Սմբատյանի նվիրած կարապները սատկե՞լ են

11/06/2011

Բաց նամակ

Երեւանի կենդանաբանական այգում շարունակվում են ամստերդամյան բժշկության եւ խորհրդատվության, ինչպես նաեւ` Ամստերդամում վերապատրաստված բժիշկների աշխատանքների արդյունքների դրսեւորումները:

Ս. թ. մայիսի 28-29-ին Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի` Ռուբեն Խաչատրյանի բանավոր կարգադրությամբ այգուց անհայտ ուղղությամբ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Արմեն Սմբատյանի կողմից այգուն նվիրաբերած երկու սեւաթույր կարապները, որոնք բերվել էին Ռուսաստանի Դաշնությունից: Նշյալ կարապները «Էրեբունի-Երեւան» տոնախմբության սիմվոլներն էին եւ ամեն տարի ամառային-աշնանային եղանակներին Երեւանի Քաղաքապետի համապատասխան հանձնարարականով նրանք տեղափոխվում էին Կարապի լիճ եւ մայրաքաղաքի բնակիչներին հաճելի ժամանց էին պարգեւում: Երեկ հայտնի է դարձել, որ երկու կարապները սատկել են: Նրանց դիերը Կենդանաբանական այգի չեն վերադարձվել, այլ տեղափոխվել են ինչ-որ լաբորատորիա (լաբորատորիայի անունը դեռեւս հայտնի չէ)` մահվան պատճառները հետազոտելու համար: Թերեւս այս տեղեկատվությունը կարող է ուղղակի չհամապատասխանել իրականությանը, եւ թռչունները վերադարձվեն այգի, ինչը պայմանավորված կլինի նման ապատեղեկատվության դիտավորյալ շրջանառությամբ եւ արձագանքների մոնիտորինգով: Վերջինիս «դրական» արդյունքների դեպքում համապատասխան փաստաթղթերով կկազմակերպվեն թռչունների «դուրս գրման» եւ գումարների յուրացման փաստաթղթերը։ Սակայն մի բան փաստ է, որ երկու սեւաթույր կարապները մինչ այսօր չեն վերադարձվել Կենդանաբանական այգի եւ չեն լողում Կարապի լճում: Անհրաժեշտ է Դատախազության ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա եւ պարզել իրողությունը: Գորշ ամպեր են կուտակվել պերուական ուղտայծերի գլխին: Վերջին օրերի ընթացքում անհայտ պատճառով սատկել են պերուական ուղտայծերի երկու ձագուկները եւ արուն: Մյուս էգը վիժել է եւ գտնվում է բավական ծանր առողջական վիճակում, եւ նրա կյանքին նույնպես վտանգ է սպառնում։ Ենոտական շնիկների նորածին ձագուկներին վարժեցնելու նպատակով, մոր կաթից կտրել եւ տեղափոխել են տնային պայմաններ, ինչի արդյունքում ձագուկները սատկել են։ Մենք` մայրաքաղաքի բնակիչներս, դեռ շարունակելու են քաղել այս «ամստերդամյան» դասերի եւ «եվրոպական արժեքների» դառը պտուղները, որոնք տրամաբանական եւ կանխատեսելի զարգացում ունեն` կենդանիների ոչնչացում, լավագույն դեպքում` վերադարձ դեպի բնություն, եւ վերջապես` 34 հեկտարանոց «Օլիգարխիկ համալիրի կառուցապատման» ծրագրի իրականացում:

ՄԱՈՒԳԼԻ