Ամուսնությունից հետո, երբ Լիլի Էլբակյանին հարցնում էին «լավ նորության» մասին, նա խուսափում էր պատասխանից: Լավ նորությունն ունի մի լավ հատկություն` այն ի հայտ է գալիս կլորիկ փորի տեսքով: Մեր հարցին, թե ինչո՞ւ էր մինչ օրս թաքցնում, որ հղի է, Լիլին պատասխանեց. «Ախր, չեմ սիրում անձնական կյանքից խոսել: Բացի այդ, մի քիչ դժվար եմ տանում հղիությունը: Ես մշտապես նիհար եմ եղել` միգուցե եւ` չափից շատ նիհար: Հիմա քաշի ավելացումը վրաս լավ չի ազդում: Էս շոգ եղանակն էլ ավելի է վատացնում իրավիճակը: Երբ փոքր էի, միշտ ասում էի, որ հղի լինեմ, սիրուն, լայն շորիկներ եմ հագնելու: Սակայն միայն հիմա եմ հասկանում, որ հղիության ընթացքում լինում են պահեր, որ սիրուն շորերը բացարձակ չեն հետաքրքրում»: Լիլին 6 ամսական հղի է, արդեն գիտեն, որ դուստր են ունենալու, եւ անգամ հայտնի է փոքրիկի անունը` Էլմիրա: «Աղջկաս անվանելու ենք ամուսնուս մոր անվամբ` Էլմիրա: Սակայն տղայիս անունն անպայման Էդգար եմ դնելու: Հղիության մասին իմացել էի գիշերը, եւ առաջինն, ում տեղեկացրեցինք այդ մասին, ամուսնուս` Համոյի հայրն էր: Ուշ գիշեր Համոն զանգեց Մոսկվա` հորն ուրախացնելու, ես էլ զանգեցի պապայիս: Մամաներն առավոտյան իմացան, քանի որ քնած էին այդ ուշ ժամին»: Մեր հարցին, խոսե՞լ է արդյոք մայրիկի հետ ծննդաբերության «հաճելի» մանրամասների մասին, Լիլին պատասխանեց. «Ես այնքան վախկոտ եմ, որ աշխատում եմ չկենտրոնանալ այդ հարցի շուրջ: Չնայած բավական շատ գրականություն եմ կարդացել: Մարդիկ երբ պատմում են` մի տեսակ վախենալու է թվում ամեն ինչ»: