Վերջին օրերին կրկին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Երեւանի կենդանաբանական այգին:
Մամուլում սկսեցին խոսել սեւաթույր կարապների, ենոտական շների եւ ուղտայծերի սատկելու մասին: Դրան հաջորդեցին Երեւանի կենդանաբանական այգու նոր տնօրեն, մասնագիտությամբ կինոռեժիսոր, երաժիշտ Ռուբեն Խաչատրյանի մեկնաբանություններն այն մասին, թե տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում, եւ ոչ մի ուղտայծ, ենոտական շուն չեն սատկել, այլ սատկել են երկու սեւաթույր կարապները, որոնք մինչ նոյեմբեր ամիսը պետք է մնային Պարզ լճում:
Թե ինչո՞ւ էին կարապները տեղափոխվել Պարզ լիճ, ի՞նչ գործարքի հիման վրա, դեռեւս մութ է, փոխարենը` կարապներն ախտորոշվում են Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշման կենտրոնում:
Այն, որ կենդանաբանական այգում ժամանակ առ ժամանակ նման դեպքեր էին տեղի ունենում` փաստ է: Ամենացայտուն օրինակը Մաշա փղի մահն էր: Կենդանու անհասկանալի մահվան առնչությամբ այգու տնօրինությունն այդպես էլ որեւէ բացատրություն չտվեց, թե ինչո՞ւ փիղը սատկեց, կամ ինչո՞վ էր պայմանավորված կենդանու լյարդում հայտնաբերված կալիումի ցիանիդի պարունակությունը: Ինչեւէ, փղի սատկելու բուն պատճառները քողարկվեցին այնպես, ինչպես մյուս կենդանիների դեպքում: Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրինությունը պարզապես ժամանակ չուներ այս կամ այն կենդանու սատկելու պատճառների պարզաբանմամբ զբաղվել, քանի որ ավելի լուրջ գործ կար, ինչպիսին էր այգում ծավալված ստվերային բիզնեսը: Պարզվում է՝ Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրինությունը ապօրինի կերպով նաեւ ինկուբատոր է գործածել, որի գոյությունը գոնե մեզ համար աննկատ կմնար, եթե օրեր առաջ կենդանաբանական այգում պատահաբար չլսեի այցելու կանանցից մեկի խոսքը: Վերջինս 3-ամյա աղջկան հորդորում էր այլեւս չվազել՝ զգուշացնելով. «Ըտեղ էլ բան չկա, ինկուբատորն ա»: Կնոջ խոսքերից հետո, մեղմ ասած՝ շոկի մեջ էի: Ինկուբատորի կիրառման տարեթիվը, իհարկե, դժվար էր իմանալ, փոխարենը՝ որոշ աղբյուրների համաձայն՝ դա եղել է Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի եկամուտների «մեքենաներից» մեկը: Բացի ինկուբատորից ստացած եկամտից, այգու նախկին տնօրենը կոպեկներով թռչուններ էր գնում գյուղացիներից, թռչունների վերավաճառքի պայմանագրեր էր կնքում միջազգային կենդանաբանական այգիների, անհատ ձեռներեցների հետ, ովքեր այգիներ ունեն: Օրինակ, սպիտակագլուխ անգղի վաճառքի գինը 2000 դոլար էր, սեւ անգղինը՝ 5000 դոլար (այս թռչունն անհետացող տեսակներից է եւ գրանցված է Կարմիր գրքում): Ըստ որոշ աղբյուրների՝ կենդանաբանական այգին թռչուններ էր վաճառում նաեւ ռեստորաններին ու զվարճանքի վայրերին: Օրինակ, 1 սիրամարգն արժեր 200-500 դոլար, սեւաթույր կարապը՝ 1500 դոլար, թութակները՝ 5000 դոլար եւ այլն: Նույն աղբյուրների համաձայն՝ այգին թռչնավաճառությամբ զբաղվում էր նաեւ Զեյթունի թռչունների շուկայում:
Դրան զուգահեռ` կենդանաբանական այգու բյուջե էր մուտքագրվում նաեւ այգու տարածքում գործող կարուսելներից ստացված հասույթը: Մեր աղբյուրների համաձայն՝ թռչնավաճառությունից հետո Ս. Աբովյանի երկրորդ բիզնեսը կարուսելներն էին: Ընդ որում՝ ինկուբատորի փակումը մեծ ընդզվումների տեղիք էր տվել աշխատակիցներից շատերի շրջանում, ովքեր, բացի աշխատավարձից, հավելյալ գումարներ էին ստանում Ս. Աբովյանի «գրպանից»: Ի դեպ, նկատենք, որ այգու աշխատակիցներն աշխատում էին չնչին վարձատրությամբ:
Այս օրերին այգու աշխատակիցների շրջանում բողոքի ալիք է բարձրացել, ովքեր ստորագրահավաք են կազմակերպել այգին, ինչպես ասում են` «սեփական դուքանի» վերածած նախկին տնօրեն Ս. Աբովյանի վերադարձի համար: «Այդ ստորագրահավաքը կազմակերպվել է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր բուն պատճառը չեն հրապարակել: Մարդկանց ավելի մեծ բանակ ներգրավելը կատարվել է խաբեության կարգով: Ստորագրողների մեծ մասին ասել են, որ Աբովյանը հետ է դառնալու աշխատանքի, ու սպառնում են՝ ով չի ստորագրելու, կհեռացվի աշխատանքից: Իսկ քանի որ աշխատակիցներից սոցիալական վատ վիճակի մեջ գտնվողները շատ էին, աշխատանքը կորցնելու վախից ստորագրել էին: Եղել էին դեպքեր, երբ ասել էին` աշխատանքի ժամերը կրճատելու համար է դիմում գրվել: Իսկ ոմանք անգամ չեն տեսել ու չեն կարդացել բուն դիմումը: Տարբեր դեպքեր են եղել: Նույնիսկ դեպք է եղել, երբ դատարկ թղթի տակ են ստորագրել տվել»,- մեզ հետ զրույցում ասաց այգու Վիվարիումի բաժնի վարիչ Անուշ Ռաֆայելյանը: Ըստ նրա՝ ստորագրողների շրջանում կային նաեւ այլազգի աշխատակիցներ, ովքեր հայերեն տառերը չգիտեին: «Իմ բաժնի սպասարկող բանվորին ասել էին, որ պետք է ստորագրի, որպեսզի Աբովյանը հետ գա, հակառակ դեպքում աշխատանքից հեռացվելու է: Հուլիսի 6-ին բոլորը սպասում են Աբովյանի հետ գալուն: Ասեկոսեներ են պտտվում, որ նա հետ է գալու: Երբ Աբովյանին աշխատանքից ազատել էին, նա ժողով էր կազմակերպել բաժնի վարիչների հետ, որին անձամբ ես ներկա էի: Աբովյանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքը ժամանակավորապես զիջում է իր պաշտոնը: Նա ասաց, որ` եկողների հետ չգնաք կոնտակտի, այս ամենը պրովոկացիա է, եւ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում»,- ավելացրեց այգու աշխատակիցը: «Իմ գալուց 3-4 օր հետո, կային մարդիկ, ովքեր որոշեցին, որ իրենք պետք է արձակուրդ գնան: Դրանք կենդանաբանական այգու գլխավոր պոզիցիաներն են՝ գլխավոր բժիշկը, գլխավոր անասնաբույծը, ինչ-որ բաժնի գլխավոր անասնաբույծը եւ այլն»,- մեզ հետ զրույցում նշեց այգու նոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ում ասելով՝ մեկ ամսում իրենք ստացել են այգու մեկ տարվա բյուջեն: Ըստ նրա՝ ստորագրահավաքի ետեւում կոնկրետ մարդիկ են կանգնել: Ընդ որում՝ ստորագրահավաքի նախաձեռնողների շարքում շրջանառվում են WWF-ի տնօրեն Կարեն Մանվելյանի ու այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի անունները: Երեկ մենք փորձեցինք զրուցել նաեւ այգու նախկին տնօրենի հետ, ում հեռախոսն արգելափակված էր, եւ այդպես էլ չհաջողվեց խոսել նրա հետ: Ի դեպ, որոշ փաստեր ճշտելու փորձ արեցինք նաեւ Կ. Մանվելյանից, ով ժխտեց, թե տվյալ հեռախոսահամարն իրենն է: Ցավալին այն է, որ մարդկային կրքերի ու անհագ ցանկությունների կիզակետում հայտնվել են անպաշտպան կենդանիները, որոնցից շահ ստանալու համար մարդը պատրաստ է ամեն քայլի:
Ավելացնենք, որ միայն նախորդ տարվա հունվար ամսին կենդանաբանական այգում սատկել են 1 գլուխ սարի սագ, 1 գլուխ արքայական փասիան, 1 գլուխ երգող թութակ, 1 գլուխ ճահճային մկնաճուռուկ: Փետրվար ամսին՝ 2 գլուխ մարմարյա չիրոկ, 1 գլուխ սիրամարգ, մայիսին՝ 1 գլուխ սիրամարգ, օգոստոսին՝ 1 գլուխ թութակ նանդիա, սեպտեմբերին՝ 2 գլուխ ոսկյա փասիան, հոկտեմբերին՝ 1 գլուխ թագավորական փասիան, 1 գլուխ մանդարինկա, 3 գլուխ Կարմիր բադ, նոյեմբերին՝ 1 գլուխ ոսկյա փասիան, 1 գլուխ սարի սագ, 1գլուխ սիրամարգ, դեկտեմբերին՝ 2 գլուխ Կարելիա թութակ, 2 գլուխ Կարմիր բադ: Մեկ տարվա ընթացքում սատկել են՝ 1 գլուխ ասիական ընձառյուծ, 1 գլուխ աֆրիկյան ջայլամ, 2 գլուխ կանաչ իգուան, 1գլուխ պտտակավոր եղջերու, 2 գլուխ հայկական մուֆլոն, 1 գլուխ շերտավոր բորենի: