Ինչպես կենտրոնացնել կոռուպցիան

13/06/2011

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ է դրել «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Այն տեղադրված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում` «օրակարգում չընդգրկվածներ» բաժնում: Ըստ Վ. Դալլաքյանի նախագծի` ծառայությունը պետք է հանդիսանա օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անկախ մարմին: Իսկ ծառայության աշխատակիցների բազային պաշտոնային դրույքաչափը պետք է 3 անգամ գերազանցի ՀՀ պետական բյուջեով հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերին: Ծառայության ղեկավարին պետք է նշանակի հանրապետության նախագահը` ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցելով: Ըստ Վ. Դալլաքյանի նախագծի՝ ծառայության ղեկավար կարող է նշանակվել ՀՀ այն քաղաքացին, ով տիրապետում է հայերեն լեզվին եւ առնվազն մեկ օտար լեզվի, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ համապատասխան պաշտոնում աշխատելու համար աշխատանքային փորձ, եւ չունի դատվածություն։ Ի դեպ, բացի այդ՝ Վ. Դալլաքյանը ԱԺ-ին է ներկայացրել նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի նախագիծ, որտեղ հստակ սահմանել է, թե ինչ է կոռուպցիան։ «Կոռուպցիան սոցիալական, քաղաքական իրավական երեւույթ է, որն արտահայտվում է պետական ծառայողների եւ ոչ պետական կազմակերպությունների աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները եւ կարգավիճակից բխող հնարավորություններն անձնական, խմբակային, ընկերային շահերի համար օգտագործելու մեջ»,- նշված է նախագծում։

Անկեղծ ասած, ոչ ոք չի կասկածում, որ Վ. Դալլաքյանը ցանկանում է արմատախիլ անել այս երեւույթը Հայաստանում։ Սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ այս կառույցը հենց ինքը չի դառնա ամենամեծ կոռուպցիոները։ Ցավոք, մեր պետության նորագույն պատմության մեջ նման օրինակները շատ են, երբ «ունքը սարքելու փոխարեն` աչքն են հանում»։ Օրինակ՝ տարիներ առաջ ստեղծվեց պետական գնումների գործակալությունը, որպեսզի նախարարությունները հնարավորություն չունենան ինքնուրույն մրցույթներ անցկացնել, եւ կոռուպցիոն սխեմաներով՝ «ատկատներով» գումարներ վաստակել։ Սակայն «ատկատները», ինչպես հայտնի է, չեն վերացել, փոխվել է միայն դրանց փոխանցման ճանապարհն ու բարձրացել են «ստավկաները»։