ԲՀԿ-ն ու Եհովայի վկաները

09/06/2011

Մեր տեղեկություններով` ԲՀԿ խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը Սեւան քաղաքում բավականին զգուշավոր, սակայն սերտ հարաբերություններ է ստեղծել «Եհովայի վկաներ» կազմակերպության հետ: Բանն այն է, որ կրոնական այդ աղանդը բավական ակտիվ գործունեություն է ծավալել Սեւանում եւ ունի հազարավոր անդամներ: Ասում են, որ այդ քաղաքում նույնիսկ ամբողջական փողոցներ կան, որոնց բնակիչները Եհովայի վկաներ են: Եվ նրանք զգալի ընտրազանգված են կազմում Սեւանում եւ առաջիկա ընտրությունների ժամանակ կարող են լուրջ գործոն դառնալ: Սեւանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Հ. Մադաթյանն էլ ցանկանում է շահել այդ կազմակերպության անդամների ձայնը: Այդ իսկ պատճառով` նրանց հետ լավ հարաբերություններ է հաստատել եւ օգնում է նրանց գործունեությանը: Հ. Մադաթյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել այդ լուրը. ընդամենն ավելացրել է, թե ինքը Սեւանում կապ է պահպանում իր բոլոր ընտրողների հետ: Նա նաեւ ասել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկին մեծամասնական ընտրակարգով նույն ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն ունի: