Մեր տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին նկատողություն է արել այն առիթով, որ վերջինս մշտապես իր բոլոր հարցազրույցներում եւ մասնավոր զրույցներում հատուկ շեշտադրում է, որ ինքն ընդամենը «Երեւան քաղաքի մենեջեր է»: Քաղաքապետի խոսքերի ենթատեքստն այն է, որ քաղաքական, մասնավորապես` ՀՀԿ հարցերով չի զբաղվում: Հիշեցնենք, որ Կ. Կարապետյանը քաղաքապետ է առաջադրվել ՀՀԿ վստահության քվեով: Մի կողմից` ինքն էլ է գիտակցում, որ հաշվետու է այն քաղաքական ուժին, որն իրեն առաջադրել է այդ պաշտոնում, մյուս կողմից` տարանջատում է իրեն այդ կուսակցությունից: Հայաստանի բնակչությունը 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների` կազմել է 3 մլն 254 հազար մարդ, որից 1 մլն 119 հազարը` ընդհանուր թվաքանակի 34,4 տոկոսը, Երեւանի բնակչությունն է: Ավելին, Երեւանի բնակչությունը քաղաքականապես ամենաակտիվն է: Այնպես որ, քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է: