Զորացրվածներն` անվճար

11/06/2011

Կառավարության երեկվա նիստում քննարկվել է բանակից զորացրվածների համար պետպատվերի շրջանակներում բուհերում անվճար տեղեր հատկացնելու խնդիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարության համապատասխան որոշումը մեծ արձագանք է գտել, եւ դրական է գնահատվել քաղաքացիների կողմից: «Անհրաժեշտ է մեր ֆինանսական ռեսուրսներից միջոցներ հայթայթել եւ ուղղել այդ նպատակին` ծրագիրն ավելի ընդլայնելու նպատակով»,- ասել է Տ. Սարգսյանը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ կառավարությունն իր նախորդ որոշումներից մեկով 99 տեղ էր հատկացրել բանակից զորակոչվածների մագիստրոսական կրթությունն ապահովելու նպատակով: Խոսքը վերաբերում է այն ուսանողներին, որոնք ավարտել են բակալավրիատը, եւ զորացրվելուց հետո ցանկություն ունեն ուսումը շարունակել մագիստրատուրայում: Ընդ որում` այդ դեպքում պետպատվերից կարող են օգտվել նաեւ այն ուսանողները, ովքեր բուհ են ընդունվել վճարովի հիմունքներով: Արտոնությունը չի տարածվում նրանց վրա, ովքեր բանակ զորակոչվելուց առաջ ունեցել են ցածր առաջադիմություն եւ վատ կարգապահություն: Բանակից զորացրված տղաները պետպատվերից օգտվելու համար կարող են դիմել մինչեւ օգոստոսի 15-ը: Կառավարությունը նախատեսում է լրացուցիչ 20-25 տեղ ավելացնել այդ ծրագրում: Ըստ Ա. Աշոտյանի` յուրաքանչյուր ուսանողի գծով պետպատվերի միջինացված ծախսը տարեկան կկազմի 300 հազար դրամ: