«Կողմերը խնդրի կարգավորումից երբեք այսքան հեռու չեն եղել»

11/06/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Հետեւել եք Ղարաբաղյան պատերազմի եւ բանակցային ողջ գործընթացի ամեն օրվան, ծանոթ եք իրադարձությունների տրամաբանությանը: Ի՞նչ եք կարծում, Դովիլում հնչած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը կարո՞ղ է նպաստել նրան, որ «արագորեն կազմվի Ղարաբաղյան կարգավորման համաձայնագիրը», ինչպես նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

– Գիտե՞ք, այդպիսի 1000-ավոր հայտարարություններ են արվել: Ինքս ակնկալիքներ չունեմ, որ առաջիկայում հնարավոր է ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում, որովհետեւ տարաձայնությունները խորն են, եւ դժվար կլինի համաձայնության գալ:

– Սակայն հիշենք հայտարարության հետեւյալ միտքը. «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը` հասնելու համաձայնության»:

– Այս հայտարարության մեջ սպառնալիքի էլեմենտ կար, բայց նման հայտարարություններ էլի են արվել: Սա, ի դեպ, թվով 4-րդ հայտարարությունն է, ոչ թե երրորդ: Առաջին բարձր մակարդակի հայտարարությունն արվել է տակավին 1997թ.-ին, Դենվերում: Այս հայտարարության տոնայնությունը կարելի է այսպես ձեւակերպել. «Դե՛, շուտ արեք, բավական է, ինչքա՞ն կարելի է ձգձգել»: Սակայն սա այն հարցն է, որը շոշափում է Հայաստանի, ԼՂ-ի եւ Ադրբեջանի կենսական շահերը, եւ հորդորներով նման հարցերը չեն լուծվում:

– Այս հորդորները կարելի՞ է համարել ճնշում հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հանդիպումից առաջ: Հնարավո՞ր է` կողմերին պարտադրվի ստորագրել փաստաթուղթ: «Պարտադրվի», որովհետեւ, հայտնի է, վերջնական համաձայնություն կողմերի միջեւ ամենեւին չկա:

– Այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, ունի վիճելի շատ մանրամասներ: Այսօր կողմերը երբեւիցե այսքան հեռու չեն եղել խնդրի լուծումից: Կարծում եմ` Ռուսաստանը որեւէ կողմի լուծում չի պարտադրի, քանի որ Ռուսաստանի շահերից չի բխում նեղացնել կոնֆլիկտի կողմերին: Վստահ եմ, որ խաղաղությունը ձեռնտու է բոլոր կողմերին: Խնդիրն այն է, թե ո՛ւմ խաղի կանոններով է հաստատվելու այդ խաղաղությունը:

– Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւս արձագանքել է հայտարարությանը` նշելով, որ «Հերթական` կազանյան հանդիպման ժամանակ ԼՂ խնդրում առաջընթաց կարձանագրվի»:

– Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, ինքն` ի պաշտոնե, Վիեննայում տեղեկացվում է բանակցությունների մանրամասներին, եւ սա թուրքական կողմի հերթական հայտարարությունն է: Որպես կանոն` չեմ հավատում որեւէ պաշտոնյայի հայտարարությանը, հավատում եմ գործընթացի տրամաբանությանը։ Իսկ տրամաբանությունը հուշում է, որ կարգավորումից հեռու ենք:

– Ասացիք, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբեւէ խնդրի կարգավորումից այնքան հեռու չեն եղել, որքան հիմա: Թեեւ գործընթացի տրամաբանությունը ցույց է տալիս, որ կողմերը միշտ էլ նույնքան հեռու են եղել խնդրի կարգավորումից, ինչպես հիմա:

– Այսօր բանակցությունների սեղանին է Մադրիդյան փաստաթուղթը, որը կազմված է մոտ 15 կետից: Եթե անգամ այս փաստաթղթի կամ սրա նորացված տարբերակի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ինչը հորդորում են երեք նախագահները, չի նշանակում, թե մոտ ենք լուծմանը: Այդ 15 կետանոց փաստաթուղթը պետք է վերածվի համապարփակ, տասը էջանոց փաստաթղթի, քանի որ մանրամասների մասին այնտեղ խոսք չկա: Երբ փաստաթղթում խոսվում է ապագայում անցկացվելիք հանրաքվեի մասին, ժամկետ չկա, եւ 14 կետից յուրաքանչյուրի տակ կարելի է 100 ենթակետ դնել: Եվ եթե անգամ 99 տոկոս համաձայնություն լինի, մեկ ենթակետը կարող է այնքան էական նշանակություն ունենալ, որ տապալի ողջ գործընթացը: Կողմերը համաձայնության չեն եկել անգամ բազային հարցերի շուրջ: Եթե Ադրբեջանն ընդունի, որ ԼՂ-ն իրավունք ունի հանրաքվեի ճանապարհով որոշել իր ապագան, Կազանում գուցե փաստաթուղթ ստորագրվի: Ադրբեջանը գրում է, որ հայկական կողմը պետք է դուրս գա «գրավյալ տարածքներից»: Հիմա` Հայաստանը պատրա՞ստ է ստորագրել «բոլոր» բառի տակ, որովհետեւ Հայաստանն ասում է` պատրաստ է հեռանալ «որոշ» տարածքներից: Ղարաբաղյան հարցի լուծումն ահավոր ցավ է պատճառելու երեք հասարակություններին էլ: Չեմ պատկերացնում, որ նախագահները ստորագրեն այդ փաստաթուղթը եւ կարողանան պահել իրենց իշխանությունը, որովհետեւ դա մեծ ռիսկ է: Եվս մի կարեւոր հանգամանք. եթե կողմերը մոտ լինեին կարգավորմանը, «Հայլուրը», Արցախի «Լուրերը», «Խաբարլարն»` Ադրբեջանում, կքարոզեին խաղաղություն:

– Ղարաբաղի խնդիրը ունիվերսալ` երեք հասարակություններին էլ հարմար լուծում չունի: Ստացվում է, որ կոնֆլիկտն անլուծելի խնդիրների՞ շարքում է։

– Ամեն ինչ լուծում ունի: Երկու հոգի վիճում են մեկ նարնջի համար: Վեճին միջամտող միջնորդները պարզում են, որ մեկին անհրաժեշտ է նարնջի միջուկը, մյուսին` կեղեւը: Պետք է ոչ թե մեխանիկորեն կիսել նարինջը երկու մասի, այլ խնդրի լուծմանը ստեղծագործաբար մոտենալ: 1999-ին եղել է անգամ տարածքների փոխանակման հարց, եղել է Քի Վեսթը, որը տարածքների փոխանակման այլ տարբերակ էր: Մինչ այդ եղել է Ընդհանուր պետության գաղափարը:

– Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է որպես լուծում տեսնել Եվրամիության տարբերակը, երբ պետությունների միջեւ չկան սահմաններ, հետեւաբար` չկա սահմանների խնդիր, հետեւաբար` վեճը դրանց շուրջ դառնում է անիմաստ: Այսինքն` հնարավո՞ր է թեւակոխել գիտակցական նոր փուլ:

– Օ՜, չեմ կարծում: Կարծում եմ` մեր կյանքը բավարար չի` տեսնել խնդրին նման մոտեցում ունեցող հասարակություններ:

– Քաղաքական ուժերը, մեկնաբանելով դովիլյան հայտարարությունը, այն գնահատեցին որպես հայանպաստ, տեսան տողատակային սպառնալիքներ` ուղղված հատկապես Ադրբեջանին:

– Ամենավատ հայտարարությունը կարելի է ներկայացնել` որպես հաջողություն, եւ ամենալավ հայտարարությունը` որպես արտաքին քաղաքականության ձախողում: Երբ նման հայտարարություններում բալանսը չի պահպանվում, հայտարարությունը չի աշխատում: Եվ վերջ:

– Ակնհայտ է, որ հունիսի 25-ին փաստաթուղթ չի ստորագրվի, իսկ եթե անգամ ստորագրվի էլ` կունենա դեկլարատիվ բնույթ: Այսինքն` հունիսի 25-ից հետո էլ իրավիճակը չի փոխվելու: Ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը:

– Նրա օգտին, ով կարողանում է այն ճիշտ օգտագործել: Երբեք ուշ չէ անել այնպես, որ ժամանակն աշխատի քո օգտին: Ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, որովհետեւ նրա ՀՆԱ-ն վերջին տարիներին Հայաստանին գերազանցում է մոտ 5 անգամ: Դեմոգրաֆիկ առումով մենք Ադրբեջանին եւս զիջում ենք: Բայց դիտարկենք մյուս կողմը. միջազգային հանրությունը տեսնում է, որ արդեն 20 տարի խնդիրը լուծում չունի, եւ Ադրբեջանն էլ` առանց Ղարաբաղի ու շրջակա տարածքների, չի կործանվում: Ի վերջո, միջազգային հանրության աչքը սովորում է: 20 տարի ապրել եք, 200 տարի էլ ապրեք:

– Միջազգային հանրությունը սովորել է Հայաստանին տեսնել շրջափակման մեջ` 20 տարի ապրում եք եւ չեք կործանվում, շարունակեք եւս 200 տարի:

– Շրջափակման թեման նուրբ է: Այո՛, շրջափակման մեջ ենք, բայց ի՞նչ անենք: Հայաստանը հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցում արել է առավելագույն զիջումները: Բոլոր նախագահներն էլ պատրաստակամություն են հայտնել պատերազմում պարտված Ադրբեջանին հանձնել 6,5 շրջան: Քի՞չ է: Սա չափազանց մեծ զիջում է: Մենք կատարել ենք Թուրքիայի ներկայացրած նախապայմաններից մի քանիսը, սահմանը դարձյալ չի բացվել: Ի՞նչ անենք, գնանք առավե՞լ մեծ զիջումների: Այդ գնով շրջափակման վերացումը շատ թանկ կարժենա:

– Որքանո՞վ եք հնարավոր համարում պատերազմի վերսկսումը:

– Այսօր կա պատերազմը զսպող 2 գործոն: Ուժերի հարաբերակցությունը. Ադրբեջանը գուցե տնտեսապես առաջ է մեզնից, սակայն ռազմական եւ ռազմավարական իմաստով եթե քայլեք Հորադիզից շփման գծով, շարունակեք Մռավով, Օմարով հասնել մինչեւ հայ-վրաց-ադրբեջանական շրջանի հատված, կտեսնեք, որ հայերն առավելագույն լավ դիրքերում են, եթե անգամ Ադրբեջանի տասը տանկի դեմ ունենանք միայն մեկը: Երկրորդ` խաղաղ բանակցությունները. կարելի է բանակցել անգամ 1000 տարի: Դա հասկանում են նաեւ Ադրբեջանում: Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է: