Ասում են` գեղեցիկ կանանց կարելի է շատ ավելին, քան` «ոչ այնքան գեղեցիկներին»: Համենայնդեպս հանրության մոտ կարծիք կա, որ գեղեցիկ կնոջ առջեւ բոլոր դռները բաց են: Մոդել, հաղորդավարուհի, իսկ վերջերս` նաեւ դերասանուհի Լուսինե Թովմասյանի հետ մեր զրույցի ընթացքում խոսեցինք նաեւ այն մասին, որ այդ նույն գեղեցկությունը շատ անգամ դռներ է փակում:
– Բոլոր նրանց համար, ովքեր սովոր են տեսնել քեզ այստեղ, այնտեղ եւ ամենուր, պատմիր, թե իրականում ի՞նչ գործունեությամբ ես զբաղվում:
– Իմ բուն աշխատանքը «Նոր ռադիոն» է եւ «Newmag» ամսագիրը: Ամենահետաքրքիրն ինձ համար միանշանակ ռադիոն է: Մի քանի տարի զբաղվելով ամսագրի վրա տարվող աշխատանքներով, հասկացա, որ բավական դժվար բեռ եմ վերցրել իմ ուսերին: Այժմ ամսագիրը ղեկավարում է Արտակ Ալեքսանյանն` իր խմբով, եւ ես շատ գոհ եմ` թե ամսագրի վաճառքից, թե որակից:
– Կարելի՞ է ասել, որ նա քեզանից լավ է ղեկավարում ամսագիրը:
– Ես այն ժամանակ եւս գլխավոր խմբագիր չեմ եղել: Եթե ես ինչ-որ մի բան չգիտեմ` երբեւէ այդ գործի մեջ չեմ խառնվում:
– Իսկ դերասանուհի լինելը որքանո՞վ ես քո գործը համարում:
– Փոքրիկ ուղղում` չեմ խառնվի այն գործի մեջ, որը իմը չէ եւ որից չեմ կարող գլուխ հանել:
– Համարում ես, որ դերասանի գործից գլո՞ւխ ես հանել:
– Ինձ չի թվում, որ շատ վատ է եղել: Մինչեւ հիմա էլ որ նայում եմ «Մի վախեցիր» ֆիլմը` հուզվում եմ: Վստահեցնում եմ, որ այդ ֆիլմում արհեստական արցունքի կաթիլ անգամ չկա: Դերասանությունն իմ երազանքն էր` դեռեւս մանկուց: Երբ առաջին անգամ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացա` սարսափելի վախենում էի: Դա նման է այն զգացողությանը, երբ ինչ-որ բանի մասին խենթի պես երազում ես, մեկ էլ հանկարծ այդ երազանքը գալիս ու ասում է` «Ահա եւ ես»:
– Եթե անկեղծ` քանի՞ դուբլից ես նկարահանվել ֆիլմում:
– Ես երբեւէ չեմ կաշկանդվել մարդկանց բազմությունից, լույսերի առատությունից:
Երբ նորաձեւության ցուցադրությունների կամ մրցույթների ժամանակ բեմ եմ բարձրացել` իմ դեմքին միանգամից ժպիտ է հայտնվել: Հանդիսատեսից շատ մեծ էներգիա եմ ստանում` բեմ բարձրանալով: Բոլորովին այլ մթնոլորտ է տիրում նկարահանման հրապարակում, որտեղ սահմանափակ տարածքում մի քանի մարդ է գտնվում, եւ բոլորը սպասում են քո խաղին: Լարվածությունը մեծ է: Բայց երբ նկարահանող խմբի կազմը շատ լավն է, եւ բոլորն անում են ամեն ինչ, որ քեզ մոտ լավ ստացվի` կրկնակի պատասխանատվություն ես զգում: Նկարահանման առաջին օրը իմ տեսարանը նկարել ենք 3-4 դուբլից: Իսկ երբ հետո նայում ես նկարահանված կադրերը` աննկարագրելի հաճույք ես զգում:
– Վերլուծելով դրական եւ բացասական կարծիքները, փորձե՞լ ես հասկանալ, թե ի՞նչ չի կարելի անել ֆիլմում նկարահանվելիս:
– Չի կարելի, ինչպես ասում են` «պերեիգրիվատ»: Տանել չեմ կարող, երբ ֆիլմում «խաղում» են: Խոսքս վերաբերում է բոլոր այն ֆիլմերին, որտեղ դերասանները չափն անցնում են խաղի մեջ: Երբ դերասանը շատ է մտնում դերի մեջ, խաղն արհեստական է ստացվում:
– Ֆիլմը նայելիս չե՞ս նկատել, որ կան տեսարաններ, որտեղ չափից շատ ես «մտել դերի մեջ»:
– Իմ պարագայում վստահ կարող եմ ասել` ոչ, քանի որ հազիվ էի կարողանում մտնել դերի մեջ, էլ ուր մնաց` չափն անցնեի…
– Քո եւ Շառլ Ազնավուրի հայտնի լուսանկարը` որքանո՞վ է կարեւոր քեզ համար:
– Ֆոտոն առանձնապես արժեքավոր չէ, որքան կարեւոր է իմ ծանոթությունը այդ մեծության, լեգենդի հետ:
– Երբեւէ փորձե՞լ ես մեկնաբանել տարածված խոսակցություններն այն մասին, որ Շառլ Ազնավուրը մեծ դերակատարում է ունեցել «Միսս Եվրոպայում» քո հաղթանակի մեջ:
– Ես հասկացել եմ, որ մենք` հայերս, սովորություն ունենք քննադատել հաղթողին եւ կրկնակի «տրորել» պարտվողին: Շ. Ազնավուրը մշտապես նշել է, որ նա որքան հայ է, այնքան էլ ֆրանսիացի է, սակայն այդ մրցույթում Ֆրանսիայի ներկայացուցիչը չանցավ եզրափակիչ փուլ:
– Քույրդ` Իրինան, ընտանիք, 8-ամյա դուստր ունի: Չե՞ս պատրաստվում դու եւս ընտանիք կազմել:
– Ճիշտն ասած` ամուսնանալու, ընտանիք ստեղծելու մտադրություն բացարձակ չունեմ: Եթե ասեմ, որ ծնողներս ժամանակին մեծ ոգեւորությամբ են ընդունել քրոջս` Իրինայի այդքան վաղ տարիքում ամուսնանալը` կստեմ: Թե՛ ինձ, թե՛ քրոջս մեր ծնողները մշտապես սովորեցրել են, որ պետք է նախ սովորել, կայանալ կյանքում, հետո նոր միայն գիտակցված ընտանիք կազմելու որոշում կայացնել:
– Արդեն 24 տարեկան ես, ի՞նչն է խանգարում քո պես արտաքին ունեցող աղջկան տղամարդու հետ լուրջ հարաբերություններ ունենալու հարցում:
– Ոչինչ: Պարզապես պետք է շատ լուրջ եւ խելքով մոտենալ այդ հարցին:
– Խելքով չեն սիրում:
– Համաձայն եմ, սակայն, եթե ուզում ես ընտանիք կազմել, երեխա ունենալ, պետք է խելքով մոտենաս այդ հարցին: Ես դեռ պատրաստ չեմ: Շատ լավ գիտակցում եմ, որ եթե հիմա երեխա ունենամ, չեմ լինի այն մայրը, որը կուզեի լինել: Իդեալական մոր կերպարն ինձ համար մայրս է: Իսկ ես դեռ չեմ հասունացել նրա պես մայր լինելու համար:
– Ո՞րն է քո եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի միջեւ տարաձայնությունների մասին լուրերի պատճառը:
– Չեմ կարող ասել, որ մենք լավ ընկերուհիներ ենք: Նազենիին ընդունում եւ հարգում եմ որպես կոլեգա: Իմ ընկերուհիներն ընդհանրապես շոու-բիզնեսի հետ կապ չունեն:
– Տարածված կարծիք կա, որ գեղեցիկ կանանց, հատկապես մոդելներին խելքն առանձնապես պետք չի գալիս, եւ որ նրանց առջեւ բոլոր դռները բացում է գեղեցկությունը:
– Եթե ասեմ, որ անտեղյակ եմ մարդկանց նման տեսանկյունի մասին` կստեմ: Եկեք չմոռանանք, որ այդ նույն գեղեցկությունը նաեւ շատ դռներ է փակում, քանի որ այդ նույն կարծրատիպերը կոտրել է պետք` մարդկանց ապացուցելու համար, որ գեղեցկությունն ու խելքը համատեղելի են: