Ճանապարհ՝ դեպի ինքնասպանություն

11/06/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կատվի հիվանդ ձագի նման անուժ ցնցվելով` երկու տարեկան Վաչիկն աչքերը հոգնած ու դանդաղկոտ թարթում է: Անտարբեր նայում է շուրջն ու ծանրությամբ փակելով աչքերը` վերանում է էս աշխարհից: Մայրն ասում է` շատ թույլ է, մշտապես քնում է ու գրեթե մոր ու մորաքրոջ գրկից չի իջնում: Վաչիկի հյուծված ու խեղճ հայացքից տագնապ եմ զգում: Ուզում եմ նրան շոյել, բայց սկսում է լաց լինել: Երկու տարեկան երեխայի լացի ձայնն ասես կատվի մլավոց լինի, այնքան տկար է, որ ձայնը կոկորդից դուրս չի գալիս: Ծանոթներն ասում են, որ չորս երեխաների մայրը` Լաուրան, օրեր առաջ սարսափելի ծրագիր է մշակել: «Ուզում էր երեխեքի հետ գնար, կամուրջից ցած գցեր իրանց: Պատահական ենք իմացել ու մի կերպ հետ ենք պահել: Բայց եթե սենց շարունակվի` դա մի օր կիրագործի ինքնասպանության ծրագիրը, որովհետեւ մայր ա, չի կարում դիմանա էդ ցավին. աչքի առաջ երեխեքը սովից մեռնում են: Վաչիկին նայեք, էդ երեխու վիճակը տեսնելով` գիշերները քուն ու դադար չունենք»:

Մոտ մեկ ամիս առաջ երեխայի վիճակը վատացել է: Մայրը տարել է Քանաքեռի թիվ 16 պոլիկլինիկա. «Բժիշկն ասեց` բրոնխներն ա, ու դեղեր նշանակեց: Ասեց` պիտի առնես, մենք չունենք: Մի դեղն արժեր 6000 դրամ: Եկա տուն, երեխես վարի ա գնում: Մի կոպեկ չունեի, որ դեղ առնեմ: Մտածում էի` կկորցնեմ երեխուս, ու ավելի լավ ա` բոլորս միասինգ Բոլորին էլ մի օր կկորցնեմ»,- պատմում է Լաուրան, ով բոլոր խանութներին այնքան հացի պարտք է կուտակել, որ այլեւս ոչ հաց են տալիս, ոչ էլ պարտքով գումար: Մի կերպ հայթայթել է գումարն ու երեխայի դեղորայքը գնել է: Սովի մեջ ապրող Վաչիկը տեւական ժամանակ դատարկ ստամոքսով դեղորայք է ընդունում, բայց վիճակը կրկին վատ է: Նախկինում մայրը մի կազմակերպությունից որպես բարեգործություն` կաթ էր ստանում, բայց տեւական ժամանակ է` չեն տրամադրում: Վաչիկը սովից թուլացել ու հիվանդ կատվի նման պարանոցը գցել է ուսին: «Ես պուճուրը չի ապրի»,- ասում են այս ընտանիքին ծանոթ մարդիկ: Ասում են` մյուսներին մի կտոր չոր հացով պահում են, բայց Վաչիկը փոքր է ու երկար քաղցած մնալու պատճառով` օրգանիզմն այլեւս կորցրել է դիմադրողականությունը: Տատիկի տված բուլկին երեխաներն այնպես են ուտում, կարծես շաբաթներով ոչինչ չեն կերել: Վաչիկը դանդաղկոտ ձեռքն է առնում բուլկու կտորը, բայց այնքան թույլ է, որ դժվարանում է բերանը շարժել: Երեք տարեկան Էլենային հարցնում եմ` «Ի՞նչ երազանք ունես»: «Որ մենք լիքը ցամաք հաց ունենանք,- ասում է,- իմ ամենասիրած ուտելիքը ցամաք հացն ա»: Յոթ տարեկան Խաչիկը սովորում է դպրոցում ու տխուր է, որ ներկայումս ամառային արձակուրդներ են: Ուզում է գնալ դպրոց, որովհետեւ` «Չեմ սիրում տանը մնալ, շատ տխուր եմ դառնում: Կոշիկներս մաշվել, ճղվել են: Մամաս չի թողում վազվզեմ, խաղամ, ասում ա` ուրիշ կոշիկ չեմ կարա առնեմ, մի վազի, որ չմաշվի»: Քանաքեռ 6-րդ փողոցի 62 տանն ապրում է Լաուրան` ամուսնու, չորս մանկահասակ երեխաների, ինչպես նաեւ` 2-րդ կարգի հաշմանդամ քրոջ հետ: Արդեն վեց տարի նույն փողոցում ապրում են վարձակալությամբ` բնակարան չունենալու պատճառով:

Երեխաներից ավագը ներկայումս Լաուրայի բարեկամի տանն է մնում` «Որ սովից փրկեն երեխուս: Բարեկամներս ձեռք են մեկնում, բայց այլեւս անհնար ագ»: Ամուսինը` Արտյոմը, սրտի արատով հիվանդ է, բայց անգամ այդ վիճակում բանվորություն է անում: Մշտական աշխատանք չունի, եւ, եթե բանվորության աշխատանք չլինի` օրերով, ամիսներով գործազուրկ է մնում: Լաուրան ասում է` երեխաներին խնամելու հոգսն այնքան դժվար է, որ Արտյոմը վախենում է անգամ ոտք դնել հիվանդանոց. «Շատ ա վատանում: Մեկ-մեկ ամբողջ մարմնով ձգվում, կծկվում ու քարանում ա, չի կարողանում շարժվել: Ինքը շատ աշխատող տղա ա, բայց էլ վրեն հալ էլ չի մնացել, մի օր տեղում կմնա»: Հիվանդ ամուսնու վաստակած գումարն այնքան չնչին է, որ Լաուրայի երեխաները շաբաթներով անլույս են ապրում: «Եթե մի քանի օր առաջ գայիք` մենք խավարի մեջ էինք ապրում, հոսանքի պարտք ունեինք, շաբաթներով անջատված էր: Հաճախ աշխատացնում, բայց խաբելով փողն էլ չեն տալիս»,- ասում է Լաուրան, ով խոսելու հետ մեկտեղ` բակում տեղադրված վառարանի մեջ փայտե կտորներ գցելով, վառում է, որպեսզի կաթսայով ջուր տաքացնի: 43.000 դրամ աղքատության նպաստը ստանալուն պես 25.000-ը տան վարձ են վճարում: «Հիմա խանութներից էնքան պարտքով հաց ենք վերցրել, որ չեն տալիս: Ճիշտն ասած` լավ մարդիկ են, խղճում տալիս են, բայց իրանց էլ եմ հասկանում, ինչքա՞ն կարելի ա: Զոռով-շառով էսօր 2 հաց են տվել: Պիտի մանր-մանր կտորներով ուտացնելով` յոլա տանեմ»,- ասում է Լաուրան: Բացի չորս երեխաներից` Արտյոմն ու Լաուրան խնամում են նաեւ վերջինիս 1-ին կարգի հաշմանդամ քրոջը: 40-ամյա Լուսինեն չի կարողանում տեղաշարժվել, քանի որ աջակողմյան հատվածը թուլացած է: Աջ աչքն ընդհանրապես զրկված է տեսողությունից: Երկու տարեկանում ականջի սուր ցավով ծնողները տարել են հիվանդանոց. «Ինքը մեծ քույրս ա, նորմալ երեխա է ծնվել: Մամայենքս տարել են հիվանդանոց, ականջի ետեւից սրսկելուց` ներվին են կպել: Հետագայում էպիլեպսիա հիվանդություն ա սկսվել: Փաստաթղթերով-բանով հաստատված ա, որ բժիշկների սխալ սրսկումից ա հաշմանդամ դարձել: Աջ աչքը չի տեսնում, աջ ձեռքը, ոտքը լրիվ անշարժացած ա»,- պատմում է Լաուրան, ում ծնողների մահից հետո քրոջ խնամքը մնացել է իր վրա, քանի որ այլ հարազատներ չունեն: Լուսինեն ներկայումս հանգիստ վիճակում է դեղորայքի շնորհիվ, հակառակ դեպքում` նոպաների ժամանակգ 1-ին կարգի հաշմանդամության համար Լուսինեին մեր պետությունը տրամադրում է 14.700 դրամ թոշակ, որով անգամ մեկ շաբաթվա կերակուր չես գնի: Լաուրան ասում է, որ քրոջ հիվանդությունն էլ իր հերթին խնամք է պահանջում, բայց այնպես է ստացվել, որ Լուսինեն հաճախ նյարդային նոպաներ է ունենում երեխաների աղմուկից ու անօգնական վիճակից: Լաուրան ասում է, որ երկու տարեկան Վաչիկի խնամքի պատճառով չի կարողանում աշխատել, բայց սիրով անգամ հավաքարարություն կաներ` երեխաների օրվա հացի գումարը հայթայթելու համար: «Հավատացե՛ք, հավաքարարություն, համբալություն կանեմ, մենակ թե երեխայիս հարցն ա խանգարում: Գոնե մի քիչ մեծանար, կկարողանայի մանկապարտեզ տալ: Լուսինեն չի կարում քայլել, շարժվել, որ իրա մոտ թողնեմ»: Լաուրայի ապրած 25.000 դրամանոց տունն իսկական դժոխք է, որտեղ մտնելուն պես տրամադրության անկում է սկսվում: Բոլորը քնում են միեւնույն` մեկ սենյակում, իսկ տնից քիչ հեռու զուգարանը ծածկված է ոչ թե դռնով, այլ` փալասով: Տան մութ ու խոնավ տեսարանն անգամ բանտերում չես տեսնի: Դրա համար էլ` Խաչիկը վայրկյան առաջ շտապում է դպրոց գնալ: Լաուրան բազում նամակ-խնդրանքներով դիմել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանին, սակայն կամ նամակները մնացել են անպատասխան, կամ էլ պատասխանել են, որ` «Դուք ընդգրկված եք սոցիալապես անապահով խմբում, հնարավորության դեպքում կաջակցենք ձեզ»: Այս տարիների ընթացքում վարչական շրջանը երբեք հնարավորություն չի ունեցել այս ընտանիքին օգնելու, նույնիսկ այն դեպքում, երբ երկու տարեկան Վաչիկի վիճակը նկարագրելիս` ծանոթները` «Չի ապրի երեխեն» դեղատոմսն են տալիս: Լաուրան շատերին է խնդրել հանրակացարանի մի սենյակ կամ վագոն-տնակ հատկացնելու համար, սակայն` «Ոչ մի պատասխան: Էն ժամանակ գոնե յոլա էինք գնում, ասում էին` գոնե տան վարձ չտանք, էդ 25.000-ը հացի փող կանենք: Հիմա շատ ծայրաստիճան վիճակում ենք, ճարս կտրած` դիմումներ եմ գրում, որ մի երկու կոպեկով օգնեն, բայցգ Ինձ ճիշտ հասկացեք, ես մուրացկան չեմ, ուղղակի անհնար ա, անելանելի դրություն ա. չենք կարում ապրենք, երեխեքս աչքիս առաջ սովից մարում են: Կամ կխելագարվեմ, կամգ»: Կամ մի օր կընտրի այն ճանապարհը, որը մի տեսակ սովորական երեւույթ է դարձել մեզ համար: Լաուրայի տառապանքը նույնքան ծանր է, որքան Վաչիկի սովից թուլացած ու անուժ տեսարանին ականատես լինելը, որն անգամ անծանոթ մեկի հոգին տակնուվրա է անում: Լաուրան չի կարողանում տեսնել, թե ինչպես են երեխաները «ձեռքից գնում», դրա համար էլ սոսկալի ծրագրեր է մշակում: Ուզում է չորս երեխաների հետ ինքնասպան լինել: Ճիշտ այնպես, ինչպես ամսվա մեջ գոնե մի քանի անգամ ոստիկաններն ու լրագրողները շտապում են կամուրջների տակ, միմյանց հարցեր են տալիս, լուսանկարում են ու աղմուկ են բարձրացնում, հոգեբաններին հարցեր են տալիս ու փորձում են գտնել այդ դաժան արարքի դրդապատճառները: