Կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումներն, ու նորից հնարավոր առաջընթացի մասին հայտարարություններ են հնչում:
Տարածաշրջանում գտնվող` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն եւ Իգոր Պոպովը երեկ Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո չեն բացառել, որ հունիսի 25-ին Կազանում կարող է որեւէ փաստաթուղթ ստորագրվել: Այդ օրը Կազանում հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը` վերջինիս նախաձեռնությամբ:
«Մենք հույս ունենք, որ նախագահների` Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին է առաջարկվել մոտ երեք ամիս առաջ` Սոչիում», – երեկ առավոտյան Ղարաբաղում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բ.Ֆասյեն:
Իսկ քննարկվող փաստաթղթի մասին Ի.Պոպովը նշել է, թե որոշ հարցեր դեռեւս հղկման ու փոխհամաձայնեցման կարիք ունեն: «Դրանցով զբաղվում են կողմերի արտգործնախարարները, եւ հնարավոր է, որ մինչ Կազանի հանդիպումն այդ աշխատանքներն ավարտված կլինեն»,- հույս է հայտնել ՌԴ համանախագահը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ համանախագահող երկրների` Ռուսաստանի, Ամերիկայի եւ Ֆրանսիայի նախագահները ԼՂ կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն էին ընդունել` կոչ անելով «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»: Նախագահների ու համանախագահների այս հայտարարությունները քաղաքական շրջանակներում մեկնաբանվեցին որպես ճնշում` Կազանում որեւէ փաստաթուղթ ստորագրելու համար: Խոսքն այս դեպքում մարտի 5-ին Սոչիում ներկայացված` այսպես ասած, «հիմնարար սկզբունքների վերջին տարբերակի» մասին է: Իսկ մինչ նախագահների հանդիպումը այս շաբաթ օրը Մոսկվայում պետք է հանդիպեն երեք երկրների արտգործնախարարները` Կազանում նախագահների այցը նախապատրաստելու եւ ակնկալվող փաստաթղթի վերջին տարբերակը պատրաստելու համար: Իսկ թե ինչ մանրամասներ կամ ինչ քննարկումներ են տեղի ունենում այս ընթացքում ԼՂ հարցի կարգավորման շուրջ, այդ մասին հայկական կողմը որեւէ հայտարարություն չի անում: Հայկական կողմը նույնիսկ չպատասխանեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե «համաձայնություն է ձեռք բերվել ԼՂ-ում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին: Նրա խոսքերով` այդ ուժերը չեն լինելու ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից, ո՛չ էլ տարածաշրջանի երկրներից: Եվ Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը ներառվել է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ»: Մամեդյարովը նաեւ ավելացրել է. «ԼՂ հակամարտության լուծումը պետք է իրականացվի փուլ առ փուլ, եւ բոլոր փուլերը փոխկապակցված են: Կանադայում անցկացված «Մեծ ութնյակի» հանդիպմանը սահմանվեցին այդ հարցի կարգավորման հիմնական սկզբունքները` առաջին հերթին օկուպացված տարածքներից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը, պետք է բացվեն բոլոր հաղորդակցությունները եւ ճանապարհները, այնուհետեւ պետք է վերականգնվեն ավելի վաղ օկուպացված տարածքները, հարկադրաբար տեղահանվածները պետք է վերադառնան հայրենի հողերը, եւ պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր»:
ՀՀ արտգործնախարարությունը կամ որեւէ այլ պատկան կառույց դեռեւս որեւէ մեկնաբանություն չի տվել այս հայտարարությանը: Երեկ միայն ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է հայտարարել, թե Մամեդյարովի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: «Ի՞նչ տարածքների, ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը, եթե այս պահի դրությամբ հակամարտության կարգավորումը նախնական փուլում է: Ինձ թվում է` այս հայտարարությամբ Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս իր իրական նպատակը` Արցախի զավթումը: Կազանից առաջ նման հայտարարություններ անելն, իմ կարծիքով, ճիշտ չէ: Դա ցույց է տալիս, որ ստատուս-քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ»,- ասել է Դ.Բաբայանը:
Ուշագրավ է նաեւ, որ Մամեդյարովի բացահայտումներին երեկ իրենց հայտարարություններում ոչ մի կերպ չեն անդրադարձել Ղարաբաղում գտնվող համանախագահները: Հավանաբար այդ մասին որոշ մեկնաբանություններ կանեն այսօր Երեւանում ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումից հետո: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը թեեւ այդքան էլ չի հավատում Մամեդյարովի այս հայտարարություններին եւ կարծում է, որ դա կարող է դիվանագիտական խաբեություն լինել, սակայն մի մտահոգություն, այնուամենայնիվ, ունի: ԼՂՀ կարգավորման շուրջ իրար հետեւեցին երեք` Թուրքիայի վարչապետ Էրդողանի, Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների եւ Մամեդյարովի հայտարարությունները: Եվ քաղաքագետը գտնում է, որ սա կարող է պատահական զուգադիպություն չլինել եւ այդ հերթականության տակ, իսկապես, ԼՂ կարգավորման հարցում առաջընթաց պարտադրելու փորձ լինել: «Ես կասկածանքով եմ նայում այդ հարցին, որովհետեւ մարտահրավերն ուղղված է Ադրբեջանին, բայց գալիք օրերին կտեսնենք, թե որ հատվածն է խաբեություն: Իրականում առաջին փորձությունը կլինի այս շաբաթ օրը, երբ հանդիպեն ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները»,- ասում է պարոն Կիրակոսյանը:
Մամեդյարովի հայտարարությունների դեպքում ՀՀ արտգործնախարարության լռությունն էլ քաղաքագետը բացատրում է երկու պատճառով: «Նախ ճիշտ է անում, որ չի պատասխանում, որովհետեւ, եթե պատասխանի, ադրբեջանական կողմի հայտարարություններին կտա որոշակի լեգիտիմություն: Երկրորդը` որ ՀՀ եւ ԼՂ դիվանագիտական դիրքերն ուժեղ են: Եվ դա հնարավորություն է տալիս ամեն անգամ չպատասխանել Ադրբեջանի արտգործնախարարի ստերին: Ես սովորաբար քննադատաբար եմ մոտենում ՀՀ արտգործնախարարությանը, բայց այս պարագայում պատասխանի պակասը դրական մարտավարություն է»,- ասում է նա:
Ամեն դեպքում փորձագետը գտնում է, որ այս անգամ ԼՂ կարգավորման գործընթացում դրսեւորվող ակտիվության դեպքում առաջընթաց ապահովելու հավանականությունը նախկինից մի փոքր ավելին է: Իսկ Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի համար անհասկանալի է, թե իրենից ինչ է ներկայացնում Սոչիում կողմերին ներկայացված «հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը», որը Կազանում կարող է դառնալ որեւէ փաստաթղթի ստորագրման հիմքը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ տարբերակի մասին շատ քիչ է խոսվել: «Հայկական կողմը միայն ցույց տվեց, որ կողմ է, ադրբեջանական կողմը բան չասաց: Հիմա Մամեդյարովը դա բացեց ու հստակեցրեց, թե միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ որեւէ համաձայնություն չկա, եւ ընդհանրապես չկա համաձայնություն ռեֆերենդումի ձեւակերպման շուրջ: Սակայն ասաց, թե համաձայնություն կա խաղաղապահ ուժերի շուրջ եւ ընդհանուր առմամբ հայկական կողմը պատրաստ է զորքերը հանել օկուպացված տարածքից: Բայց Մամեդյարովն էլ շատ ընդհանուր է ասել, եւ կարող է կողմերը ասել են, թե` դեմ չենք խաղաղապահ ուժերին»,- ասում է Մ.Սարգսյանը:
Վերջինս, վերը նշված հայտարարություններից զատ, ուշադրություն է հրավիրում նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրչիկի նախօրեին արած այն հայտարարությանը, թե` «անհրաժեշտ է նվազագույնի հասցնել պատերազմի վտանգը»: Եվ Մ.Սարգսյանը հավանական է համարում, որ Կազանում միջնորդները կողմերին, հատկապես Ադրբեջանին կարողանան ստորագրել տալ մի փաստաթղթի տակ, որը կբացառի ուժի կիրառումը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ վերջին շրջանում ԼՂ կարգավորման գործընթացում ռազմավարական որոշ փոփոխություններ են նկատվում: Մ.Սարգսյանի կարծիքով` փոփոխություն կարող է համարվել այն, որ ԵՄ-ն արդեն մի քանի անգամ հայտարարել է Մինսկի խմբում մանդատ ստանալու մասին: Մինչ այժմ Մինսկի խմբում ԵՄ-ն ներկայացնում էր Ֆրանսիան: Իսկ այժմ կարծես թե ԵՄ-ն ցանկանում է ավելի լայն ընդգրկվածություն ունենալ, ինչը կարող է նշանակել, որ այդ կառույցն այս տարածաշրջանում ցանկանում է ավելացնել ազդեցությունը: Սա արդեն կարող է բերել նաեւ ԼՂ կարգավորման ռազմավարության կամ ստատուս-քվոյի որոշակի վերանայման: Մ.Սարգսյանը նաեւ հետաքրքրական է համարում ՌԴ ՊՆ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակի հայտարարությունը, թե նախորդ տարի ղրղըզստանյան իրադարձություններին ՀԱՊԿ-ի չմիջամտելը պետք չէ դիտարկել որպես նախադեպ Ղարաբաղի համար, քանի որ սա այլ իրավիճակ է: «ՀԱՊԿ-ն կարող է առավել կարեւոր դեր խաղալ Հարավային Կովկասում:
Եթե զինված բախումները սահմանափակվեն միայն Ղարաբաղի տարածքով, ապա ՌԴ-ն չի միջամտի, իսկ ահա եթե Ադրբեջանը ռազմական հարված հասցնի ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակից Հայաստանին, ապա դա արդեն լրիվ այլ բան է»,- ասել է նա:
Այսպիսով նա հասկացրել է, որ եթե ԼՂ-ում զինված հակամարտություն սկսվի, ՀԱՊԿ ուժերը կմիջամտեն: Մի խոսքով, ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրադարձությունները բավականին արագ ու հետաքրքիր զարգացում են ստանում: Եվ Մինսկի խմբից զատ, այդ գործընթացին արդեն բավականին բացահայտ կերպով փորձում են միջամտել այլ հզոր կառույցներ ու տերություններ: Որոշ կարծիքների համաձայն` Իրանի նախագահ Ահմադինեջադի չկայացած այցն էլ կարող է կապ ունենալ այդ գործընթացների հետ: Եվ, իսկապես, չի բացառվում, որ եթե ոչ Կազանի հանդիպման ժամանակ, ապա մինչեւ այս տարեվերջ հիմնարար սկզբունքների հետ կապված որեւէ փաստաթուղթ ստորագրվի: Իսկ այն, որ ԼՂ կարգավորման գործընթացը նոր փուլ է մտել, կամ այս շրջանում կարեւոր զարգացումներ են ընթանում, վկայում են նաեւ միջազգային ու հատկապես ռուսական տարբեր փորձագետների ու պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններն ու անդրադարձները: