին, հասկանալի պատճառներով` մեծ կարեւորություն չի տրվում): Ինչպես նկատեց մեր զրուցակիցներից մեկը` բոլոր այս հատկանիշներն ապահովելու դեպքում` այլ որակներին առանձնապես ուշադրություն չեն դարձնելու: Խոսքը ինտելեկտուալ կարողությունների մասին է, քանի որ, ըստ մեր զրուցակցի` վերոնշյալ դիպլոմը ներկայացնելու դեպքում դա համարվում է «ստուգված»: Երեկ մեզ հետ զրույցում շատերը պնդում էին, որ նման «չափորոշիչներով ջահելների» պակաս Հայաստանը չունի: Ավելին` նրանց հավաքագրելու անհրաժեշտություն էլ չկա, քանի որ նրանք այս տարիների ընթացքում անդամագրվել են ՄԻԱԿ-ին: Սակայն, մեր զրուցակիցների ասելով, նրանք շատերի համար ընդունելի չեն, եւ դեռեւս շուտ է կանխատեսումներ անել, որ նրանք ապագա խորհրդարանում տեղ կունենան` չնայած լոբբինգներին: Բանն այն է, որ ԱԺ գործարար պատգամավորները, որոնց փոխարեն ոմանք ցանկություն ունեն ԱԺ-ում տեսնել ՄԻԱԿ երիտասարդներին, լուրջ դժգոհություններ ունեն, որոնք արտահայտում են տարբեր հավաքներում: Խնդիրն այն է, որ գործարար պատգամավորները, ովքեր ընտրությունների արդյունքներն ապահովելու գործում լուրջ դերակատարում ունեն, տարբեր միջավայրերում հայտարարում են, որ եթե իշխանությունները որոշեն, որ իրենց փոխարեն ԱԺ-ում նման «անհասկանալի պրոֆեսիոնալներ» են լինելու, ապա իրենք որեւէ աջակցություն չեն ցուցաբերելու եւ լինելու են պասիվ:

Ի դեպ, այս առումով բավական լուրջ է վիճակը ՀՀԿ-ում, որտեղ մեծ թվով գործարարներ կան: Անհանգիստ են նաեւ ԲՀԿ շարքերը, որտեղ նույնպես քիչ չեն գործարարները: Իսկ ՕԵԿ-ում նման խնդիրներ դեռեւս չկան, քանի որ ՕԵԿ-ը, ինչպես հայտնի է` ամենայն հավանականությամբ մասնակցելու է ՀՀԿ-ի հետ միեւնույն ցուցակով: Այսինքն` նրանց ցուցակի ճակատագիրը որոշելու է ոչ թե Արթուր Բաղդասարյանը, այլ` Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա մեր տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավորներից հաջորդ գումարման ԱԺ-ում չեն լինելու Գագիկ Աբրահամյանը, Վարդան Այվազյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Տիգրան Արզաքանցյանը, Մանվել Բադեյանը, Արկադի Համբարձումյանը, Մանվել Ղազարյանը, Վահե Հակոբյանը, Ռուբեն Հայրապետյանը (այդ մասին նա անձամբ է հայտարարել), Գրիգոր Մարգարյանը, Խաչիկ Մանուկյանը, Արմեն Պուրտոյանը, Ալեքսան Պետրոսյանը եւ Լեւոն Սարգսյանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` հաջորդ ԱԺ-ում չեն լինելու նաեւ Զոհրապ Զոհրապյանը, Վազգեն Կարախանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Միշա Ստեփանյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Հրանտ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը եւ Առաքել Մովսիսյանը: Ի դեպ, մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ` Սահակյանների ընտանիքից հաջորդ ԱԺ-ում ներկայացված կլինի մեկ հոգի, եւ դա կլինի Գալուստ Սահակյանը, քանի որ, ըստ խոսակցությունների` Արման Սահակյանը ցանկանում է լինել գործադիր մարմնում, ոչ թե խորհրդարանում: Ի դեպ, ՀՀԿ-ում լուրջ քննարկում է ընթանում նաեւ այն հարցի շուրջ, թե կանանցից ովքեր են համամասնական ցուցակում անցողիկ տեղեր զբաղեցնելու: Ասում են, որ կանանցից շատերը պայքարում են, որպեսզի ցուցակի անցողիկ տեղում չհայտնվի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Սակայն, մեր տեղեկություններով, այդ ջանքերն ապարդյուն են, քանի որ Հ. Նաղդալյանի դիրքերն աներեր են: Բանն այն է, որ Հ. Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ում Տնտեսական հանձնաժողովի նախագահն է, եւ իշխանությունները չեն կարող նրա համար անցողիկ տեղ չապահովել: ՀՀԿ ցուցակում ամենայն հավանականությամբ կընդգրկվեն նաեւ «Միկա ցեմենտ» գործարանի գործադիր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն ու ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, Երեւան քաղաքի ավագանու անդամ, Ֆինանսավարկային, տնտեսական, առեւտրի ծառայությունների, տրանսպորտի եւ ճանապարհաշինության հետ կապված հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Հայրապետյանը: Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա, մեր աղբյուրների փոխանցմամբ` իրենց տեղերը զիջելու են Արմեն Աբրահամյանը, Կարո Կարապետյանը, բոլոր ժամանակների պատգամավոր (ի դեպ, տարբեր կուսակցություններով) Հարություն Ղարագյոզյանը, Աշոտ Տոնոյանը, Վերսանդիկ Հակոբյանը, Արմեն Մելիքյանը, Մելիք Մանուկյանը եւ Արագած Ախոյանը: Իսկ ցուցակում հնարավոր է` հայտնվի նաեւ «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը: