Օրերս կառավարության շենքի մոտ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ցուցարարներին միացել էին նաեւ Ֆիրդուսի փողոցի բնակիչները, որոնց մտավախությունը, թե քաղաքապետարանն ուզում է իրենց բնակարանները գնել, պարզվում է, անտեղի է: Շուրջ տասը տարի է, ինչ լուրեր են շրջանառվում, թե «Ֆիրդուսնոցը»՝ տոնավաճառը, քանդվելու է, մինչդեռ այդ խոսակցությունները մինչ օրս էլ պարզապես խոսակցությունների մակարդակի են:
Քաղաքապետարանի մամլո ծառայությունից մեզ տեղեկացրին, որ ներկայումս Ֆիրդուսի փողոցի հետ կապված ծրագիր չկա, իսկ առաջիկայում կլինի, թե ոչ՝ պարզ չէ: Այդուհանդերձ, այցելելով այդ թաղամաս, պարզ դարձավ, որ բնակիչների կռիվը կապված է ոչ այնքան կառավարության, որքան միմյանց հետ: Բնակիչներից ոմանք կողմ են, որ տարածքը քանդվի, իսկ ոմանք էլ հայտարարում են, որ այդտեղից դուրս չեն գալու:
Ֆիրդուսի փողոցի բնակիչների մեծամասնության աշխատանքի ու եկամտի աղբյուրը նույն փողոցում գտնվող տոնավաճառն է: Բնակիչներից շատերը տարիներ առաջ տնամերձ բակերում ինքնակամ տարածքներ են յուրացրել, սակայն այդ տարածքները համարվում են պետական սեփականություն: Ինքնակամ տարածքներ ունեցողները դրանք վարձակալությամբ տալիս են առեւտրականներին: Տոնավաճառում տաղավար զբաղեցնող մի առեւտրական, որը նույնպես Ֆիրդուսի փողոցի բնակիչ է, ասաց, որ այդ տարածքների դիմաց մեծ փողեր են պտտվում, թեեւ նա խուսափեց կոնկրետ գին ասել, թե որքան են վճարում մեկ տաղավարի համար, այնուամենայնիվ նշեց, որ նվազագույնը 100 դոլար է: Նրանք, ովքեր տոնավաճառի առեւտրականներին վարձակալությամբ տարածք են տրամադրում, բնականաբար, կտրականապես դեմ են, որ «Ֆիրդուսնոցը» քանդվի: Իսկ մյուսների համար դա նույնիսկ երազանք է, քանի որ տները հին ու կիսաքանդ են: «Այն մարդիկ, ովքեր կարողացել են տարիներ առաջ տարածք ձեռք գցել, չեն ուզում, որ թաղամասը քանդվի, որովհետեւ լավ փողեր են աշխատում: Իսկ իմ նմանները, որ իրենց էդքան փողեր են վճարում, ժամանակին տարածք չեն վերցրել, ուզում են, որ թաղամասը քանդվի, մեզ էլ փոխհատուցում տան, գնանք նորմալ մի տեղ ապրենք, ոչ թե էս քանդված տների, առեւտրականների աղմուկի մեջ գոյատեւենք: Գնում ցույց են անում, որ ի՞նչ, ախր իրենցից շատերը նույնիսկ էստեղի իրենց տանը չեն ապրում, ուղղակի տարածքն են վարձակալությամբ տալիս ու նստած տեղը փող են աշխատում, բայց մենք էլ ուզում ենք մարդավարի ապրել»,- ասաց վաճառականներից մեկը, որը Ֆիրդուսի փողոցի բնակիչ է: Մեր հարցումներին ի պատասխան, թե բնակիչները կո՞ղմ են, որ տարածքը քանդվի, շատերը պատասխանեցին. «Էս 20 տարի ա, ասում են` քանդելու են, բայց ոչ մի բան էլ չեն անում: Ինչի՞ չենք ուզի, տեսնում ես էլի մեր տների վիճակը»: «Ֆիրդուսնոցի» ցուցարար բնակիչների բողոքը փաստորեն անհիմն է, իսկ ամենակարեւորն այն է, որ ի տարբերություն Հյուսիսային, Գլխավոր պողոտաների բնակիչների, ովքեր իրենց պահանջի մեջ համախոհ են, «Ֆիրդուսնոցի» բնակիչների կարծիքները խիստ հակասական են:
«Կռիսների» թաղամաս
«Վայ, աղջիկ ջան, քեզ երեւի Աստված է ուղարկել, լրագրող ես, չէ՞, ոտքերդ պաչեմ, աղաչում եմ, արի գնանք մի հատ իմ տունը տես, իմ ընտանիքի հետ ծանոթացի ու թերթի տուր, ասա, թե ոնց ենք ապրում: Եկել ես «Ֆիրդուսնոց», բայց ստեղ մարդիկ լավ ապրում են, դու արի հլը տես մենք ոնց ենք ապրում», – լացակումած ասաց «Ֆիրդուսնոցում» ժավել վաճառող տարեց մի կին: 75-ամյա Աստղիկ Սահակյանը 1937 թվականից ապրում է Արհեստավորների փողոցի 17 հասցեում: Մեկ սենյականոց այս կիսաքանդ խրճիթում ապրում են 11 հոգի՝ Աստղիկը, իր երեխաներն ու թոռները: Ընտրությունից ընտրություն այս թաղամասի բնակիչներին խոստանում են աղբը մաքրել ու մի քիչ տարածք ասֆալտապատել: Աստղիկի խրճիթի մոտ ոսկու շուկաներից մեկի տնօրենը կիսակառույց ունի, որը 3 տարի է, ինչ ավարտին չի հասցվում: Այդ կիսակառույցը վերածվել է իսկական աղբանոցի: Բնակիչները մշտապես դիմում են գրում Կենտրոնի թաղապետարան, որ աղբը մաքրեն, սակայն պատասխան չկա: «Մենք վաղուց արդեն չենք քնում, վախենում ենք: Մեր փողոցում կռիսները մեզ արդեն ուտում են: Քանի անգամ է արդեն փոքր երեխեքին կրծում են: Մի քանի օր առաջ երեխայի ականջն էին կրծել: Գիշերները երեխեքին գրկներիս մեջ ենք քնացնում, որ հանկարծ բան չպատահի: Արդեն վախից քուն ու դադար չունենք: Տեսնում ես էլի՝ կռիսների թաղամաս է: Զիբլանոց, խոնավ, ջրոտ պատեր ու հող, բոլոր պայմանները կռիսների համար են: Խնդրում եմ, մի բան արեք, էլ չենք դիմանում, աչքովդ տեսնում ես… Ֆիրդուսի ժողովուրդը ցույց ա անում, բայց խաբա՞ր են, թե ուրիշները ոնց են ապրում: Մենք շատ բան չենք ուզում, մենակ թող գան նայեն գնան: Գոնե մի ճար անեն՝ էս կռիսները վերացնեն, մասնագետ ուղարկեն, խոլերայի բուն ա, շատ վտանգավոր ա, մենք էլի ոչինչ, հասկանո՞ւմ ես, էս մանր էրեխեքի կյանքը վտանգի տակ ա»,- ասում է Աստղիկ տատիկը: