Բուժիչ նամակներ

13/06/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Արքաներին վայել` սարի ծաղիկը

Բոգ դեղին` բույս, որի կյանքը սերտորեն կապված է սարերի հետ։ Այն աճում է բարձր լեռնային գոտու անտառների եզրին կամ ավելի բարձր։ Բոգազգիների լատինական Centianaceae անվանումը կապում են Ջենտրի անունով արքայի հետ, ով մ.թ.ա. 2-րդ դարում բոգի արմատներով բուժել է ժանտախտից։ Ռուսական անվանումը կապված է բույսի արմատի դառնահամ լինելու հետ` «գորեչավկա»։ Եվրոպական (դրուիդների) մշակույթում բոգ դեղինը համարվում է ամառվա ջերմությունը խորհրդանշող ծաղիկ, ինչը կապված է Աստծո պարգեւած հուր-զորության հետ։ Մեզ հետաքրքրեց Արտաշիսյան թագի նկարագրությունը` «արեւի երկու կողմում կանգնած, արեգակին նայող արծիվներով»։ Արեգակին պատկերող հերալդիկ նշանը շատ նման է դեղին բոգի ծաղիկին։ Հնարավոր է` բույսի անվանումը կապված լինի ագ=հուր=զորություն արմատի հետ։

Բոգը նաեւ Ամանորի եւ Սուրբ ծննդյան օրերի ծաղիկ է։ Centiana lutea-բոգ դեղինը բազմամյա ծաղկաբույս է, հաստ, մսոտ, առանցքային արմատով, որի երկարությունը հասնում է 1 մետրի։ Ցողունը ուղիղ է, առանց ճյուղավորման, մինչեւ 1,5 մ բարձրությամբ։ Եթե բույսին նայեք վերեւից, ապա կնկատեք, որ յուրաքանչյուր երկու զույգ տերեւները տարածության մեջ խաչ են կազմում։ Տերեւները նստադիր են, աճում են զույգերով, երկարությունը հասնում է 15 սմ, ծաղիկները, ճյուղերը աղեղնավոր նստած են ցողունի վերեւի մի քանի շարքերի զույգ տերեւածոցերում։ Յուրաքանչյուր տերեւածոցում կան մի քանի ծաղիկներ։ Պտուղը բազմասերմ տուփիկ է, որը հեշտությամբ բաժանվում է երկու մասի։ Ծաղկում է ամռանը` հունիս-օգոստոս ամիսներին։ Բոգ դեղինը հանդիպում է Եվրոպայի սարերում եւ հայկական լեռնաշխարհում։ Բոգազգիների ընտանիքը ընդգրկում է 65 տեսակ եւ մոտ 800 ենթատեսակներ, դրանց մեջ իր բուժիչ հատկությունների բազմազանությամբ եւ դեկորատիվ գեղեցկությամբ առաջնային տեղերից մեկն է զբաղեցնում բոգ դեղինը։ Անտիկ ժամանակներում դեղին բոգի դառը արմատով բուժել են ստամոքսի, աղիների, լեղապարկի, լյարդի հիվանդությունները։ Միջնադարի բժիշկները օգտագործել են բույսը նաեւ հոդատապի եւ ռեւմատիզմի բուժման համար։ Այս դեղատոմսերը հասել են մինչեւ մեր օրերը։ Շատ լեռնային շրջաններում բույսը վերացվել է որպես մոլախոտ եւ գրանցվել Կարմիր գրքում։

Դեղին բոգի արմատը պարունակում է գենցիոպիկրին գլյուկոզիդը, գենցիանին ալկալոիդը, մոտ 20 տոկոս շաքար պարունակող միացություններ, 6 տոկոս ճարպային յուղեր, բավականին մեծ քանակությամբ պեկտին եւ եթերային յուղեր։ Բույսը պարունակում է նաեւ ասկորբինաթթու, դաբաղանյութ, լորձ, խեժ, ներկանյութ։ Երրորդ հազարամյակի սկզբում աճել է հետաքրքրությունը դեղին բոգի նկատմամբ։ Բույսի արմատներում հայտնաբերվել են պոլիֆենոլային միացություններ, 2001թ. ժամանակակից էլեկտրոնային սարքերի կիրառմամբ հիմնավորվել են բույսի հակաօքսիդանտ հատկությունները։ Շատ երկրներում բույսի մզվածքները օգտագործվում են դեղագործական արտադրությունում։ Այս բույսի օրինակը ապացուցում է, որ ժողովրդական բժշկության հազարամյակների պատմություն ունեցող փորձն արժանի է եւ ունի լուրջ ուսումնասիրության կարիք։ Օրինակ, հնում օգտագործել են որպես որդաթափ միջոց, այսօր հետազոտությունները ցույց են տվել, որ գենցիացինը ունի արտահայտված հակագելմինտային ազդեցություն։ Այս հետազոտությունները հաստատել են գենցիոպիկրինի ակտիվությունը ինֆուզորիաների նկատմամբ, այս հանգամանքն էլ ապացուցում է տիբեթյան ժողովրդական բժշկության մոտեցումները մալարիայի բուժման հանդեպ։ Դժվար թե մենք այսօր տեսնենք դեղին բոգը բնության մեջ, այնուամենայնիվ, այն ունի խիստ թունավոր նմանակ` ղանձլամեր (veratrum album su bsp.lobelianum)։ Կարեւոր է նաեւ իմանալ, որ Հայաստանում հանդիպում են մոտ մեկ տասնյակ բոգազգիների ընտանիքին պատկանող բույսեր։

Հակացուցումներ եւ զգուշացումներ։ Բույսի պատրաստուկները հակացուցված են ստամոքսաբորբի, ստամոքսահյութի բարձր թթվայնության, հիպերտոնիայի դեպքում։ Չի կարելի խախտել չափաբաժինները, հնարավոր է` առաջանա գլխացավ, ալերգիկ ցան, պատրաստուկը հարկավոր է խմել սնունդ ընդունելուց առաջ, այլ կերպ կառաջացնի փորկապություն, ճնշման կտրուկ բարձրացում, գլխապտույտ։ Հակացուցված է նաեւ հղիներին եւ կերակրող մայրերին։

Դեղատոմսեր

Ալկոհոլային թունավորման դեպքում. Խառնեք խատուտիկի արմատը, դաղձի եւ ջրառվույտի տերեւները, դեղին բոգի արմատները (3։3։2։2)։ Խառնուրդի 2 ճ/գ-ն 200 մլ տաք ջրով եփեք 30 րոպե մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 20 րոպե, քամեք հումքը, վերականգնեք նախնական ծավալը զտված ջրով։ Խմեք 60-70 մլ, օրը 3 անգամ սնունդ ընդունելուց կես ժամ առաջ։

Լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում. 1. 1 ճ/գ դեղին բոգի տերեւները 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք, խմեք 1-2 ճ/գ, օրը 2-3 անգամ, սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ։ 2. Մանր կտրատած 0,5 թ/գ բոգի խոտը թրմեք 200 մլ եռջրում` մինչեւ հովանալը։ Քամեք, բաժանեք մասերի, խմեք օրվա ընթացքում։

Փորկապությամբ ուղեկցվող հեպատիտի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ վերցրած ջրառվույտի եւ դաղձի տերեւները, ծիծեռնախոտի, բեկտենու խոտը, դեղին բոգի եւ խատուտիկի արմատը։ Խառնուրդի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ ջուր, եփեք 5 րոպե մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Քամեք, խմեք 100-ական մլ, առավոտյան եւ երեկոյան։

Շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում. Կես թ/գ դեղին բոգի արմատներին ավելացրեք 400 մլ ջուր, թրմեք 8 ժամ։ Քամեք, խմեք օրը 4 անգամ, 70 մլ, սնունդ ընդունելուց առաջ։

Ռեւմատիզմի դեպքում. Դեղին բոգի արմատը թրմեք 2 շաբաթ օղու մեջ (1։10)։ Քամեք, խմեք սնունդ ընդունելուց առաջ, 10-15 կաթիլ, 50 մլ սառը ջրի հետ։

Մարսողությունը կարգավորելու համար. 1 ճ/գ դեղին բոգի արմատը 200 մլ եռջրով 8 ժամ թրմեք ջերմապահի մեջ։ Քամեք, բաժանեք 4 մասի, խմեք սնունդ ընդունելիս։

Լոգանք հոգնած ոտքերի համար. 2 ճ/գ արմատները եռացրեք 1 լ ջրի մեջ, թրմեք 1 ժամ, քամեք։ Լցրեք թասի մեջ, ավելացրեք գոլ ջուր։