Ազատ արձակվեց նաեւ Բոջոլյանը

11/06/2011

Երեկ Երեւանի «Կենտրոն» քկհ-ից պատժաժամկետի ավարտման կապակցությամբ ազատ է արձակվել 2002 թ. բանտում գտնվող թուրքագետ, թարգմանիչ Մուրադ Բոջոլյանը: Հարազատներից բացի, նրան դիմավորել են Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստներ` հիմնականում երիտասարդական թեւից: Հիշեցնենք, որ Բոջոլյանը Թուրքիայի օգտին լրտեսելու մեղադրանքով 2002 թվականին դատապարտվել էր 10 տարի ազատազրկման: Նա իրեն մեղավոր չի համարում եւ այդ մասին հայտարարել է նաեւ երեկ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո: Նրա նախկին պաշտպանը դեռեւս 2002 թվականին հայտարարել էր, որ Բոջոլյանն իր մեղքն ընդունել է այնքանով, որ առանց համապատասխան մարմիններին տեղյակ պահելու` համագործակցել է թուրքական TV 6 հեռուստաալիքի հետ: Այդուհանդերձ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2009 թ. նոյեմբերին մերժել էր Մուրադ Բոջոլյանի հայցը Հայաստանի Հանրապետության դեմ` այդպիսով ուժի մեջ թողնելով հայաստանյան դատական ատյանների վճիռները: Երեկ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին` դուք ձեզ քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, Բոջոլյանն ասել է. «Քաղբանտարկյալ լինելու հանգամանքը ոչ թե անձն է որոշում, այլ հասարակությունը, որը տալիս է գնահատականը: Ինձ թվում է, որ այս տարիների ընթացքում հասարակության մի զգալի մասը հասկացել է, թե որն է ճշմարտությունը»: Անդրադառնալով Եվրադատարանի կողմից իր դիմումի մերժմանը` Բոջոլյանը նշել է. «Հայցը մերժելը շատ հանելուկային պատմություն ունի, եւ ես մտադիր եմ այդ հարցով հետագայում զբաղվել»: Նա նաեւ նշել է, որ երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել, իսկ այժմ, ազատ արձակվելուց հետո, դեռեւս չի կողմնորոշվել, թե ինչով է զբաղվելու: