Ինը տարեկան Սարգիսի փոքրիկ մատներն էնքան հմուտ են «խաղում» գույների հետ, որ թվում է` իր ու գունավոր մատիտների հպումը մի առանձին, հատուկ ներկայացում է: Գծապատկերների մեջ գույներ է լցնում, իսկ մատիտների չոր քերուկը ծվեն-ծվեն թափվում է պատկերների վրա, որից մի քիչ բարկանալով` Սարգիսը հավաքում է մատիտներն ու համակ ուշադրությամբ շրջվում դեպի ինձ: «Ես մենակ եմ»,- ասում է նա` վերցնելով մոխրագույն մատիտն, ու կոտրված միջուկին ուշադրություն չդարձնելով` ձեռքի ջղաձիգ շարժումով սկսում է քերել թուղթը: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ նրան: Փակում է սեղանին անփույթ գցված տետրերն ու գրքերը եւ գլուխը կախ պատասխանում է հարցերիս, առանց նայելու աչքերիս. «Որովհետեւ ես սովորել եմ մենակությանը: Օրերով, ամիսներով մեր դոմիկից դուրս չեմ գալիս: Կարամ շաբաթներով նստեմ ստեղ ու դուրս չգամ: Դուրս գամ` որ ի՞նչ… Ոչ ընկեր կա, ոչ մարդ, ոչ էլ շունչ: Մենք հարեւաններ ունենք, բայց դրանք օձերի ընտանիք են: Կուզե՞ս ցույց տամ դրանց բունը…»:
Արարատի մարզի Ազատաշեն եւ Արբատ գյուղերի արանքում մի հսկայական ամայի տարածության մեջ տեղադրված է Սարգիսենց երկաթե վագոն-տնակը: Տարածքում կենդանի շունչ չկա ու այս ընտանիքն իր կենսագործունեությունն ապահովում է Ռոբինզոն Կրուզոյի նման: Սարգիսն առավոտից իրիկուն վագոն-տնակից դուրս չի գալիս: Վախենում է… Նրանց տնակի հարեւանությամբ, խոտերի մեջ գցված է մի ժանգոտած, անպետք չհրկիզվող պահարան: «Օձերի ընտանիքն էդտեղ ա ապրում, ամեն օր տեսնում ենք իրանց: Գյուրզա ա, ասում են` մի ութ տարի առաջվանից էդ բնում ա, հիմա էլ ձագեր ա հանել: Մի քանի մետրանոց, հաստ օձ ա: Հողամասում գործ անելիս հաճախ եմ տեսնում, բայց…»,- ասում է Սարգիսի հայրը` Կարենը, ով օձերին չի փորձում վնասել` հասկանալով, որ իրենք են ներխուժել օձերի բնակատեղի: Շատերն ասում են, որ օձերի ընտանիքին վնասելը կարող է ճակատագրական լինել, որովհետեւ. «Դե՛, մենք էստեղ ենք ապրում. եթե վնասենք` մյուսներն էլ կգան մեր ետեւից: Էդպես ա, մեկին խփեցիր, ուրեմն` իմացի, որ քո ընտանիքից էլ ինքն ա զոհ տալու»,- ասում է Կարենը, ում ոտքերի կողքով հաճախ են անցնում գյուրզայի ընտանիքի «անդամները», ու նա կանխատեսում է, որ մի օր անկանխատեսելի միջադեպ է լինելու: Վերջերս գյուրզան խայթել է այդ արոտավայրում հայտնված կովին, որը չի սատկել միայն այն պատճառով, որ անմիջապես հակաթույն են սրսկել: Սարգիսն ամեն օր փակվում է իրենց վագոն-տնակում, որտեղ մի 15 րոպե մնալով ես շնչահեղձ եմ լինում:
Չորս տարի է` նա ծնողների հետ հանգրվանել է այդ տարածքում, որը մի բարեգութ մարդու հողամասն է, եւ թույլ է տվել ապրել այնտեղ` պայմանով, որ Կարենն ու կինը խնամեն իր այգին: Սարգիսը սովորում է Ազատաշենի դպրոցում, որտեղ հասնելու համար ամեն օր նա հսկայական տարածություն ոտքով է կտրում. «Ռեզինե սապոգներ եմ հագցնում, մի առանձին ցեխի շալվար ունի: Դրանք հագցնում եմ, ու հասնում ենք դպրոց, փոխում ենք, թե չէ` էս ճանապարհով անցնելուց հետո մարդ պիտի նորից ոտքից գլուխ մի հատ մաքրվի»: Այն ճանապարհով, որտեղ նրանց վագոն-տնակն է, հրաժարվում են երթեւեկել անգամ տաքսի ծառայության վարորդները: Հասարակական տրանսպորտ գոյություն չունի, իսկ պատահաբար այդ տարածքում հայտնված մեքենաների վարորդները հայհոյելով են հեռանում, քանի որ փողոցների «անդունդներն» ավերում են մեքենաները: «Մենք տուն չունենք, վարձով ենք միշտ ապրել: Էս վերջին տարիներին էլ չէինք կարողանում եւ՛ վարձ տալ, եւ՛ ապրել: Էս հողատարածքի տիրոջը խնդրեցինք, ու նա մեզ խղճալով` թույլ տվեց էստեղ ապրել: Հիմա մենք տիրություն ենք անում հողամասը, իսկ նա թողում ա էստեղ ապրել»,- ասում է տանտիկինը` Ծաղիկը, ով ժամանակ առ ժամանակ ուրիշի ցանքատարածություններում բանվորություն է անում` ստանալով 1500-2000 դրամ: Ներկայումս առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան 21։00-ն աշխատում է ծաղկի վաճառք կազմակերպող մի անհատի ջերմոցում: Ողջ օրը «սպանող» արեւի տակ աշխատող Ծաղիկը ստանում է օրական 2000 դրամ. «Դա մշտական գործ չի, հիմա կա, բայց վաղն, ասենք` կվերջացնենք: Վարդերի միջի խոտերն եմ մաքրում: Հիմա 1 ժամով խնդրեցի, որ տուն գամ, ասեցի` գամ, որ ձեզ դիմավորեմ: Թույլ տվեց, բայց ասեց` իրիկունը 1 ժամ ավել կաշխատես»: Ծաղիկի` արեւից «խանձված» ուսերի մաշկը պլոկվել է ու միսն արդեն երեւում է: 50 տարեկան այս կինն իսկական ճորտի ռեժիմով է աշխատում, որպեսզի օրվա հացի գումար վաստակի: Անցած ամիս ամուսինները երկու օրում հեկտարներով հողատարածքը միայնակ քաղհան են արել, որ մի երկու կոպեկ փող աշխատեն: Ասում են` այդ հողատարածքը մշակելու համար առնվազն 8-10 մարդ էր պետք: Ծաղիկն ամոթից կարմրելով ասում է, որ անգամ ջուր չունեն, եւ մշտապես գյուղի բնակիչներից է խնդրում մի քանի դույլ ջուր կրելու համար: «Սա անմարդաբնակ տարածք ա, ջուրն ինչի՞ պիտի քաշեին: Ոռոգման ջուր կա, առուն կողքն ա, բայց խմելու ջրի համար հասնում ենք եսիմ ուր: Ամաչում եմ ասել, բայց լողանալը մեզ համար տոն ա»,- ասում է նա: Ծաղիկն ու Կարենը բնակվում են Հայաստանում, բայց ՀՀ քաղաքացիներ չեն: Կարեն Վարպետյանը ցույց է տալիս իր կարմիր գույնի, սովետական անձնագիրը. «Երկուսս էլ անձնագիր չունենք: Մենք նախկինում գրանցված ենք եղել մեր հայրական տներում, որոնք վաղուց արդեն չկան, ու վաղուց դուրս ենք եկել գրանցումից: Հիմա դիմում ենք, որ նորը ստանանք, բայց ասում են` տեղեկանք բեր, որ գրանցված ես այսինչ տեղում: Ես ո՞նց կարող եմ որեւէ տեղ գրանցվել, եթե բնակության վայր չունեմ: Սա սեփականաշնորհված հող ա, սեփականատեր ունի, ես ո՞ւր գրանցվեմ, տուն չունենք, ապրելու սեփական տարածք չունենք: Ուրիշի դաչայում ենք ապրում, վաղը կարող ա ասի` դուրս եկեք»,- պատմում է Ծաղիկը, ով նաեւ դիմել է ընտանեկան նպաստի գրասենյակ, սակայն այնտեղից էլ պահանջել են անձնագիր եւ բնակության վայրից տեղեկանք ներկայացնել: Երկու դեպքում էլ այս ընտանիքի համար փաստաթուղթ ձեռք բերելն անհնար է: Արդյունքում` նրանք զրկված են ՀՀ քաղաքացիությունից եւ որպես Հայաստանի բնակիչներ` փաստաթղթերով գոյություն չունեն: Ազատաշենի դպրոցի տնօրինությունը դժվարությամբ է ընդունել Սարգիսին, քանի որ համապատասխան փաստաթղթերը բացակայել են: Աղքատության նպաստն այս ընտանիքին օդի պես անհրաժեշտ է: Սարգիսն անգամ իր չափերով հագուստ չունի, քանի որ կրում է այն, ինչ ուրիշները դեն են նետում: Ասում է` «Մայրենի լեզու շատ եմ սիրում: Վատ չեմ սովորում, բայց կարող եմ ավելի լավ սովորել: Անկեղծ ասած` ես սիրում եմ դպրոցը, գոնե էնտեղ մարդիկ կան: Էնտեղ ընկերներ կարելի ա գտնել, բայց տանը… Տանը ամեն ինչ տխուր ա: Էս մատիտներս ինձ շատ են օգնում: Նկարները գույներով եմ լցնում ու երազում եմ, որ մի օր մեր կյանքն էլ էսքան գունավոր լինի: Մեկ-մեկ մարդկանց եմ նկարում: Մի քիչ լավ չի ստացվում, ծուռտիկ են լինում, բայց երբ մարդկանցով շրջապատված եմ լինում` ինձ լավ եմ զգում: Իմ նկարած մարդկանց հետ հետո սկսում եմ խոսալ»: Սարգիսը կարոտում է մարդկանց, որովհետեւ այն տարածքում, որտեղ ապրում են` միայն օձեր են: Ամառային արձակուրդների ժամանակ ընդհանրապես վագոն-տնակից դուրս չի գալիս: Ծնողներն ասում են, որ տնակում փակված մշտապես իր գրքերի ու պատկերների մեջ նա հետաքրքրություն գտնում է: Սարգիսը, սակայն, մի հարցում շտապում է անհանգստանալ: Ինձ հարցնում է` «Մտածում եմ, որ եթե մամաս, պապաս պասպորտ չունեն, մենք տուն չունենք, փող չունենք, կարո՞ղ ա հանկարծ իմ տեղը չիմանան ու ինձ բանակ չտանեն: Ախր ոչ մեկ չգիտի, որ ես կամ, որ ես էլ պիտի զինվոր դառնամ, ու շատ անհանգիստ եմ, որ կարող ա ինձ մոռանան տանեն բանակ»: «Չէ՛, դու հանգիստ եղի, Սաքո ջան, այ, երբ մեծանաս ու զինվորական ծառայության տարիքին հասնես` մեր պետությունը քեզ կգտնի: Մի մտածի, գետնի տակից էլ կգտնի: Մենակ թե դու մեծացի…»,- պատասխանում եմ, ու Սաքոն սկսում է հարցերի շարան տեղալ, որոնց պատասխաններն այնքան ցավոտ են, որ Սաքոն հավանաբար զղջում է մենակության մեջ մարդ գտնելու ու զրույցի բռնվելու համար: