Շարունակում է չարաշահել

11/06/2011

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը Ադրբեջանի` ՄԱԿ-ում ձեռնարկած հակահայկական քայլերի վերաբերյալ:

Ըստ ՀՀ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության, Նազարյանը կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քարոզչության վրա: Գլխավոր քարտուղարին ուղղված գրության մեջ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգի կարեւորության ֆոնին իսկապես հիասթափեցնող է այն փաստը, որը Ադրբեջանը շարունակում է չարաշահել իր` ՄԱԿ-ի անդամ-պետություն լինելու հանգամանքը` օգտագործելով ցանկացած հնարավորություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ապատեղեկատվական քարոզչություն տարածելու համար: Ընդգծելով, որ Ադրբեջանում անգամ ամենաբարձր մակարդակով անուշադրության են մատնվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող նախագահի, Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Եվրամիության ղեկավարների կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ շփման գծում դիպուկահարների ետքաշման վերաբերյալ հայտարարությունները` Նազարյանը հույս է հայտնել, որ «Ադրբեջանն անհիմն եւ սադրիչ նամակներ տարածելու փոխարեն` իր ուշադրությունը կկենտրոնացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վրա»: Ամփոփելով նամակը` Կարեն Նազարյանն ընդգծել է, որ «Հայաստանը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ինչն էլ բազմիցս ապացուցել է գործնական քայլերով»: