«Երկխոսությունը չի նշանակում, թե իշխանություններն այնքան են թուլացած, որ պիտի գնան ցանկացած պահանջի կամ առաջարկության կատարման»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Անդրադառնալով ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ը սպասում է անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին, եւ, որ «կարող է հայտարարություն անել անգամ Սերժ Սարգսյանի աշխատակազմի պահակը, միայն թե նա պետք է ասի, որ այդ հայտարարությունն անելու համար իրեն լիազորել է Սերժ Սարգսյանը», Մելիքյանն ասել է. «ՀԱԿ առանձին առաջնորդներ, քաղաքական գործիչներ եթե ընդամենը պահակների մակարդակով են մինչեւ այժմ բանակցությունների նստել, եւ դա է իրենց ամենաբարձր մակարդակը բանակցություններ իրականացնելու համար, ապա կարող են հանդիպել նաեւ ՀՀԿ-ի պահակի հետ եւ տղայական պատասխան լսել` ընդամենը կասի հետեւյալը` այ տղեք, գնացեք ուրիշ տեղ խաղացեք, թեկուզ` տունտունիկ: Ես չեմ կարծում, որ դա խոսելաոճ է, չեմ կարծում, որ դա ընդունելի է, եւ չի կարելի լկտիություն ցուցաբերել հատկապես լուրջ առաջարկություններին»: Ավելին` Գ. Մելիքյանի ասելով` երկխոսություն պետք է լինի ոչ թե իշխանության ու ընդդիմության մի հատվածի հետ, այլ բոլոր քաղաքական ուժերի հետ. «Առանձին որեւէ քաղաքական ուժի հետ կապված երկխոսությունը, չեմ կարծում, որ ճիշտ կգնահատվի նաեւ հանրության կողմից, եւ դա տարբեր կարծիքների տեղիք կտա ու վստահության վարկանիշի անկում` թե ընդդիմության, թե իշխանական կոալիցիայի համար»: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՀԱԿ` արտահերթ ընտրությունների անցկացման մասին պահանջն անընդունելի է իրենց համար, քանի որ, ըստ նրա, դրա համար ոչ միայն իրավական հիմքեր, այլեւ քաղաքական նախադրյալներ չկան: «Այն խոսելաոճը, այն խոսելաձեւը, որոնք առաջարկվում են ՀԱԿ-ի կողմից եւ անընդունելի են իշխանությունների կողմից, հատկապես կապված նաեւ արտահերթ ընտրությունների հետ, ժամանակի ընթացքում անընդունելի կլինի նաեւ ՀԱԿ առաջնորդների համար»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: