«Այսօր որեւէ մանրամասնության մասին բանակցություններում չի խոսվում»,- երեկ Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` անդրադառնալով ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի այն հայտարարությանը, թե բանակցություններում խոսվում է ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին: «Կասպրչիկն իր դիվանագիտական առաքելությունն ավարտող անձնավորություն է եւ փորձում է օրիգինալ երեւալ` չարտահայտելով ընդհանուր տրամադրվածությունը»,- ասել է Աթանեսյանը` նշելով, որ այսօր առավելագույնը պետք է խոսել համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարության մասին, որով կողմերին կոչ է արվում հասնել համաձայնության սկզբունքների շուրջ: «Կարծում ենք, որ սկզբունքների շուրջ համաձայնություն չի լինի, որովհետեւ Ադրբեջանը չի ստորագրի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի պարտավորություն ուժի չկիրառման մասին: Իսկ եթե Ադրբեջանը դրան համաձայնի, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանը ճանապարհ է բացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգայնացման համար, որին կարող է հետեւել կողմերին հետաքրքրող բոլոր հարցերի քննարկումը»,- ասել է Ղուլյանը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին խոսել էր այս շաբաթ լեհական պարբերականներից մեկին տված հարցազրույցում: «Մինչեւ վերջնական խաղաղության կնքումը, ինչը կարող է տեղի ունենալ այդ տարածքում հանրաքվեի անցկացումից հետո, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարց: Հատուկ կարգավիճակը չպետք է էապես տարբերվի այն կարգավիճակից, որն այս պահին ունի ԼՂՀ-ն: Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի միջանկյալ այդ կազմավորման միջազգային ճանաչումը»,- ասել էր նա: