Որտե՞ղ կպատասխանի Սերժ Սարգսյանը

11/06/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Չնայած իշխանությունները տարբեր մակարդակի պաշտոնյաների շուրթերով մերժել են պատվիրակությունների մակարդակով բանակցելու` Հայ ազգային կոնգրեսի առաջարկը, ՀԱԿ-ը` ի դեմս առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դեռեւս սպասում է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին:

Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա պատասխանից կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, պատասխան հնչեցնելու է նաեւ Ս. Սարգսյանը` ԵԽ ԽՎ-ում: Իսկ թե` ե՞րբ եւ որտե՞ղ` դեռեւս հայտնի չէ: Սակայն պարզ է, որ դա տեղի է ունենալու կա՛մ մինչեւ հունիսի 22-ը` Երեւանում, կա՛մ` հունիսի 22-ին` Ստրասբուրգում: Իսկ թե որ տարբերակը կընտրի Ս. Սարգսյանը, կոալիցիայի ներկայացուցիչներից ոչ ոք տեղյակ չէ: «Հնարավոր է` Ս. Սարգսյանը որոշի ինչ-որ բան ասել այստեղ եւ շարունակությունը` ավելի ծավալուն ու պարզաբանված` ԵԽ ԽՎ-ում, սակայն դա միայն ինքը գիտի»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Հայտնի է, որ հունիսի 22-ին ԵԽ ԽՎ Վեհաժողովի լիագումար նիստում այս անգամ ելույթ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթը տեւելու է մեկ ժամ, որից հետո կես ժամ հատկացվելու է հարցուպատասխանին: Հաշվի առնելով նախկինում եղած նախադեպերը, երբ ԵԽ ԽՎ ամբիոնից ելույթ են ունեցել տարբեր երկրի նախագահներ, պետք է ենթադրել, որ այս անգամ եւս չի խախտվի արարողակարգը, եւ Հայաստանի նախագահի ելույթը նույնպես կառուցված կլինի ԵԽ հիմնարար սկզբունքների շուրջ: Այսինքն` Ս. Սարգսյանի ելույթի հիմնական հատվածը նվիրված է լինելու երկրում տեղի ունեցած «բարեփոխումներին»: Մեր զրուցակիցների հավաստմամբ, Ս. Սարգսյանը ԵԽ ԽՎ նիստում ներկայացնելու է վերջին տարիներին Հայաստանում կատարված թե՛ օրենսդրական, թե՛ ներքաղաքական լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլերը` ներառյալ Ազատության հրապարակում ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնելու հնարավորության տրամադրումը ու համաներման արդյունքում կալանավայրերից քաղբանտարկյալների ազատ արձակումը: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներն արդեն իսկ արձագանքել են իշխանությունների այս քայլերին` դրանք որակելով որպես դրական առաջընթաց: Իսկ ինչ վերաբերում է պատվիրակությունների մակարդակով բանակցելու ՀԱԿ առաջարկին, ապա, մեր զրուցակիցների հավաստմամբ` կոնկրետ պատասխան այդ առումով Ս. Սարգսյանը չի հնչեցնելու: Նրանց կանխատեսմամբ` Ս. Սարգսյանը, ով, ինչպես նշեցինք, իր ելույթում անդրադառնալու է ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ընդամենը հայտարարելու է, որ անցած երեք տարիների ընթացքում ինքը մշտապես հայտարարել է, որ երկխոսության ջատագովն է եղել, եւ արդեն ԵԽ ԽՎ ամբիոնից կվերահաստատի, որ պատրաստ է ցանկացած քաղաքական ուժի հետ բաց երկխոսության` առանց պատվիրակների, որն իր մեջ «գաղտնիության», այսինքն` ոչ թափանցիկության տարրեր է պարունակում: Նույն աղբյուրների փոխանցմամբ, Ս. Սարգսյանը նաեւ հայտարարելու է, որ այս ընթացքում արդեն իսկ ընդդիմության հետ տեղի է ունենում բաց երկխոսություն (վկայակոչելով ընդդիմության պահանջների կատարումը), որը «պատվիրակների կազմի» տակ քողարկելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում: Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների խոսքով` ԵԽ ԽՎ-ում նման հայտարարությունը չի կարող «ծափերի» չարժանանալ, քանի որ դրանով Ս. Սարգսյանը կփորձի ցույց տալ, թե ի տարբերություն Հայաստանի ընդդիմության` որքան թափանցիկ, բաց երկխոսության կողմնակից է ինքը: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` Ս. Սարգսյանը ԵԽ ԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի անունը չի ընդգծելու եւ խոսելու է ընդհանուր ընդդիմության մասին: Բացի այս, մեր աղբյուրների փոխանցմամբ` Ս. Սարգսյանը նաեւ հայտարարելու է, որ իշխանական տարբեր մակարդակի գործիչներ, այդ թվում` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, հայտարարել են, որ ընդդիմության ներկայացրած բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, որ ոլորտներին էլ վերաբերեն (քաղաքական, տնտեսական, սոցիալական), Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են քննարկել եւ համատեղ լուծումներ առաջարկել, ինչը, սակայն, ընդդիմությունը գոհացուցիչ չի համարում: Ըստ իշխանությունների` բանակցություն պետք է տեղի ունենա հասարակության դժգոհ զանգվածի եւ պետության միջեւ, ուստի իրենք իրենց կողմից որպես «պատվիրակներ»` առաջարկում են պետության բոլոր պետական մարմինների ղեկավարներին: «Մեր պատասխանն, ըստ էության, ՀԱԿ-ին, հետեւյալն է. եթե կոնկրետ դժգոհություն կամ առաջարկ ունեք ԱԺ-ին, ապա ասում ենք` դիմեք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Եթե` քաղաքաշինության նախարարությանը, ապա` Վարդան Վարդանյանին»,- ասում է մեր զրուցակիցը` միաժամանակ բացառելով, որ ՀԱԿ-ի հետ երկխոսություն կարող է ծավալել նաեւ արտահերթ ընտրությունների շուրջ: Ավելին` մեր զրուցակցի խոսքով` հնարավոր է նաեւ, որ Ս. Սարգսյանը ԵԽ ԽՎ-ում հայտարարի, որ պատրաստ է անձամբ բաց ձեւաչափով, ինչպես այսօր է` երկխոսել ՀԱԿ-ի հետ, եթե նրանց առաջ քաշած հարցը կամ հարցերը վերաբերում են նախագահի աշխատակազմում առկա խնդիրներին: Ինչեւէ, ԵԽ ԽՎ լիագումար նիստին մնացել է ընդամենը 11 օր, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն դրանից առաջ` հայտնի չէ: Ի դեպ, ԵԽ ԽՎ պատգամավորները պետք է իրենց հարցերը` ուղղված Ս. Սարգսյանին, ձեւակերպեն 30 վայրկյանի ընթացքում, հակառակ դեպքում նրանց հարցը կարող է ընդհատվել: Արդեն իսկ հայտնի է, որ Հայաստանից Ս. Սարգսյանին հարց ուղղելու համար հերթագրվել է «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, ով, սակայն, չի ցանկանում բացահայտել իր հարցի բովանդակությունը` ասելով, թե ուզում է Ս. Սարգսյանին անակնկալ մատուցել ԵԽ ԽՎ-ում: Հայտնի է նաեւ, որ Ս. Սարգսյանին հարց տալու համար հերթագրվել է մեկ այլ պատգամավոր կոալիցիայից, որպեսզի անհրաժեշտության դեպքում` հավասարակշռող դերակատարում ունենա: Հերթագրվել է նաեւ Ադրբեջանի պատվիրակների կեսից ավելին, սակայն, թե ովքեր հարց տալու հնարավորություն կունենան` հայտնի է միայն ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուին: Բանն այն է, որ ԵԽ ԽՎ կանոնադրության համաձայն` նման դեպքերում (հրավիրյալների ելույթների) հենց ԵԽ ԽՎ նախագահն ինքնակամ իրավունք ունի որոշելու, թե հերթագրվածներից ովքեր եւ ինչ հերթականությամբ են հարցեր ուղղելու հյուրին, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը կայանալու է հունիսի 30-ին: Այսինքն` ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ը եւս սպասում է ԵԽ ԽՎ-ում Ս. Սարգսյանի ելույթին: