«ՀԱԿ-ը փոխարեն ձգտելու միավորել ամբողջ ընդդիմադիր դաշտը, գնում է երկխոսության կամ բանակցությունների: Դա զարմանալի մի ֆենոմեն է, որովհետեւ, ըստ տրամաբանության, նրանք պետք է միավորվեին, նոր առաջարկ անեին բանակցելու»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ավելացնելով, որ ՀԱԿ-ի այդ մոտեցումը «շատ հետաքրքիր քաղաքական խաղ է», եւ աշնանն ինքը կրկին հարցումներ կանցկացնի` տեսնելու, թե ինչ արդյունքներ են ունեցել այս զարգացումները: Վկայակոչելով իր հարցումների արդյունքները, ըստ որոնց` Հայաստանում աղքատները շատացել են, բայց իրենց աղքատ չեն զգում, Ադիբեկյանն ընդգծել է, որ հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի գործոնները քաղաքական ուժերը պետք է իրարից առանձին դիտարկեն: «Այստեղից պարզ է դառնում, թե ինչի ՀԱԿ-ը ծայրահեղ ընդդիմադիր դաշտից գնում է դեպի կենտրոնամետ, որովհետեւ սոցիալական ըմբոստության վրա սեփական նախընտրական պայքարը հենելը մեծ արդյունքների չի բերի»,- հայտարարել է Ադիբեկյանն` ավելացնելով, որ ընտրազանգվածին գրավելու միակ տարբերակն այն է, որ քաղաքական ուժերը լինեն կառուցողական եւ մարդկանց հավատ ներշնչող իրատեսական ծրագրեր առաջարկեն: Նրա խոսքով, ընդդիմադիր դաշտից կենտրոն գնալով` ՀԱԿ-ը կորցնում է ընդդիմադիր ձայների մեծ մասը: «Երեւի կմնա նրա ձայների մեկ երրորդը, որը կմնա հավատարիմ եւ կգնա ՀԱԿ-ի հետ այնտեղ, որտեղ նա գնա, բայց դա ընդամենը կազմում է 4-5 տոկոս: Բայց կա մոտ 15-20 տոկոս ձայն, որը ՀԱԿ-ը կարող է հավաքել իր օգտին, այսինքն` մեր գնահատականներով` 20-25 տոկոս ընդդիմադիր եւ իշխանամետ ձայների զանգվածը կարող է դառնալ ՀԱԿ-ի նախընտրական պայքարի արդյունքը»,- ասել է նա: Ահարոն Ադիբեկյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ պայքար է ծավալվում ոչ միայն իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլեւ առանձին ընդդիմության եւ իշխանության ներսում: Այս իրավիճակը Ադիբեկյանին հույս է ներշնչել, որ Հայաստանում «ժողովրդավարական վիճակը կզարգանա», քանի որ ընտրատարածքներում, ընտրահանձնաժողովներում կլինեն բոլոր ուժերի ներկայացուցիչներից, ինչը կնվազեցնի մեքենայություններ ու խարդախություններ անելու հավանականությունը: «Եվ մենք հույս ունենք, որ Ազգային ժողովի այս ընտրությունները կլինեն ավելի թափանցիկ, ավելի արդար, ավելի մաքուր, եւ եթե մի բան լինի, կլինի ընտրատարածքներից դուրս նախապատրաստական աշխատանքներում` սկսած կաշառքները, ահաբեկելը եւ մյուս բաները»,- ասել է Ադիբեկյանը: