ՀՀ կառավարությունը 2011թ. ապրիլի 21-ի թիվ 481-Ն որոշմամբ` Կրթության եւ գիտության նախարարությանը, բյուջեով նախատեսված գումարից բացի, այս տարի տրամադրել է լրացուցիչ եւս 58 մլն դրամի (շուրջ 225.000 դոլար) ֆինանսավորում: Կառավարությունն այս գումարը հատկացրել է իր պահուստային ֆոնդից: Նախարարությունն էլ, իր հերթին, այս գումարը պետք է հատկացնի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` «կրթական համակարգի բարելավմանն ուղղված եւ տեղեկատվական ծրագրերի իրականացման նպատակով»:
Տեղեկացնենք, որ այս հիմնադրամը ստեղծվել է անցյալ տարի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 58 մլն դրամից բացի, գրասենյակի պահպանման եւ աշխատավարձերի համար կառավարությունը նախապես բյուջեով հատկացրել էր 35 մլն դրամ: Բացի այդ, հիմնադրամը կարող է ստանալ բուհերի ուսանողների ուսման վարձի 2%-ը: Նրա խոսքերով` անցած տարի ստացել են մոտ 1 տոկոսը, ինչը բացարձակ թվով կազմել է 68 մլն դրամ: Ակնկալում են, որ այդքան էլ այս տարի կստանան: Որոշ տեղեկությունների համաձայն, հիմնադրամում այդ գումարն այնքան էլ նպատակային չի ծախսվում, եւ դրա որոշ մասը փոշիացվում է: ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանը մեր թղթակցի հետ զրույցում, բնականաբար, հերքել է այս լուրը, ապա ավելացրել, թե ինքը ֆինանսական խնդիրներով չի զբաղվում: Դա, ըստ Ավագյանի, գործադիր տնօրենի պարտականությունն է, իր գործն իրականացվելիք ծրագրերի քաղաքականության մշակումն է: «Առնվազն հիմար խոսակցությունների շարքից է դա, մեզ մոտ բոլոր ծրագրերը թափանցիկ են»,- ասել է նա: «Բացառվում է, որովհետեւ յուրաքանչյուր ծախսին մանրակրկիտ հետեւում ենք: Դա անմտություն կլինի: Յուրաքանչյուր ծրագիր բաց է, որն ունի հաշվետվություն»,- ավելացրել է Ա. Տեր-Հովակիմյանը: Կարծիք կա նաեւ, որ հիմնադրամի իրականացրած ծրագրերը, որոնք համախմբում են երիտասարդներին, բուհերի ուսանողներին, հիմնականում ունեն նախընտրական նշանակություն: Ավելի շուտ` դա Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերից է: Ա. Տեր-Հովակիմյանը նախ հերքեց դա, ապա նշեց, որ գումարի մի մասը հատկացվում է բուհերի ուսանողական խորհուրդներին: Հայտնի է, որ բուհերի ուսխորհուրդների նախագահների մեծ մասը ՀՀԿ անդամներ են, եւ Հանրապետականը երկար տարիներ այդ կառույցները պահել է իր վերահսկողության ներքո: Եվ շատ ՀՀԿ-ականներ անդամակցել են այդ խորհուրդներին կամ նախագահել են, ինչպես օրինակ` ժամանակին անդամակցում էր ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը: Գաղտնիք չէ նաեւ, որ նրանք բուհերում ուսխորհուրդների գործունեության շրջանակում ուսանողների են ներգրավել կուսակցության շարքեր: Իհարկե, բուհերում կամ տարբեր ծրագրերով նման գործունեությամբ զբաղվել են նաեւ կոալիցիոն մյուս երկու` «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները: Սակայն առյուծի բաժինը, բնականաբար, ՀՀԿ-ին է հասել: Եվ այսպես, իրենց կուսակցությունները հզորացնելու կամ ընտրությունները «պատշաճ դիմավորելու համար» ՀՀ առանց այդ էլ աղքատիկ բյուջեից տարբեր ծրագրերի ու հատկացումների անվան տակ միլիոնավոր դրամներ են հատկացնում:
Ի դեպ, երբ հրապարակվեց ՀՀ կառավարությունը 2011թ. ապրիլի 21-ի որոշումը` 58 մլն դրամ (շուրջ 225.000 դոլար) Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացնելու մասին, նույնիսկ սոցիալական ցանցերում շատերն իրենց զայրույթն արտահայտեցին` «Երիտհանրապետական Կարեն Ավագյանին կառավարությունը տվեց 58 մլն դրամ` «հայրենասիրական-դաստիարակչական» բնույթի միջոցառումներ անցկացնելու համար»: Ավելին, շատերը սկսեցին հիշել, թե այս մեկ-երկու տարիների ընթացքում Կարեն Ավագյանի կենսակերպն ինչպես կտրուկ փոխվեց. շատ արագ փոխվեց նրա ավտոմեքենան, նա նոր բնակարան ձեռք բերեց Բաղրամյան հասցեում, ինչպես նաեւ ամառանոց սկսեց կառուցել Շորժայում: Մեր հարցին, թե ասում են, որ ԱԺ պատգամավոր, ապա նաեւ` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալուց հետո փոխել եք ձեր բնակարանը, Կ. Ավագյանը պատասխանել է, թե հիմնադրամը 1 տարի առաջ է ստեղծվել, այնինչ ինքն այդ բնակարանը ձեռք է բերել 5 տարի առաջ: Ի դեպ, շենքի բնակիչները ոչ միայն դա հերքեցին, ասելով, որ մոտ մեկ տարի առաջ է Կ. Ավագյանն այն ձեռք բերել եւ սկսել բնակվել: Ավելին, նրանք նաեւ պատմեցին, որ նրա ձեռք բերած բավական ընդարձակ բնակարանը 4 հարկանի շենքի 4-րդ հարկում է, որի տանիքին 5-րդ լրացուցիչ հարկաբաժին եւ պատշգամբ է ավելացված եղել նախկին սեփականատերերի կողմից: