«Արդյունավետ մենեջմենթի» պտուղները

09/06/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Անկախություն ձեռք բերելուց եւ շուկայական հարաբերություններին անցնելուց հետո Հայաստան մատակարարվող գազի գինը միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Ընդ որում, սա եղել է այն հարցը, որը ավելի շատ քննարկվել է քաղաքական տեսանկյունից, քան՝ տնտեսական։

Այսօր գազի գնի թեման նորից ակտուալ է դարձել։ Ռուսաստանը ներկայումս Հայաստանին գազ է վաճառում` 1000խմ-ն 180 դոլարով։ Սակայն ցանկանում է թանկացնել գինը։ Ինչպես օրեր առաջ լրատվամիջոցների մեկին տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղարը, գազի գնի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիր դեռ կնքված չէ, եւ ներկայումս այդ հարցով բանակցություններ են ընթանում։

Ինչո՞ւ է «Գազպրոմը» ցանկանում թանկացնել գազի գինը։ Այս հարցին շատերը միանգամից կպատասխանեն՝ ցանկանում է ավելի շատ եկամուտ ունենալ։ Սակայն մեր դեպքում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ «Գազպրոմի» շահույթը կամ օգուտը մեր դեպքում կարող է լինել 2 ձեւով։ Առաջին՝ նա գազ է վաճառում «ՀայՌուսգազարդին» այնպիսի գնով, որի մեջ մտնում է իրեն նախընտրելի շահույթը։ Եթե բարձր գնով վաճառեց, բնականաբար, շահույթն էլ մեծ կլինի։ Սակայն, մյուս կողմից, այդ պարագայում նա հրաժարվում է շահույթ ստանալու մյուս ճանապարհից. «ՀայՌուսագազարդի» շահույթից (քանի որ այդ ընկերության սեփականատերն է)։ Բանն այն է, որ եթե «ՀայՌուսգազարդը» թանկ գազ է գնում, իսկ երկրի ներսում չի կարողանում թանկացնել (որովհետեւ այլեւս թանկացնելու տեղ չկա), ապա վնասներ է կրում։ Իսկ այդ վնասը նաեւ «Գազպրոմինն» է (քանի որ այն «ՀայՌուսգազարդի» 80%-ի բաժնետերն է), ինչպես եւ շահույթը կլիներ նրանը։ Սակայն «Գազպրոմը» գերադասում է «իր բաժինը տանել» առաջին եղանակով՝ գազը թանկացնելով։ Ինչո՞ւ։ Պատասխանը փոքր-ինչ երկար է, եւ առավել հասկանալի լինելու համար պատկերավոր մի օրինակ բերենք։

Ենթադրենք` Պողոսը կոշկակար է, քաղաքում միայն նա է կոշիկ կարում, որի ամեն զույգն իր վրա «նստում է» 1000 դրամ։ Օրերից մի օր նա որոշում է «Գումի բազարում» վաճառքի կետ բացել, սակայն, քանի որ ժամանակը չի բավականացնում, առաջարկում է իր ծանոթներից մեկին վաճառել իր արտադրած կոշիկը՝ դրա դիմաց վճարելով ֆիքսված աշխատավարձ։ Սակայն Պողոսը ինչ-որ չափով ինքնուրույն գործելու հնարավորություն է տվել իր աշխատողին. կոշիկը նրան տալիս է, ենթադրենք, 1200 դրամով (200 դրամն իր շահույթն է), գումարը կոնկրետ ժամանակահատվածում ստանալու պայմանով։ Սակայն թույլ է տալիս, որ աշխատողն ինքը գին որոշի եւ վաճառի, ինքնուրույն էլ լուծի տարածքի վարձավճարի, հարկայինի հետ հարցերը եւ այլն։ Տարվա կամ եռամսյակի վերջին նա, ժողովրդական լեզվով ասած, «հախուհաշիվ» է անում եւ տեսնում, թե որքան շահույթ է ապահովել վաճառքի կետը։ Բնականաբար, նրան ձեռնտու է, որ այդ կետը շահույթով աշխատի, քանի որ այդ շահույթն էլ է իրենը։ Սակայն տարվա վերջին պարզում է, որ իր ծանոթը ոչ միայն շահույթ չի ապահովել, այլեւ վնաս է կրել եւ ընկել պարտքերի տակ։ Իսկ Պողոսը չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ. նա ամեն գնով պետք է կոշիկի ամեն զույգից գոնե 400 դրամ շահույթ ունենա, որպեսզի ընտանիքի ծախսերը կարողանա հոգալ։ Ներքուստ հասկանում է, որ իր բարեկամը լավ չի աշխատում կամ ինչ-որ բան այնպես չի անում, քանի որ կոշիկի միակ վաճառողը՝ մոնոպոլիստը, անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող «տակ տալ»։ Սակայն աշխատողին չի փոխում. բացի այն, որ իր բարեկամն է, նաեւ վստահ չէ, որ մեկ ուրիշը գործերը ավելի չի վատացնի։ Իսկ իրեն անհրաժեշտ 400 դրամ շահույթը ստանալու համար նա ուրիշ միջոցի է դիմում. կոշիկը վաճառում է ոչ թե 1200 դրամով, այլ 1400-ով։

Իսկ հիմա պատկերացրեք` կոշիկի փոխարեն` գազ, «Գումի բազարի» փոխարեն՝ ամբողջ Հայաստանը, Պողոսի փոխարեն` «Գազպրոմին», նրա աշխատողի փոխարեն՝ «ՀայՌուսգազարդին», Պողոսի ընտանիքի փոխարեն՝ ՌԴ կառավարությանը։ Եթե պատկերացրեցիք, ապա այժմ ձեզ համար լիովին հասկանալի կարող է դառնալ, թե ինչու է «Գազպրոմը» ցանկանում թանկացնել Հայաստան մատակարարվող գազի գինը։

Համաձայն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2010թ. տարեկան հաշվետվության, ընկերությունը 2010 թվականը փակել է 11 միլիարդ 381 միլիոն դրամի վնասով, այն դեպքում, երբ 2009թ. ունեցել էր 3.3 միլիարդ դրամի շահույթ։ Բացի այդ, նախորդ տարվա ընթացքում պարտավորություններն ավելացել են մոտ 24.5 միլիարդ դրամով։ Այսինքն՝ պարտքերի տակ է ընկել վերը նշված օրինակի «Գումի բազարի» վաճառքի կետի նման։

Հիմա գանք հարցի երկրորդ մասին՝ իսկ ինչո՞ւ են վնասով աշխատել։ Կրկին դիմենք պատկերավոր ժանրին։ Պատկերացրեք, որ մեզ արդեն ծանոթ Պողոսն իր աշխատողին հարցնում է՝ ինչո՞ւ ես վնասով աշխատել, չէ՞ որ քեզնից բացի ոչ ոք կոշիկ չի վաճառում։ Նա էլ պատասխանում է՝ շեֆ ջան, սկսել են քիչ կոշիկ առնել, իսկ իմ մշտական ծախսերը՝ տարածքի վարձ, հարկեր եւ այլն, մնացել են նույնը։ Բացի այդ՝ նախկինում էլ պարտքեր ունեի վերցրած, նոր պարտքեր էլ եմ վերցրել ու դրանց տոկոսները փակելով՝ ի վերջո վնաս եմ ունեցել։ Հարցնում է՝ բա սպառումն ինչո՞ւ է նվազել։ Դե, ասում է, գինը թանկացրեցի՝ սկսեցին քիչ առնել։ Գինը ինչո՞ւ թանկացրեցիր։ Գինը թանկացրի, որ ծախսերս փակեմ, տոկոսներս տամ։ Բացի այդ՝ գյուղացիների համար էլիտար կոշիկի սրահներ եմ բացել, ներդրումներ եմ արել։ Բայց գյուղացու ինչի՞ն է պետք էլիտար կոշիկի սրահը։ Դե էլիտարահագեցածության ցուցանիշով հո ետ չե՞նք մնալու Եվրոպայից։ Բացի դրանից էլ՝ «Ստադիոնի» մոտակայքում ուզում եմ նոր կետ բացել՝ անունը դնել «5-րդ կոշիկի կետ»։ Այդ կետը պետք է սարքել, վերանորոգել՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Պարզ չի՞, որ Պողոսը կարող է հոգնել այս խառնաշփոթից եւ պարզապես գլխանց ստանալ իր հասանելիքը՝ կոշիկը հենց «առաջին ձեռքից» թանկ վաճառելով։

Այս օրինակով էլ կարելի է հասկանալ այն, ինչ կատարվում է գազի ոլորտում։ «ՀայՌուսգազարդի» հաշվետվության մեջ նշվում է, որ վնասով աշխատելը հիմնականում պայմանավորված է հաշվետու տարում գազի ներկրման եւ իրացման ծավալների կրճատմամբ եւ ֆինանսական ծախսերի մեծացմամբ։ «Ինչ վերաբերում է պարտավորություններին, ապա 2010թ. նկատվում է ընկերության պարտավորությունների աճ, ինչը պայմանավորված է խոշոր գազաէներգետիկ ծրագրերի եւ գազիֆիկացման ու գազամատակարարման ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ հաշվետու տարում գազի սպառումից գումարային դրամական հոսքերի կրճատման պայմաններում»,- նշված է հաշվետվության մեջ։

Գազի ներկրումն ու իրացումը իրոք կրճատվել է։ ՌԴ-ից հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2010թ. ընթացքում նվազել են 11,6 տոկոսով` կազմելով 1440.1 մլն խմ` 2009թ.-ի 1628.7 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացման ծավալները նվազել են 18 տոկոսով եւ կազմել 1361.7 մլն խմ` 2009թ.-ի 1660.8 մլն-ի դիմաց։ Սակայն 2010թ. հասույթը աճել է 8.2%-ով՝ կազմելով 123.6 միլիարդ դրամ (նախորդ տարվա 114.2 միլիարդի փոխարեն)։

Իսկ ինչպե՞ս է հասույթը աճել, եթե իրացման ծավալները նվազել են։ Պատճառն այն է, որ անցած տարի ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդ» ընկերությունը բնակչության համար գազի սակագինը բարձրացրեց 37.5 տոկոսով, իսկ ընկերությունների համար` 13։ Տնտեսագիտության տարրական կանոններին ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ գնի բարձրացումը բերում է սպառման կրճատման։ Իհարկե, տարբեր ապրանքների դեպքում այդ կախվածությունը (որն անվանում են էլաստիկություն) տարբեր է։ Օրինակ՝ առաջին սպառման ապրանքների դեպքում կախվածությունը սովորաբար թույլ է, քանի որ մարդիկ պարզապես ստիպված են գնել այդ ապրանքները։ Գազը կարելի է որոշ իմաստով դիտարկել այդպիսի ապրանք։ Թերեւս հենց այս միտքն է վստահություն ներշնչել ընկերության ղեկավարներին, որ գնի թանկացումը սպառման վրա չի ազդի, մանավանդ որ, գնորդներն իրենցից փախչելու տեղ չունեն։ Սակայն արդյունքում ստացվել է, որ տարին փակել են վնասով։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս առիթով մի անգամ ասել էր. «Սա կոչվում է սովորական սխալ, որի համար պատժում են»։

Հրանտ Բագրատյանը ուշադրություն էր հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ «ՀայՌուսգազարդը» գազը գնում է 180 դոլարով, սակայն վերջնական սպառողին հասցնում 370 դոլարով։ «Ներքին ծախսը Հայաստանում 190 դոլար է, Ուկրաինայում` 20 դոլար, երբ ես վարչապետ էի` 8 դոլար։ Գազի վրա կատարվող ներքին ծախսն ավելի մեծ է, քան ռուսական գազի գինը, որ 180 դոլար է։ Մենք 100 կմ-ի վրա ունենք աշխարհում ամենաբարձր ինքնարժեքը, 4-5 անգամ ավելի բարձր, քան Վրաստանում, Ուկրաինայում`եւ այլ տեղերում»,- հունվարին ասում էր նա։ Նման մեծ տարբերությունը «ՀայՌուսգազարդը» միշտ բացատրել է այն հանգամանքով, որ ծախսեր է կատարում եւ գազիֆիկացնում հանրապետության հեռավոր շրջանները։ Արդյունքում ավելանում են ծախսերը։ Հ. Բագրատյանն այս առիթով հարց է տալիս՝ ինչո՞ւ են գազիֆիկացնում հեռավոր գյուղերը, եթե, միեւնույն է, գյուղացիները հնարավորություն չունեն գազ վառել։ Անգամ պետական պաշտոնյաներն են հասկանում այդ իրողությունը եւ խորհուրդ տալիս աթար վառել։

Ինչ վերաբերում է «խոշոր գազաէներգետիկ ծրագրերին», որի համար մի քանի տասնյակ դոլարի վարկ է վերցվել, մասնավորապես, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկից», եւ որի արդյունքում մեծացել են պարտավորություններն ու ֆինանսական ծախսերը, ապա խոսքը վերաբերում է առաջին հերթին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկին։ Սակայն վարկ վերցնելն ու լրացուցիչ ծախսերի տակ ընկնելն արդարացված կլիներ, եթե գոնե հաստատ իմանայինք, թե այն երբ կսկսի աշխատել։ Սակայն պաշտոնապես հայտարարվող ժամկետներն այնքան են փոփոխվել, որ արդեն անլուրջ են դիտվում։ Օրինակ՝ 2009թ. դեկտեմբերին Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում էր, որ աշխատանքների 70%-ն արված է եւ. «2010թ. վերջին արդեն 480 մեգավատտ հզորությամբ կայանը կմիանա հայկական ցանցին»։ 2011թ. հունվարի սկզբին «ՀայՌուսգազարդի» տնօրենի պաշտոնակատար Վարդան Հարությունյանը հավաստիացնում էր, որ բլոկը կթողարկվի մինչեւ այս տարվա առաջին եռամսյակի վերջը (մինչեւ ապրիլի 1-ը)։ Մարտի 30-ին արդեն գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ «իրենց աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ» թերություններ են հայտնաբերվել շոգետուրբինի վրա, եւ այն ետ է ուղարկվել «Սիլովիե մաշինի» ԲԲԸ` գործարանային պայմաններում թերությունները վերացնելու համար: «Հուսով եմ, որ մինչեւ ապրիլի վերջ տուրբինը կլինի Հայաստանում, այնուհետեւ կսկսվեն թողարկման-կարգաբերման աշխատանքները, որոնք կավարտվեն 1 ամսվա ընթացքում»,- ասել էր Հարությունյանը։ Ապրիլն անցավ, եկավ մայիսը։ Մայիսի 27-ին կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հերթական նիստը, որի մասին պատմող պաշտոնական հաղորդագրության մեջ 5-րդ բլոկի մասին ասված է ընդամենը այսքանը.

«Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «Հրազդան 5» էներգաբլոկի շինարարությունն ավարտի եւ շահագործման հանձնելու ծրագրի հետ կապված հարցերին»։ Ինչպես տեսնում եք՝ ոչ մի կոնկրետ ժամկետ։ Իսկ մենք արդեն հունիսի կեսին ենք հասնում։

Ի՞նչ եզրակացության կարելի է գալ այս ամենից։ Կարծիքներ կան, որ ընկերության վնասը հենց այնպես չէ, եւ նույն վնասը շահույթ է բերում ուրիշներին։ Օրինակ՝ անիմաստ ծախսեր կատարելով հեռավոր գյուղերը գազիֆիկացնելու վրա, ընկերությունը տարին փակում է վնասով, սակայն փոխարենը լավ փող են աշխատում այդ աշխատանքներն իրականացնող կամ խողովակ մատակարարող ընկերությունները։ Իհարկե, մենք հակված չենք հավատալ նման խոսակցություններին, սակայն այդ դեպքում պետք է համաձայնենք այն տեսակետի հետ, որ ընկերության կառավարումը, մեղմ ասած, անարդյունավետ է եղել։

«Գազպրոմը» լուրջ ուսումնասիրություն կատարե՞լ է այս բոլոր խնդիրների պատճառը պարզելու համար։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ պետք է արած լինի, քանի որ «ՀայՌուսգազարդի» 80% բաժնետոմսերի սեփականատերն է։ Իսկ թե ի՞նչ եզրակացության են եկել «Գազպրոմի» ղեկավարներն ու ի՞նչ որոշումներ են կայացրել (կամ կայացնելու), դա արդեն անհնարին է ասել։ Որովհետեւ, ինչպես նշեցինք ամենասկզբում, գազի հարցի մեջ շատ մեծ է քաղաքական բաղադրիչը։ Այդուհանդերձ, այս պահին տպավորությունն այնպիսին է, որ «Գազպրոմը» չի ցանկանում «խորանալ» խնդիրների մեջ եւ պարզապես ձգտում է նորմալ շահույթ ստանալ Հայաստանից։ Եթե դա հնարավոր չէ անել «ՀայՌուսգազարդի»՝ շահութաբեր աշխատելու միջոցով, ապա հնարավոր է` պարզապես գազի գինը թանկացնելով։