Կթանկացնի՞ «Գազպրոմը» Հայաստանին մատակարարվող գազի գինը, եւ եթե այո` ապա որքա՞ն է այն կազմելու ներկայիս 180 դոլարի փոխարեն (1000խմ-ի դիմաց)։ Այս հարցին դեռ հստակ պատասխանել հնարավոր չէ։ Ինչպես օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղարը, գազի գնի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիր դեռ կնքված չէ, եւ ներկայումս այդ հարցով բանակցություններ են ընթանում։ Սակայն, որ «Գազպրոմը» ցանկանում է գինը բարձրացնել, կասկած չի հարուցում։ Իսկ ամենահիմնական պատճառը, ի հեճուկս տարածված կարծիքի, ոչ թե ռուսական ընկերության ագահությունն է, այլ նրան պատկանող «ՀայՌուսգազարդի» ոչ կոմպետենտությունը կամ վատ աշխատանքը։ Այդ ընկերությունը, չնայած մոնոպոլիստ լինելու հանգամանքին, 2010 թվականը փակել է ավելի քան 11 միլիարդ դրամ վնասով եւ մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավելացրել պարտքերը։ Իսկ եթե «ՀայՌուսգազարդի» միջոցով շահույթ ստանալ չի հաջողվում, այն կարելի է ստանալ գազը ի սկզբանե թանկացնելով, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, ցանկանում է անել ռուսական կողմը։