Կազանում կստորագրե՞ն

09/06/2011

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հետաքրքիր զարգացումներ կարող են լինել սեպտեմբերին, երբ պաղեստինցիները ՄԱԿ-ում կբարձրացնեն իրենց անկախության եւ ինքնորոշման խնդիրը: Կամ` Հարավային Սուդանի անկախության հարցն էլ կմտնի շրջանառության մեջ, եւ դա նոր հնարավորություն կստեղծի Ղարաբաղի անկախության ճանաչման նպատակով դիվանագիտական պայքարի համար»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով այդ հարցում առաջիկա զարգացումների մասին: Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեկ նրանք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Մենք հույս ունենք, որ նախագահների` Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին»,- երեկ Ստեփանակերտում հայտարարել են համանախագահները: