Թեեւ Հայ ազգային կոնգրեսը անցած շաբաթ իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար պատվիրակություն կազմեց, բայց ընդդիմություն-իշխանություն երկխոսության հարցն այդպես էլ մնաց օդում կախված:
Հանրապետական կուսակցությունից անընդհատ պատասխան-հայտարարություններ են հնչում, թե իրենք բաց են երկխոսության համար, բայց խումբ կազմելու մտադրություն երբեւէ չեն ունեցել: Ասում են նաեւ, որ թող ՀԱԿ-ը իրեն մտահոգող հարցերը բարձրացնի այս կամ այն պատկան գերատեսչության առջեւ: Իսկ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնիսկ հայտարարեց, թե պատրաստ են ՀԱԿ-ի ներկայացրած հարցերը քննարկել Ազգային ժողովում: Մի խոսքով, ՀՀԿ-ից ամեն կերպ եւ ամեն օր բացառում են ընդդիմության հետ երկխոսության համար պատվիրակություն կազմելու տարբերակը: Մինչդեռ, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ի հանրահավաքում հայտարարեց, որ արդեն պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության գնալ», հաջորդ օրն իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ընդդիմության առաջարկը եւ կարծիք հայտնեց, թե «Հայաստանի նախագահը այդ քայլին կգնա»: «Եվ կկազմակերպի այդ երկխոսությունը, որը, իհարկե, համոզված եմ, բխելու է ՀՀ եւ ժողովրդի շահերից»,- ասել էր Հ.Աբրահամյանը:
Իսկ ի պատասխան հարցին, թե իշխանությունը երբ կձեւավորի պատվիրակությունը եւ ինչ ֆորմատով, ԱԺ նախագահն ավելացրել էր. «Ֆորմատը դեռ չենք քննարկել, բայց առաջիկայում երեւի հայտնի կլինի»:
Այսքանից հետո դժվար է համաձայնել, որ իշխանությունները պատվիրակության մակարդակով երկխոսության գնալու հարց չեն քննարկել: Իսկ ընդհանրապես դժվար է պատկերացնել, որ Լ.Տեր-Պետրոսյանն առանց այդ հեռանկարն աչքի առաջ ունենալու` միանգամից պատվիրակություն կկազմեր: ՀԱԿ առաջնորդը հավանաբար համոզված է եղել, որ իշխանությունները համարժեք պատասխան են տալու, հակառակ դեպքում հազիվ թե այդ քայլն աներ: Նա այդ հարցում այնքան էր համոզված, որքան այն ժամանակ, երբ նախապես հայտարարում էր, թե մայիսի 31-ի հանրահավաքում ազատված կլինեն ու ելույթ կունենան քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Ինչպես տեսանք, դա այդպես էլ եղավ: Հիշեցնենք, որ կատարվել են նաեւ նրա մյուս երկու` Ազատության հրապարակը բացելու եւ Մարտի 1-ի դեպքերը նոր քննության ենթարկելու պաշտոնական հավաստիացում տալու պահանջները: Այնպես որ, ընդդիմության առաջնորդն իր հաշվարկներում համոզված է եղել նաեւ այս հարցում: Դա սպասում էր նաեւ քաղաքական դաշտն ու ողջ հանրությունը, հատկապես, որ մեկուկես ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել չարությունը հաղթելու եւ լիցքաթափման համար առաջին քայլն անելու մասին: Այնպես որ, ամեն ինչ կարծես թե նորմալ էր, իշխանության քայլերը հաջորդում էին ընդդիմության հայտարարություններին: Ու թեեւ իշխանությունները հայտարարում էին, թե իրենց քայլերը պատահաբար են համընկնում ընդդիմության պահանջների հետ, բայց կարեւորը դա չէր: Ամեն դեպքում, որքան էլ ՀԱԿ-ից հայտարարեն, թե այս պատասխանը հաշվարկված էր իրենց կողմից, այնուամենայնիվ, մինչ օրս անհասկանալի է, թե իշխանությունն ինչու ետ քաշվեց իր մեկնարկային դիրքերից:
Փորձագետներն ու քաղաքական գործիչները բազմիցս են կարծիք հայտնել, թե ՀԱԿ-իշխանություն հավանական երկխոսության գործընթացին նպաստել է ԱՄՆ-ը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարիա Յովանովիչի օգնությամբ: Թե դեսպանը, թե ԱՄՆ-ից կամ Եվրոպայից մեր երկիր եկող պաշտոնատար անձինք իշխանություններից զատ հանդիպում էին նաեւ ՀԱԿ առաջնորդների, բնականաբար, նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի հետ: Այդպիսով հնարավոր դարձավ խոսել երկխոսության մասին, եւ իշխանությունները որոշ հարցերում ընդառաջ գնացին ընդդիմությանը: Ու այս մի քանի ամիսներին հատկապես եվրոպական կառույցներից անընդհատ ողջունում էին իշխանությունների այդ քայլերը: Սակայն այդ ողջ ընթացքում գրեթե լուռ էր Ռուսաստանը, որը, հավանաբար, ուշիուշով հետեւում էր, թե ինչ ընթացք են ունենում ՀՀ ներքաղաքական գործընթացները: Որոշ կարծիքների համաձայն` հենց ռուսական համապատասխան շրջանակներին էլ դուր չեն եկել Հայաստանում կատարվող զարգացումները: Հիշենք, որ այն օրերին, երբ ընդդիմությունը պատվիրակություն էր կազմում, Ս.Սարգսյանը Իտալիայում էր եւ անընդհատ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողքին էր: Չի բացառվում, որ երկխոսության դեռ չսկսված գործընթացը կանգնեցվել է հենց այդ ժամանակ: Երեկ մենք փորձեցինք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից ճշտել, թե ինչո՞ւ չկազմակերպվեց, իր իսկ խոսքերով, «ՀՀ եւ ժողովրդի շահերից բխող երկխոսությունը», սակայն պատասխան այդպես էլ չստացանք: ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե ինքը Հայաստանի ներքաղաքական գործունեության վրա Ռուսաստանի գործոնը միշտ էլ բացասական է համարել: «ՌԴ-ն` ինքը, ժողովրդավարության լուրջ խնդիրներ ունի: ՀՀ-ն արաբական երկիր չէ, եւ այստեղի փոփոխություններն ուղիղ ազդելու են ՌԴ ներքաղաքական կյանքի վրա: Այդ առումով իհարկե, ՌԴ-ն այդքան էլ շահագրգռված չի լինի, որ այստեղ փոփոխություններ լինեն: Բայց այսօր ինչքան է ՌԴ ազդեցությունը Ս.Սարգսյանի, ՀՀ ներքաղաքական դաշտի վրա, չեմ կարող ասել, ինֆորմացված չեմ»,- ասաց Ա.Սարգսյանը:
Վերջինիս խոսքերով` Ս.Սարգսյանի վրա ազդեցություն ունեցան նաեւ կոալիցիայի եւ նույն Հանրապետական կուսակցության ներսում ՀԱԿ-ի հետ երկխոսության գնալու շուրջ ծավալվող ինտրիգները: Գաղտնիք չէ, որ ՀՀ բոլոր` թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտի ուժերը խիստ անհանգստացած են, թե ինչ կարող է տեղի ունենալ ՀԱԿ-ի ու իշխանության միջեւ: Այդ մասին իր վերաբերմունքը վերջին հարցազրույցում ցույց տվեց նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք նաեւ, որ վերջինիս մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն էր տարածել, թե Ռ.Քոչարյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանից այդ լուրը նախ հերքեցին, ապա, ՀԱԿ հանրահավաքից հետո հաստատեցին: Եվ այս զարգացումներից հասկանալի է դառնում, որ գուցե Հայաստանում ԱՄՆ-ՌԴ մրցակցության արդյունքում ձախողվեց ՀԱԿ-իշխանություն երկխոսություն ծավալելու փորձը: Իհարկե, չի բացառվում, որ այն այնուամենայնիվ կայանա, սակայն հասկանալի է, որ ՌԴ-ն վստահ չէ, որ թե առաջին, թե գործող նախագահներն իր լիակատար ազդեցության տակ են: Այստեղ արդեն կարող է շահել Ռ.Քոչարյանը: ՌԴ-ն առաջիկա ներքաղաքական զարգացումների ընթացքում կարող է նորից ակտիվացնել նախկին նախագահին ու նրա թիմին: Ո՞րն է երաշխիքը, որ Լ.Տեր-Պետրոսյանի ու Ս.Սարգսյանի երկխոսության արդյունքում ՀՀ ներքաղաքական զարգացումները դուրս չեն գա Ռուսաստանի ազդեցության սահմաններից: Ամեն դեպքում մի բան հասկանալի է, Ռ. Քոչարյանն իր ծրագրերը հիմնականում պայմանավորում է Ռուսաստանի հետ, գրեթե չի առնչվում արեւմտյան տերությունների հետ եւ նույն վերաբերմունքին է արժանանում նաեւ այնտեղից: Ստացվում է, որ ՀՀ-ում երեք նախագահներից ամենառուսամետը երկրորդն է: Հավանաբար, նույնն էլ ՌԴ-ում են կարծում, անկախ այն հանգամանքից, որ իրենց հետ ռազմական համագործակցության պայմանագիրը կնքել է Լ.Տեր-Պետրոսյանը, իսկ անցած տարի Ս.Սարգսյանն այն երկարացրեց 40 տարով:
Իսկ Ա.Սարգսյանը կարծում է, որ Ս.Սարգսյանն, այնուամենայնիվ, իր պատասխանը տալու է: «Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը, Արեւմուտքը շահագրգռված են, որ այս երկրում խնդիրները լուծվեն բանակցային, ոչ հեղափոխական ճանապարհով, հասարակական զանգվածների մասնակցությամբ, բայց իշխանություն-ընդդիմություն երկխոսությամբ: Եվ այդ առումով չպետք է մոռանալ, որ թե Եվրոպան, թե Ամերիկան ողջունել են երկխոսության գաղափարը: Ու այստեղ Ս.Սարգսյանն իսկապես լուրջ մտածելու բան ունի, որովհետեւ թե ինքը, թե իշխանությունն ընդհանուր առմամբ հասկացված չեն լինի: Երբ ընդդիմությունը ժողովրդին հանգստացնում-ուղարկում է տուն, իշխանություններին առաջարկում է երկխոսության միջոցով լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները, նրանք չեն պատասխանում: Այստեղ Ս.Սարգսյանը միջազգային հանրությանը պատասխան ունի տալու»,- եզրափակում է Ա.Սարգսյանը: