Հայաստանի Ավանդական ՈւՇՈՒ-ի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը երեկ ասուլիս էր հրավիրել` պարզաբանելու իր վերջին հարցազրույցի թյուրըմբռնման արդյունքում առաջացած հարցերն ու անհիմն խոսակցությունները:
Նախ` Տ. Չոբանյանն անդրադարձավ խոսակցությունների բուն պատճառին: Հունիսի 7-ին Տ. Չոբանյանին զանգահարել էին «Ժամը» լրատվականից եւ հրավիրել գլոբալ սպորտի եւ այդ կոնտեքստում` ՈՒՇՈՒ-ի ֆեդերացիայի վերաբերյալ հարցազրույցի: Ասվել էր նաեւ, որ բացի այդ, գլոբալ սպորտի վերաբերյալ հաղորդաշար է նախապատրաստվում: «Նկարահանումների օրը մարզումներ չկար նշանակված, սակայն նկարահանող խմբի խնդրանքով ես մարզումներ նշանակեցի, հրավիրեցի մեր մարզիկներին: Մեր նորաստեղծ մասնագիտական դահլիճում եւ կատարվեցին նկարահանումները: Չնայած այդ կադրերից հազիվ թե 5 վայրկյան տեւողությամբ տեսանյութ լիներ ցուցադրված: Սակայն դա խնդրի մի կողմն է միայն: Լրագրողների հետ իմ խոսակցությունը սկսվեց ֆեդերացիային վերաբերող հարցերից` այդ թվում նաեւ հարց հնչեց` Ֆեդերացիա եւ Սպորտի նախարարություն հարաբերությունների վերաբերյալ: Ինձ հարց էր ուղղվել, թե` ինչպիսի՞ն է տարբերությունը ներկա ֆինանսավորման եւ Ֆեդերացիայի ֆինանսական իրական պահանջարկի մեջ: Ես պատասխանել եմ, որ տարբերությունը կրկնակի է, սակայն որպես խոհեմ մարդ` հասկանում եմ պետությանը, քանի որ կան ֆինանսական դժվարություններ` եւ հետեւաբար` չեմ նեղանում պետությունից դրա համար: Այդ հատվածը հաղորդման մեջ չի ընդգրկվել: Այստեղից էլ` թյուրիմացությունը»,- նշեց Տ. Չոբանյանը: Նա նաեւ ավելացրեց, որ եթե տեղյակ լիներ, որ հաղորդումը քննադատական բնույթ է կրելու, ապա չէր համաձայնի մասնակցել: Տվյալ հաղորդման մեջ նա նաեւ կարծիք է հայտնել ավանդական մարզաձեւերի վերաբերյալ, որտեղ նշել է. «Ցանկալի կլիներ, որ ավանդական մարզաձեւեր համարվեն այն մարզաձեւերը, որտեղ մենք ունեցել ենք ավանդույթներ, Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոններ»: Տ. Չոբանյանը նշում է, որ հեռուստաեթերով հնչեցրած իր այս կարծիքը բարի ցանկություն է եղել եւ ոչ երբեք` քննադատություն. «Եթե ինձ այդ հաղորդումից` որպես կերպար, հանենք` հաղորդման բովանդակությունն ընդհանրապես չի փոխվում: Եթե նկարահանող խումբն ուներ քննադատական կարծիք, ապա այդ կարծիքը պետք է արտահայտվեր` առանց ինձ օգտագործելու»: Հարցին, թե որպես մարզիկ, Ֆեդերացիայի նախագահ` ինչպե՞ս է գնահատում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը, Տ. Չոբանյանը պատասխանեց. «Ակնհայտ շարժ կա դեպի լավը: Միգուցե կան նաեւ որոշ թերություններ: Երբեք չեմ վախեցել իմ կարծիքն արտահայտել ցանկացած հարցի շուրջ: Սակայն նորից եմ կրկնում` դա միայն կարծիք է: Ժամանակին, երբ հարցադրում է եղել, թե որքա՞ն ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ ՈՒՇՈՒ-ի ֆեդերացիային, ես պատասխանել եմ` բոլոր կարիքները հոգալու համար լիովին բավարար է տարեկան 12 մլն դրամը: Սակայն այսօր պետությունը չունի այդ հնարավորությունը, եւ ես դա հասկանում եմ»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ հաղորդումը դիտավորյալ արված լիներ, նա պատասխանեց. «Նման բան չեմ կարող ասել, քանի որ չեմ ճանաչում այդ մարդկանց, ինչպե՞ս կարող եմ մեղադրել նրանց այդ հարցում: Եթե ինձ նախօրոք զգուշացնեին, որ այդ հաղորդումն ունենալու է քննադատական ուղղվածություն, եւ ես համաձայնեի` իմանալով այդ մասին, եւ գնայի նկարահանման, հավաստիացնում եմ, որ այսօր բոլորին կասեի. «Հա` ասել եմ: Այդ կարծիքն ունեի ու լավ եմ արել, որ ասել եմ»: Հարցին, թե այդ հաղորդումից հետո Սպորտի նախարարության վերաբերմունքը որեւէ կերպ դրսեւորվե՞լ է, Տ. Չոբանյանը պատասխանեց. «Նախարարության մեջ աշխատում են մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ շատ վաղուց` շուրջ 20 տարի: Իմ ընկերների անհանգստությունը հետեւյալն էր` ի՞նչ էի անում ես այդ հաղորդման մեջ, եթե այն չէր վերաբերում ՈՒՇՈՒ-ին: Ինչո՞ւ մինչ այդ չէի արտահայտվում, եթե ունեի քննադատական կարծիք, եւ երրորդն` ի՞նչ գործ ունեի ես «վաբշե» այդ թեմայի շուրջ խոսելու: Երրորդ հարցին պատասխանել եմ, որ մտահոգված եմ ոչ միայն ՈՒՇՈՒ-ի, այլ ընդհանրապես Հայաստանում սպորտի զարգացման խնդրով, որովհետեւ Հայաստանն իմ հայրենիքն է, դա իմ գործն է, եւ ես ինձ իրավունք եմ վերապահում այդ մասին արտահայտվելու: Ինչ վերաբերում է մյուս հարցերին` ես այդ մասին պարզապես անտեղյակ էի: Բայց ճնշումներ եւ պարտադրանքներ չեն եղել: Ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ եթե ճնշումներ լինեին, սկզբունքորեն` այդ ճնշումներին չենթարկվելու համար, ես կանեի հակառակ քայլեր: Սակայն նորից եմ ասում` ես անտեղյակ էի, որ այդ հաղորդումը քննադատական բնույթ է կրելու»: Իսկ այդ ո՞ր հաղորդումն է այդքան աղմուկ բարձրացրել. պարզվեց, որ «Ժամը» լրատվականի 1,5 րոպեանոց տեսանյութի մասին է խոսքը: