«Ամենայն Հայոց կաթողիկոսի` Վրաստան կատարած այս այցով հույս ունենք, որ Ջավախքում կստեղծվի հայկական թեմ, որով կլուծվի Ջավախքում հոգեւոր անվտանգության հարցը` կրթամշակութային լուրջ քայլեր ձեռնարկելու միջոցով»,- երեկ կայացած ասուլիսում նման տեսակետ է հայտնել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: «Թիֆլիսի իրականությունը շատ տարբեր է Ջավախքից` ամբողջովին տարբեր են այս տարածքների խնդիրները, եւ Ջավախքում առանձին թեմ հաստատելու հարցն արդեն հասունացած է»,- նշել է նա: Ըստ փորձագետի` կաթողիկոսի այցը պետք չէ համարել նպատակ: «Դարակազմիկ երեւույթ համարելով հանդերձ` դա պետք է դիտվի` որպես միջոց»,- նշել է նա: Սարգսյանի կարծիքով` վիճելի հինգ եկեղեցիներից Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի այցը կաթողիկոսի օրակարգից հանված է: «Կաթողիկոսներն այցելելու են մի շարք քաղկեդոնիկ եկեղեցիներ, եւ եթե Իլյա Բ-ի նախաձեռնությամբ աղոթք տեղի ունենա (որը անպայման տեղի կունենա, քանի որ իրենք են տանտերերը), մեր մասնակցությունը աղոթքին ինքնին կհաստատի, որ մենք հրաժարվում ենք այդ եկեղեցիներից, ընդունում ենք դրանք` որպես վրացական,- հայտարարել է Վ. Սարգսյանը` ավելացնելով,- Վրացական կողմն արդեն հող է նախապատրաստում մանեւրելու. օրինակ` արդեն հայտարարել են, թե դա պետության խնդիրն է: Հա, կաթողիկոսին Սահակաշվիլին կարող է ասել, թե ես կքննարկեմ` կորոշենք: Խոստումներ մենք շատ ենք լսել»: Փորձագետը նշել է, որ այսօր Վրաստանում հայկական 130 բնակավայրից 20-ը կաթոլիկ է, իսկ մյուս 110-ում քաղկեդոնական մեր եկեղեցիները պետք է անպայման լինեն ուշադրության կենտրոնում: «Այն եկեղեցիներում, ուր նրանք այցելելու են, կրոնական ծիսակարգը լինելու է վրացերեն, մենք հյուրի կարգավիճակով ներկա ենք լինելու: Էստեղ կարեւոր է, որ կաթողիկոսն ինչ-որ ձեւով դրսեւորի, որ սա էնքան էլ էսպես չի, մենք էդպես չենք ընդունում»,- նշել է նա: Եթե ճիշտ մոտեցում չլինի, ըստ փորձագետի, այս այցի արդյունքում մեր բոլոր քաղկեդոնական եկեղեցիները վրացիները վերցնելու են: Վրացական մշակութային կայքերում արդեն իսկ դրանք ներկայացված են` որպես հին վրացական եկեղեցիներ: «Մեր մոտավոր հաշվարկներով` այդ եկեղեցիները, որ հայկական-քաղկեդոնական են, 25-ից ավելին են. դրանց մոտ հայկական համայնքներին թույլատրվում է հիմնել ու կառուցել նոր եկեղեցիներ, սակայն հներին դիպչել թույլ չի տրվում»,- նշել է նա: