Ինչպես սիրում են կրկնել հայկական ավանդական ընտանիքներում` տղա առաջնեկից հետո կարելի է հանգիստ աղջիկ ունենալ: Սակայն «32 ատամ» ակումբի ղեկավար Կարեն Բաբաջանյանի հանգիստը տեւեց 7 տարի: Որդու ծնվելուց 7 տարի հետո, նա կնոջ` հաղորդավարուհի Լիլիթ Կարապետյանի հետ որոշեց, որ ժամանակն է` նաեւ աղջիկ ունենալ: Կ. Բաբաջանյանի facebook-յան էջում կարելի է տեսնել մարտի 30-ին լույս աշխարհ եկած դստեր լուսանկարները: Կարենի հետ մեր զրույցի ժամանակ պարզվեց նաեւ, թե ինչու էին ամուսինները այդքան երկար դադարից հետո աղջիկ ունենում: Պատասխանը հնչեց «32»-ի ոճի մեջ. «Պարզապես տանը գրեթե չէինք լինում»: Փոքրիկին անվանել են Մարիա` ի պատիվ Կարենի մոր: Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ավանդաբար, նորածին երեխայի 40 օրը լրանալուն պես, փոքրիկին կնքում են եկեղեցում, Կարենը պատասխանեց. «Կարծում եմ, որ շատ ավելի նախընտրելի է, երբ մարդ գիտակցաբար է մոտենում այդ քայլին: Չնայած դեմ չեմ այդ ավանդույթին: Բավական գեղեցիկ է եւ կարող է լինել մեր կյանքում: Տղաս արդեն յոթ տարեկան է, բան չմնաց` մի քանի տարի, եւ նրան կկնքենք: Նույնն էլ, բնականաբար, վերաբերում է աղջկաս: Նա եւս կսպասի մինչեւ մեծանալը»: