Նոյեմբերի 15-ին Ստոկհոլմում կկայանա Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանս։ Շվեդիայի հայկական միությունների համակարգման կենտրոնի նախագահ Կարո Հակոբյանի խոսքերով, կոնֆերանսի նպատակն է Շվեդիայի քաղաքական, հասարակական եւ գիտական շրջանակներին ծանոթացնել Օսմանյան Կայսրության կողմից քրիստոնյա ազգերի, մասնավորապես, հայերի նկատմամբ կազմակերպված ցեղասպանությանը։ Պրն Հակոբյանը սրա անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ Թուրքիայում քրիստոնյա ազգությունների նկատմամբ վերաբերմունքը ներկայումս էլ անհանդուրժողական է եւ, չնայած սրան, Թուրքիան արդեն Եվրամիություն մուտք գործելու բանակցություններ է սկսել։ «Անհրաժեշտ է լուսաբանել ճշմարտությունը, առավել եւս, դրա վերաբերյալ հետաքրքրությունը ծայր աստիճան մեծ է»,- ասում է պրն Հակոբյանը։ Կոնֆերանսը կազմակերպվելու է «Կենդանի պատմություն» պետական կառույցի, Սոդերնտորն համալսարանի, ասորա-սիրիական կենտրոնական կազմակերպությունների եւ Շվեդիայի հայկական միությունների համակարգման կենտրոնի համատեղ ջանքերով։