Ապառիկ ընտրակաշառք

11/06/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Նախորդ տարվա՝ գյուղատնտեսության խայտառակ անկումը մեր իշխանություններին անհարմար դրության մեջ դրեց։

Իհարկե՝ նրանք փորձեցին դա բացատրել հիմնականում բնակլիմայական պայմաններով, սակայն առանձնապես չանհանգստացան։ Կարելի է ասել, որ «մանթրաժ» ընկան միայն այն պատճառով, որ տնտեսական աճի ցուցանիշը փչացավ։ Եթե գյուղատնտեսությունը անկում չապրեր, ՀՆԱ աճը 2.6%-ից շատ ավելի բարձր կլիներ։ Իսկ ցուցանիշը փչացնելուց բացի, մյուս բացասական հետեւանքների մասին, բնականաբար, խոսում էին, սակայն առանձնապես չէին մտահոգվում։ Ի՞նչ է պատահել` որ, գյուղատնտեսության գործերով շատ անհանգստանալ չարժե, չէ՞ որ մենք որոշել ենք ունենալ գիտելիքահենք տնտեսություն, զարկ տալ բարձր տեխնոլոգիաներին, զբոսաշրջությանը, մի խոսքով՝ ամեն ինչին, բացի գյուղատնտեսությունից։ Անհանգստությունը վրա հասավ հետո՝ արդեն այս տարի, երբ այդ անկման արդյունքում գյուղատնտեսական մթերքների գները թռիչքաձեւ բարձրացան։ Իսկ դա արդեն վտանգավոր է, քանի որ, եթե բնակչության մեծ մասը կարող է համակերպվել զվարճանքի վայրեր չայցելելու կամ հանգստի չմեկնելու հետ, ապա քաղցած մնալու հետ համակերպվելն անհնար է։ Բարձր գնաճը մեծացնում է սոցիալական դժգոհությունը։ Ի հեճուկս տարածված կարծիքի, իշխանություններին, այդուհանդերձ, մտահոգում է սոցիալական դժգոհությունը, քանի որ կրիտիկական մակարդակի հասնելու դեպքում այն կարող է անկառավարելի դառնալ եւ վտանգ ներկայացնել իշխանության համար։

Զարմանալի չէ, որ գնաճի սարսափելի ցուցանիշների հրապարակումից հետո իշխանությունները սկսեցին քայլեր ձեռնարկել միաժամանակ երկու ուղղությամբ։ Առաջին հերթին փորձեցին պայքարել արդեն իսկ առկա գնաճի դեմ՝ ՏՄՊՊՀ-ի միջոցով տուգանքներ սահմանելով, ներքին կարգով հրահանգներ տալով, գները կարգավորող օրենք ընդունելով եւ այլն։ Սակայն հասկանալով, որ հետեւանքի (գնաճի) դեմ պայքարելը անիմաստ է, եթե չեն վերացնում պատճառը, որոշեցին աջակցել գյուղատնտեսությանը։

Ցանկությունն ազնիվ է (ինչպես մեր իշխանությունների բոլոր ցանկությունները), սակայն աջակցել ու զարգացնել ասվածը, ինչպես պարզվեց, հիմնականում երեք ուղղությամբ ընթացավ՝ կրոնական, գիտական եւ ֆինանսական։ Առաջինի դեպքում հողերն աղոթեցին, գիտական մասով՝ տեսական դասախոսություններ կարդացին կովի կրծքերը լվանալու մասին, իսկ ֆինանսական մասով՝ որոշեցին վարկավորել գյուղացիներին։ Դե, վարկ ասվածը վերջին շրջանում կարելի է նույնացնել կառավարության գործունեության հետ։

Կառավարությունը որոշեց բանկերի միջոցով գյուղացիներին հնարավորություն տալ էժան վարկեր ստանալ։ Վարկերը տրամադրվում են պարզեցված ընթացակարգով, տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսը (իսկ առանձին շրջաններում` 6 տոկոսը) սուբսիդավորում է պետությունը։ Նշենք, որ բանկերն այդքան էլ խանդավառված չէին կառավարության նախաձեռնությամբ, քանի որ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը բանկերի համար այնքան էլ նախընտրելի տարբերակ չէ. նախ` գրավի առարկայի հարցն է դժվար (մեր բանկերը սովորաբար վարկավորում են անշարժ գույքի գրավով, այն էլ` միայն Երեւանի կենտրոնում), բացի այդ՝ գյուղատնտեսության եկամուտները սեզոնային են եւ մեծ կախվածություն ունեն կլիմայական պայմաններից, ինչը վարկը դարձնում է ռիսկային։

Ինչեւէ, կառավարությունը երկար ժամանակ բանակցում էր բանկերի հետ։ Սկզբում ծրագրին համաձայնեցին մասնակցել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ», «Արդշինինվեստբանկ», «Կոնվերսբանկ» բանկերը, հետո միացավ նաեւ «Պրոկրեդիտբանկը»։ Ինչպես մեզ տեղեկացրին ՀՀ Ֆինանսների նախարարությունից՝ ընթացքի մեջ է նաեւ «Ինեկոբանկի» մասնակցությունը ծրագրին։

Մարտի վերջին կառավարության որոշմամբ 200 մլն դրամ հատկացվեց ՀՀ ֆինանսների նախարարությանը «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների 4 տոկոսային կետին համարժեք չափով սուբսիդավորման նպատակով:

Կառավարությունը գտնում է, որ էժան վարկերը հնարավորություն կտան գյուղացիներին` լուծել խնդիրները, եւ կխթանեն գյուղատնտեսության զարգացմանը։ Իհարկե, ոչ մի նորմալ երկրում 10%-անոց վարկը էժան չի համարվում, սակայն Հայաստանի համար այն բավականին էժան է (գյուղատնտեսական վարկերի միջին տոկոսադրույքը 20% է)։ Հարցին, թե արդյոք գյուղացիների համար ձեռնտո՞ւ են 10 տոկոսանոց վարկերը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանել է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող բոլոր գյուղացիների համար 5 կամ 10 տոկոսանոց վարկերը մատչելի չեն. կան գյուղացիներ, որոնց համար անգամ 1-2 տոկոսանոց վարկը մատչելի չէ: Սակայն, ըստ նախարարի, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա այն տոկոսն է, որ հատկապես դրամով տրամադրվելու դեպքում մատչելի է եւ ունի մեծ պահանջարկ:

Եթե հավատանք Վ. Գաբրիելյանի գործընկերոջը՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, ապա պահանջարկ իրոք կա։ Գյուղնախարարի խոսքերով, մայիսի կեսի դրությամբ սուբսիդավորված վարկեր են տրամադրվել 6000 գյուղացիների։ Տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 4 միլիարդ դրամ (մոտ 10.5 միլիոն դոլար)։ Ավելին՝ պահանջարկն այնքան մեծ է եղել, որ իրենք՝ ոլորտի պատասխանատուներն էլ չէին սպասում։ Արդեն բազմաթիվ դեպքեր են եղել, երբ գյուղացիները դիմել են բանկին, սակայն այնտեղից պատասխանել են, որ ռեսուրսները վերջացել են։ Թվում է՝ կարելի է ուրախանալ, որ կառավարության նախաձեռնությունն այսքան ջերմ ընդունվեց գյուղացիների կողմից։ Առավել լավատեսները կարող են մտածել, որ շատ մոտ ապագայում մեր գյուղատնտեսությունը դուրս կգա ֆեոդալական ժամանակաշրջանին վայել վիճակից եւ կսկսի արագ թափով զարգանալ։ Մինչդեռ ոգեւորությունը կոտրում են հենց վարկավորող բանկերի աշխատակիցները, որոնք գյուղվարկավորման փորձ ունեն եւ մասնավոր զրույցներում մեծ թերահավատությամբ են նայում այս ամենին։

Պատճառն այն է, որ գյուղատնտեսական վարկերը սովորաբար տրամադրվում են տարվա սկզբին՝ փետրվարին, եւ այս նախաձեռնությունն ուշացած է։ Սա բանկային համակարգի աշխատակիցներին հիմք է տալիս պնդելու, որ վարկն իր նպատակին չի ծառայի։ Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ վերցրած գումարները կարող են ուղղվել գյուղատնտեսական աշխատանքների համար վարձու աշխատողների վարձատրությանը, ապա Հայաստանի պարագայում դա լրիվ անհեթեթ է. մեր գյուղացիների 99%-ն ինքնուրույն է կատարում բոլոր աշխատանքները եւ ոչ մի դեպքում վարձու աշխատողի վրա փող չի ծախսի։

Ստացվում է, որ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այս քայլերը դժվար թե էական դեր խաղան ոլորտը ոտքի կանգնեցնելու համար։ Ամենաուշագրավն այն է, որ այս մասին գիտեն բոլոր կողմերը՝ թե՛ կառավարությունը, թե՛ գյուղացիները, թե՛ վարկավորում իրականացնող բանկերը։ Գիտեն, բայց չեն դժգոհում, որովհետեւ ամեն մեկն ունի իր պատճառը։ Գյուղացուն ավելի շատ հետաքրքրում է այն, որ ինքն այսօր գրպանում 1000 դրամ փող չունի, եւ վարկը վերցնում է ոչ թե գյուղատնտեսության զարգացման մասին թեկուզ մտքի ծայրով անցկացնելով, այլ պարզապես՝ առօրյա խնդիրները հոգալու համար։ Բանկերի համար, խոշոր հաշվով, տարբերություն չկա՝ ի վերջո ուր են գնալու այդ գումարները։ Նրանք ընդամենը ցանկանում են «պտտացնել» իրենց միջոցները։

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա ամենամեծ օգուտն այն է, որ երբ առաջիկայում ընտրություններ լինեն, եւ գյուղերում շրջելու ժամանակ մարդիկ սկսեն հարցեր տալ գյուղի խնդիրներից, նրանք «դեմ կտան» այս ծրագիրն ու կասեն՝ մենք ձեզ փողով օգնել ենք։ Այս տեսանկյունից խնդիրը դիտարկելու դեպքում` կառավարության նախաձեռնությունը շատ նման է ընտրակաշառքի, իհարկե, պետական մակարդակով, կազմակերպված եւ լրիվ օրենքի շրջանակներում։