Անկեղծ չենք։ Եվ ոչ միայն

13/06/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Կան մարդիկ, ովքեր փորձում են վիճարկել Նիցշեի հայտնի միտքը` յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն իշխանություններին, որն ունի: Իբր` միտքը հաջող չէ այն իմաստով, որ պարբերաբար կրկնելով այն` ժողովրդին ստիպում են հաշտվել իրականության հետ, իրեն արժանի համարել իշխանությանը, իջեցնել ինքնագնահատականի սանդղակը: Կարճ ասած` ստիպում են չպայքարել:

Սակայն մեր երկրի դեպքում, որքան էլ փորձես հակափաստարկներ մտածել, չի ստացվում. իրականությունն այն է, որ մենք իրո՛ք արժանի ենք մեր իշխանություններին: Խնդիրը միայն այն չէ, որ իշխանությունները վատն են: Այլ այն, որ մենք նույնքան վատն ենք, որքան մեր իշխանությունները: Իշխանությունը չարաշահելու, ունեցած իշխանությունից հնարավորինս շատ նյութական օգուտ ստանալու մղումը դարձել է խիստ բնորոշ մեր հասարակության գրեթե բոլոր անդամներին` անկախ ունեցած իշխանության չափից, զբաղեցրած դիրքից: Ընդ որում, անազնիվ լինելուց մարդիկ իրենց վատ չեն զգում: Ունեն լուրջ հիմնավորումներ` խաբում են բոլորը` երկրի առաջին դեմքից` մինչեւ երթուղայինի չսափրված ու ծխախոտն ատամների տակ սեղմած վարորդը: Ինչո՞ւ մենք պետք է բացառություն լինենք:

Երկրի նախագահի իշխանությունը անհամեմատ մե՞ծ է, ուրեմն մեծ են նաեւ իշխանությունից օգտվելու, իշխանությունը չարաշահելու մասշտաբները: Իրենց չափով ունեցած իշխանությունից օգտվում են նաեւ կուսակցականները: Կուսակցական (հատկապես կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների անդամ) լինելը մեր երկրում, անկեղծ լինենք, պատվաբեր չէ, սակայն ձեռնտու է: Եթե կուսակցական ես, ապա մեկնարկային հնարավորություններդ անհամեմատ ավելանում են, մեծանում է իշխանությունից հնարավորինս մեծ գդալով օգտվելու հնարավորությունը:

Եթե փոքր-ինչ նեղացնենք Նիցշեի միտքը` կուսակցականներն արժանի են այն կուսակցական առաջնորդին, ում կուսակցությանն անդամագրվել են: Մեր կուսակցություններում էլ ինքնախաբեությունը, հասարակությանը հիմարացնելը լուրջ գործիքներ են: Որքան հմտորեն են կիրառվում այդ գործիքները, այնքան մեծ է հավանականությունը, որ ընտրություններին կուսակցության հապավումի դիմաց կնկարվի մեծ թիվ:

Մայրաքաղաքի տարբեր վայրերում շատ կան շինություններ, ուր շենքի ողջ երկայնքով փակցված է` «Օրինաց երկիր»: Ի դեպ, տառերն այնքան մեծ են, որ երեւում են անգամ շատ հեռվից: Այն, որ այս կուսակցությունը 2008-ի նախագահական ընտրություններին բարոյական խայտառակ պարտություն կրեց, հետեւաբար` այս կուսակցության շարքերը զանգվածաբար լքեցին շատ ազնիվ մարդիկ, գիտեն բոլորը: Հասկանալի է, որ այս դատարկ գրասենյակներով փորձ է արվում պատրանք ստեղծել, որ կուսակցությունը լի է բազմահազար ժրաջան կուսակցականներով, ովքեր օրնիբուն զբաղված են ակտիվ գործունեությամբ: Հասկանալի է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ էլ այս դատարկ գրասենյակներում բազմաթիվ իրադարձություններ կզարգանան: Սակայն իրականությունը դրանից չի փոխվի…

Կուսակցական հիերարխիան այնպիսին է, որ մարդիկ վախենում են ճիշտ գնահատել միմյանց ու իրավիճակները, քանի որ անարդարության չափն ու սոցիալական բարեկեցությունն այս դեպքում ուղիղ համեմատական են:

Օրերս լուրեր տարածվեցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գիրք է գրել` «Հայաստանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն» խորագրով: Եթե ասվեր, որ նա հովանավորել է գրքի տպագրությունը, մտովի կամ բարձրաձայն երախտիքի խոսքեր կհնչեին եւ որեւէ խնդիր չէր լինի: Սակայն պնդել, թե նա ուսումնասիրություններ է արել, օրվա մեջ մի քանի ժամն անց է կացրել գրքերով ծանրաբեռնված գրասեղանի առաջ եւ գիրք գրել, նշանակում է` հասարակության ուշադրությունը եւս մեկ անգամ բեւեռել հարցին` կարո՞ղ է նա գրել: Գի՛րք: Որեւէ մեկը պարոն Ծառուկյանից երբեւէ չի ակնկալել գիտական գործունեությամբ զբաղվել, եւ նրանք, ովքեր անդամակցում են նրա կուսակցությանը, այդ քայլին դիմել են ամենեւին ոչ նրա ակադեմիական գիտելիքների համար: Այդ դեպքում, ինչի՞ համար է այս լուրը: Առավել եւս, որ մեր քաղաքական դաշտում գնահատվող հատկանիշների փոքրիկ ցանկում ակադեմիզմն առհասարակ տեղ չունի:

Իսկ այն, որ մենք իրո՛ք արժանի ենք մեր իշխանություններին, կարելի է հիմնավորել մի պարզ վիճակագրությամբ: Նրանք, ովքեր ունեն մի փոքր իշխանություն, պատրաստ են այն չարաշահել: Ովքեր ունեն անազնիվ լինելու հնարավորություն, չեն կարող դրանից չօգտվել: Գիտնական, ուսուցիչ, ինժեներ, պետական մեծ կամ փոքր ծառայող, բժիշկ…

Բժիշկները, թվում է, կիրթ, գրագետ մարդիկ են: Սակայն նրանք եւս դեմ չեն քեզ խաբել: Ամենաթարմ օրինակը. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում երեխայի յոթ տարեկանը լրանալուն պես նրա ունեցած քարտի համար պահանջում են 8000 դրամ: 8000-ական դրամ պահանջում են նաեւ աչքերի բուժման յուրաքանչյուր գործողության համար: Ի դեպ, նախորդ տարի նույն ծառայությունը մատուցվում էր 3000 դրամով: Մուծելով 24.000 դրամ` ակնկալում ես, որ երեխադ կստանա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը: Սակայն անգամ 266 տոկոսով թանկացնելով ծառայությունը, միեւնույն է, փորձում են հիվանդից եւս ինչ-որ բան կորզել. բուժքույրը բուժման կուրսը սկսելուց առաջ խնդրում է բերել երկու բինտ եւ Նո-Շպա: Զանգահարում եմ բուժական մասով փոխտնօրենին եւ հետաքրքրվում` ինչո՞ւ են հիմարացնում մարդկանց եւ ինչո՞ւ պետք է ծնողը 24.000 դրամ վճարելուց հետո վազի դեղատուն` երկու բինտի եւ անհրաժեշտ դեղի ետեւից: Վերջինս, իբր, անակնկալի է գալիս, զայրանում անարդարությունից, խնդրում, որ գնանք իր հետ զրուցենք: Արդյունքում, հասկանալի է, երեխաների աչքերի բուժման համար անհրաժեշտ բինտն ու դեղը սկսում են տրամադրել: Սակայն ինչո՞ւ չի կարելի ազնիվ լինել նախապե՛ս, առավել եւս` եթե չկան անազնվության համար հիմքեր:

Այս միջավայրում երկրի նախագահը կարող է շարունակել գրել գեղեցիկ տեքստեր, ՕԵԿ-ը կարող է բացել նորանոր գրասենյակներ: Չի բացառվում, որ ընթերցողի սեղանին դրվի արդեն «Հայաստանն ու ՄԱԿ-ը» գիրքը` հայտնի հեղինակով: