Ղարաբաղյան խնդրի կարգավորում. Ճգնաժա՞մ, թե՞ «Ցյուրիխ-2»

09/06/2011

Մայիսի 26-ին Դովիլում տեղի ունեցած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների արած հայտարարությունն անմիջապես արձագանքներ ունեցավ Հայաստանում եւ Ադրբեջանում: Ինչպես մեկ տարի առաջ, պաշտոնական Երեւանն ու Բաքուն միմյանց մեղադրում են կարգավորման գործընթացը խափանելու մեջ եւ փորձում են պարզունակ քարոզչական աճպարարությամբ հայտարարությունը ներկայացնել որպես իրենց համար բարենպաստ փաստաթուղթ: Ցավալի ավանդույթի վերածվող մակերեսայնությամբ արձագանքեց նաեւ հայաստանյան ընդդիմությունը, պնդելով, որ հայտարարությունն աննախադեպ է, քանի որ առաջին անգամ մատնանշվում է Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության գալու ժամկետ` մինչ հունիսին Կազանում նախատեսված հանդիպումը, հետեւաբար գործընթացը կտրուկ արագացվում է: Մինչդեռ 2010թ. հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունված նույնատիպ հայտարարության մեջ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների համար ավելի կարճ` 20-օրյա ժամկետ էին նշում` մինչ հուլիսի 17-ին Ալմաթիում նշանակված ԵԱՀԿ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, մնացած տարաձայնությունները հաղթահարելու, Հիմնարար սկզբունքների մշակման վրա կատարվող աշխատանքն ավարտելու եւ խաղաղության համաձայնագրին անցնելու համար: Դժվար չէ նկատել, որ քաղաքական շրջանակների արձագանքների նպատակը պարզունակ քարոզչությունն է: Ակնհայտ է, որ հայտարարության իրական նպատակներն ու հետեւանքները բացահայտելու համար պահանջվում է հաշվի առնել ինչպես նախագահներ Մեդվեդեւի, Սարկոզիի եւ Օբամայի նախորդ հայտարարությունները, այնպես էլ Դովիլին նախորդած իրադարձությունների ֆոնը:

Նախընթաց զարգացումները

Վերջին շրջանում խնդրի կարգավորմանն առնչվող հիմնական իրադարձությունները ծավալվում էին աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող երկու հիմնական հարթություններում` դեպի Եվրոպա էներգակիրների տեղափոխման նոր ուղիների ձեւավորման եւ տարածաշրջանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետների ու ռազմական դաշինքների հետ հարաբերությունների ճշգրտման:

Էներգակիրներ Եվրոպայի համար: Էներգակիրների տեղափոխման խնդրի հիմքում երկու այլընտրանքային նախագծերի` ռուսական «Հարավային հոսքի» եւ եվրոպական «Նաբուկոյի» մրցակցությունն է, որն իր գագաթնակետին է հասել 2011թ.: Հատկանշական է ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամի փորձագետ Ա. Կոենի դիտարկումը. «Եվրոպային միաժամանակ երկու մեծ գազատար` «Հարավային հոսքը» եւ «Նաբուկոն», պետք չէ»: «Նաբուկոն», որի հիմնական նպատակը ռուսական գազից Եվրոպայի կախվածության էական նվազեցումն է, ունի լուրջ թերություն` դեռեւս լուծված չէ անհրաժեշտ ծավալով (30 մլրդ խմ) գազի ապահովման խնդիրը: Նախատեսված էր, որ այն կստացվի Ադրբեջանից, Թուրքմենստանից եւ Իրաքից, սակայն անգամ «Շահ Դենիզի» երկրորդ հերթը շահագործման հանձնելուց հետո Բաքուն կարող է տալ ընդամենը 10 մլրդ, Իրաքից գազի տեղափոխումը տեսանելի ապագայում անհնար է այդ երկրում առկա իրավիճակի պատճառով, իսկ Թուրքմենստանը, որն ունի գործնականում անսահմանափակ պաշարներ, տեղափոխման ուղիների ապահովման համար պետք է լուծի բարդ քաղաքական ու տեխնիկական խնդիրներ (օրինակ, Կասպիցի հատակի բաժանումը առափնյա երկրների միջեւ): «Նաբուկոյից» կրկնակի ավելի թողունակություն ունեցող «Հարավային հոսքը» գազի պաշարների խնդիր չունի, սակայն կառուցումը սկսելու համար Ռուսաստանը պետք է հաջողությամբ ավարտի «առեւտուրը» Թուրքիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ: «Հարավային հոսքի» հիմնական նպատակներից մեկ ռուսական գազը Եվրոպա տեղափոխման ճանապարհին Ուկրաինայից կախվածության հաղթահարումն է, որի պատճառով Եվրոպայում առաջացած «գազի ճգնաժամը» դեռ երկար կհիշվի: Մոսկվան ընտրել է ՈՒկրաինան շրջանցելու սեւծովյան ուղին` փորձելով Թուրքիայի առափնյա հատակով անցկացնել գազատարի մի հատվածը: Թեեւ Անկարան Պուտինի այցի ժամանակ տվել էր իր նախնական համաձայնությունը, սակայն մարտին Մոսկվա այցելած Էրդողանը հայտարարեց, որ կան մի շարք բարդություններ: Ակնհայտ է, որ ներգրավված լինելով նաեւ «Նաբուկոյում», Թուրքիան փորձում է թանկ վաճառել իր տարանցիկ հնարավորությունները: Նույն նկրտումներն ունեն նաեւ Բուլղարիան ու Ռումինիան:

Երկու ծրագրերի մրցակցության մեջ ակտիվ հետաքրքրություն եւ դերակատարություն ունեն Անկարան` որպես երկու դեպքում էլ կարեւոր հանգուցային կետ, ու Բաքուն` որպես էներգակիրներ արտահանող երկիր: Իհարկե, Թուրքիան Ռուսաստանին շատ մեծ պահանջներ չի կարող ներկայացնել, քանի որ ինքն է մեծապես կախված ռուսական էներգակիրների մատակարարումից, եւ պետք է ենթադրել, որ խորհրդարանական ընտրություններից հետո կարճ ժամանակում համաձայնություն կտա իր սեւծովյան առափնյա հատակով «Հարավային հոսքի» անցկացմանը: Բաքուն երբեք չի թաքցրել, որ երկու գազային նախագծերի մրցակցության մեջ իր կողմնորոշումը մեծապես կախված է եղել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող իր սպասելիքներից: Մասնավորապես, դեռ տարեսկզբին Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ի. Շաբանը տարակուսում էր. «Ինչո՞ւ պետք է Բաքուն ապահովի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, եթե պաշտոնական Բրյուսելը փաստորեն ոչինչ չի անում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության համար, անգամ ոչ մի անգամ Հայաստանին ագրեսոր չի ճանաչել»: Բայց Ադրբեջանը պետք է հասկանար, որ եթե անգամ Եվրամիությունը Հարավային Կովկասի նկատմամբ իր մոտեցումները ձեւավորեր զուտ էներգակիրների ներկրման տեսակետից (իրականում այն միայն մի շարք գործոններից մեկն է), ապա «Նաբուկոյի» համար պահանջվող գազի ընդամենը 1/3-ն ապահովելու իր հնարավորությունները բավարար չէին լինի նման հարց լուծելու համար: Թերեւս, ի վերջո, դրա գիտակցումը Բաքվին հանգեցրեց Եվրոպայից հիասթափության եւ էներգակիրների տեղափոխման հարցում Ադրբեջանի արտաքին քաղաքականության էական փոփոխություններին: Նախ` Բաքուն վերանայեց իր մոտեցումը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով Թուրքիային մատակարարվող գազի արտահանման վերաբերյալ, որը գործում էր 2008թ.: Այսուհետեւ Անկարան ադրբեջանական գազ վերավաճառելու իրավունք չի ունենա: Թուրքիան եկամուտներ կստանա` որպես տարանցիկ երկիր, որտեղից դուրս եկող ադրբեջանական գազի վաճառքի պայմանների շուրջ այն ստացողների հետ այլեւս կբանակցի ոչ թե Անկարան, այլ Բաքուն: Միաժամանակ, Ադրբեջանը հետաձգել է Թուրքիայի հետ նոր գազային պայմանագրի կնքումը, որով իրավական ուժ պետք է ստանա «Շահ Դենիզ-2»-ից Անկարայի ակնկալած գազի չափաքանակը: Ավելի ուշ, մայիսի վերջին Ադրբեջանի Պետնավթաընկերության նախագահ Ռ. Աբդուլաեւը հայտարարեց, որ «Ադրբեջանն իր գազը կարող է տեղափոխել Եվրոպա ոչ թե «Նաբուկո» նախագծի միջոցով, այլ ավելի շահավետ երթուղիներով»: Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռ. Մուսաբեկովը համարում է, որ «եվրոպացիները շարունակ շտապեցնում են Ադրբեջանին` «Նաբուկո» նախագծին միանալու համար, բայց մենք դա չենք անի ամեն գնով, միայն այն բանի համար, որ դուր գանք Եվրոպային: Եթե Եվրամիությունն իրեն հեռու է պահում ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանին օգնելուց, ապա համապատասխանաբար չի կարող ակնկալել Բաքվի աջակցությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցերում»: Էներգակիրների արտահանման ոլորտում Բաքուն փաստորեն վերանայում է թե Եվրամիության երկրների, թե Թուրքիայի հետ հարաբերությունները` բավարարված չլինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքով: Սակայն վերանայումներն ավելի լայն ընդգրկում ունեն եւ չեն սահմանափակվում էներգակիրներով:

Ռազմա-քաղաքական ոլորտ: Այս ուղղութամբ էական տեղաշարժերի սկիզբ կարելի է համարել 2010թ. օգոստոսը, երբ Երեւան այցելեց Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը, եւ ստորագրվեց Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի ժամկետը մինչեւ 2046թ. երկարաձգելու մասին համաձայնագիր, որը վավերացվեց 2011թ. գարնանը: Հիմնական նրբությունն այն էր, որ գործող համաձայնագրով սահմանված ժամկետի լրանալուն դեռեւս 12 տարի կար: Այդ շտապողականության առնչությամբ Հայաստանի իշխանությունները ոչ մի բացատրություն չներկայացրեցին, բացի այն պնդումից, որ նոր համաձայնագրով Մոսկվան կաջակցի Հայաստանին, եթե վերսկսվի Ղարաբաղյան պատերազմը, թեեւ, ըստ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովի, նոր համաձայնագրով «երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյության ժամկետը: Ուրիշ ոչինչ: Այն չի փոխում Հայաստանում ռուսական ռազմակայանի ոչ ֆունկցիաները, ոչ այդտեղ ծառայություն անցնող զինծառայողների թվակազմը, ոչ այդ ռազմակայանում գտնվող զինատեսակների քանակը: Այդ պատճառով անիմաստ է խոսել որեւէ փոփոխության մասին, որն այդ արձանագրությունը կարող է մտցնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մեջ»: Ակնհայտ է, որ նոր համաձայնագրի կնքումը զգալիորեն ամրապնդեց Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում` միաժամանակ էապես նվազեցնելով Հայաստանի մանեւրելու հնարավորությունները Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող երկրների, առաջին հերթին` Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում: Թեեւ Մոսկվան որեւէ կերպ չարձագանքեց Երեւանի սպասելիքներին` պատերազմի վերսկսման դեպքում իր դերակատարության վերաբերյալ, հավանաբար Հայաստանի իշխանություններն անկեղծորեն հավատում էին այդ սպասելիքներին: Թերեւս դա էր պատճառը, որ 2011թ. մայիսին հրապարակավ փորձ արվեց բարձր մակարդակով այդ սպասելիքները կապել նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հետ: Նախ, մայիսի 16-ին նախագահ Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Ռուսաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Եվ ռազմական գործողությունների վերսկսման կամ մեր անվտանգությանը լուրջ սպառնալիքի դեպքում` Ռուսաստանն ունի եւ պարտավորություն, եւ հնարավորություն արձագանքելու համար», ապա անդրադառնալով ՀԱՊԿ-ին` ավելացրեց. «Մենք ՀԱՊԿ շրջանակում ակտիվ եւ համոզմունքով ենք համագործակցում: Կան բոլոր իրավական հիմքերը, որպեսզի ՀԱՊԿ անդամները գործեն միասին: Կա այդպիսի համոզվածություն»: Մի քանի օր անց պաշտպանության նախարար Ս. Օհանյանը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը» համաժողովում ավելի պարզ ձեւակերպեց ակնկալիքները. «1992-94թթ. պատերազմի ընթացքում Հայաստանն ինքնուրույն լուծեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցը, սակայն այսօր իրավիճակը զգալիորեն փոխվել է եւ, հաշվի առնելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մենք համարում ենք, որ իրավունք ունենք ակնկալել Կազմակերպության շրջանակներում մեր դաշնակիցների արձագանքն ու աջակցությունը, որոնք, նախ` որոշակի պարտավորություններ ունեն միմյանց նկատմամբ, եւ, երկրորդ` կոնկրետ հնարավորություններ` հնարավոր ագրեսիային արձագանքելու համար»: ՀԱՊԿ անդամ երկրների փորձագետների արձագանքները չուշացան` բացառելով այդ երկրների միջամտությունը Ղարաբաղյան պատերազմի վերսկսման ժամանակ: Ավելին, Ղազախստանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Լամիուլինը հայտարարեց. «եթե Լեռնային Ղարաբաղում հակամարտություն ծագի, դա չի նշանակի, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, այլ կլինի Ադրբեջանի ներքին խնդիրը, քանի որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի վարչական տարածքի մասն է»: Ռուսական աղբյուրներն էլ հիշեցնում են, որ ՀԱՊԿ անդամ երկրները Մոսկվային չաջակցեցին անգամ ավելի հեշտ` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման հարցում: Դժվար է ասել, թե ինչու են պաշտպանության նախարարին ներքաշել արտաքին քաղաքական հարցերի ոլորտ, սակայն արձագանքները վկայում են, որ Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանի կամ ՀԱՊԿ երկրների ներգրավման գաղափարը որպես քաղաքական կապիտալ օգտագործելը ոչ միայն կոպիտ սխալ է` դրդելով «դաշնակիցներին» ժխտել հարցադրումը եւ Արցախի նկատմամբ կրկին բարձրաձայնել ադրբեջանամետ դիրքորոշում, այլեւ հարվածի տակ է դնում հայկական բանակի վարկը: «1992-94թթ. պատերազմի ընթացքում Հայաստանն ինքնուրույն լուծեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցը, սակայն այսօր իրավիճակը զգալիորեն փոխվել է…» արտահայտությունը կարող է ընկալվել որպես անվստահություն սեփական ուժերի նկատմամբ` այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Հայկական զույգ բանակների մարտունակության նկատմամբ միջազգային փորձագետների հարգանքը ձեռք է բերվել հսկայական ջանքերի, մեծ կորուստների ու զրկանքների գնով եւ չպետք է հարվածի տակ դրվի քաղաքական արկածախնդրության հետեւանքով:

Գրեթե միաժամանակ, սակայն այլ տրամաբանությամբ, Ադրբեջանում եւս տեղի էին ունենում նմանատիպ իրադարձություններ: Մայիսին սկսվեցին Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության նոր պայմանագրի վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունները: Կայանը, որտեղ ծառայում է ռուսական բանակի 1400 զինվորական, վերահսկում է 6000 կմ շառավղով տարածք` Աֆրիկայից մինչեւ Ավստրալիա, եւ միաժամանակ կարող է հետեւել 20 բարդ ու 100 առանձին նպատակակետերի: Հատկանշական է, որ այս դեպքում գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2012թ. եւ նոր պայմանագրի մշակման բանակցությունները, ինչպես սովորաբար արվում է, սկսվել են դրանից մեկ տարի առաջ, բայց հայ-ռուսական պայմանագրի վավերացումից հետո: Բաքուն Մոսկվային ներկայացրել է նոր` իր համար ավելի բարենպաստ պահանջներ, սակայն ամենակարեւորն այն է, որ պայմանագրի կնքումը հատուկ նշանակություն է ստացել Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ Ադրբեջանի հարաբերություններում շեշտադրումների փոփոխության համատեքստում: Այն ներառում է նաեւ մայիսի վերջին Ադրբեջանի անդամակցությունը Չմիացած երկրների շարժմանը (ՉԵՇ): Այդ քայլի անսպասելիությունն այնքան մեծ էր, որ ռուս փորձագետներն այն գնահատեցին որպես Ադրբեջանի արտաքին քաղաքականության շրջադարձ 180 աստիճանով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2007թ. ընդունված Ազգային անվտանգության հայեցակարգում եվրաատլանտյան կառույցներին ինտեգրացիան Բաքուն հռչակել էր ռազմավարական նպատակ: Թեեւ ՉԵՇ-ին անդամակցությունը նշանակում է, որ Բաքուն ընտրում է չեզոք դիրք` հրաժարվելով ՆԱՏՕ-ին կամ ՀԱՊԿ-ին անդամակցելու հնարավորությունից, սակայն ակնհայտ է, որ որեւէ նոր իրավիճակ բնութագրվում է ոչ միայն նրանում այս կամ այն կողմի դիրքով, այլեւ հետագծով` թե որտեղից է հայտնվել այդ դիրքում: Իսկ այդ առումով Ադրբեջանի նոր անդամակցությունը նշանակում է ՆԱՏՕ-ից (հետեւաբար եւ` Արեւմուտքից) զգալի հեռացում եւ տեղաշարժ դեպի Ռուսաստան, սակայն բացառելով նաեւ այդ ուղղությամբ խիստ մերձեցումը` անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Հետեւաբար, թեեւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության «180 աստիճանով շրջադարձի» մասին գնահատականը կարելի է չափազանցություն համարել, սակայն լուրջ տեղաշարժը, ընդ որում` բոլոր ակտիվ ուղղություններով եւ բոլորն էլ` ղարաբաղյան խնդրի առնչությամբ, ակնհայտ է: Մինչդեռ այդ ընթացքում Հայաստանի ակտիվությունը դրսեւորվեց սոսկ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների հրապարակային պարզումով` միանգամայն կանխատեսելի բացասական արձագանքով:

Դովիլ-Կազան-«Ցյուրիխ-2»

2011թ. մայիսին արտաքին քաղաքականության ոլորտում կատարած մի շարք կտրուկ քայլերով Ադրբեջանը տեղաշարժվեց դեպի Հյուսիս, հավանաբար նկատի ունենալով, որ, ըստ քաղաքագետ Ռ. Մուսաբեկովի, «հակամարտող կողմերին փոխզիջումների մղող առավելագույն հնարավորություններ դեռեւս Մոսկվան ունի»: Առաջին հայացքից նման ենթադրության հիմք կարող է դառնալ Ռուսաստանի մեծ ազդեցությունը Հայաստանի վրա եւ նախագահ Մեդվեդեւի ակտիվությունը խնդրի կարգավորման հարցում: Ավելին, կարող է թվալ, որ դա է հաստատում նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների Դովիլի հայտարարությունը: Ըստ այդ հայտարարության, «մարտի 5-ին [Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ] Սոչիում հանդիպման ժամանակ քննարկված Հիմնարար սկզբունքների տարբերակը արդար եւ հավասարակշռված հիմք է փոխզիջումային խաղաղ լուծում նախագծելու համար»: Միաժամանակ, փաստաթղթում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արվում «հունիսին (Կազանում) նախատեսված հանդիպման ժամանակ քաղաքական կամք դրսեւորել եւ ավարտել աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրա»: Թվում է, թե համանախագահ երկրների համատեղ հայտարարությունում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման հիշատակումն ու առաջիկա հանդիպման կարեւորումն առնվազն ռուսական կողմի ջանքերի գնահատում է: Թեեւ այդ փաստը կարող է շոյել ռուսական կողմի ինքնասիրությունը, սակայն հիշատակումը մեծապես պայմանավորված է երկու այլ հանգամանքով: Նախ, բանակցային գործընթացի վերջին երեք տարիների իրադարձությունները վկայում են, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան լրջորեն վերահսկում են իրավիճակը, եւ, երբ Մեդվեդեւի գլխավորությամբ Ալիեւն ու Սարգսյանը փորձում են հեռանալ Մինսկի խմբից (2008թ. նոյեմբեր, Մայնդորֆյան հռչակագիր), կարողանում են նրանց վերադարձնել ի շրջանս յուրոյ: Երկրորդ հանգամանքն այն է, որ Կազանի հանդիպումը գործնականում հաջողության հնարավորություն չունի եւ ցանկալի է, որ այդ անհաջողությունը «ջարդվի» Մոսկվայի, այլ ոչ թե Մինսկի խմբի վրա: Սակայն, իհարկե, Դովիլի հայտարարությունը շատ ավելի կարեւոր է բանակցային գործընթացում ձեւավորված իրավիճակի ու հնարավոր զարգացումների տրամաբանության, քան միջնորդների դերակատարության տեսակետից: Այդ առումով հետաքրքիր է Դովիլի ու Մուսկոկայի հայտարարությունների համեմատական վերլուծությունը (ԼգԱքվիլայի հայտարարությանն անդրադառնալու անհրաժեշտություն չկա, քանի որ այն ներառում է միայն Հիմնարար սկզբունքներն ու այդ տեսակետից ոչնչով չի տարբերվում Մուսկոկայի հայտարարությունից):

Թեեւ Դովիլի հայտարարությունում հիշատակվում է Հիմնարար սկզբունքների «Սոչիի տարբերակը», սակայն այդ նույն հայտարարության հաջորդ նախադասությունը վկայում է, որ «այդ փաստաթուղթը… հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ այն տարրերի վրա, որոնք ուրվագծված են 2009թ. հուլիսին` ԼգԱքվիլայի եւ 2010թ. հունիսին` Մուսկոկայի համատեղ հայտարարություններում»: Հետեւաբար, վերջին երեք տարիների ընթացքում Հիմնարար սկզբունքների բովանդակության առումով որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն` վերջին երեք տարիներին բանակցություններում առաջընթաց չկա, իսկ դա վկայում է ճգնաժամի մասին: Հենց դա է Դովիլի հայտարարության առաջին պարբերության ձեւակերպման պատճառը, որով երեք երկրների նախագահները կողմերին զգուշացնում են, որ «եկել է ժամանակը վճռական քայլ անելու դեպի խաղաղ լուծում»: Բայց դա նույնպես հաստատում է ճգնաժամի առկայությունը, քանի որ Մուսկոկայի հայտարարությունը եւս նման քայլ անելու առաջարկ էր պարունակում: Դովիլի երկրորդ պարբերությունը` կոչը բանակցային լուծումը պատերազմով չփոխարինելու վերաբերյալ, որը նախորդ հայտարարություններում բացակայում էր, ավելի շուտ «դիպուկահարների պատերազմի» կտրուկ ակտիվացման առաջ բերած անհանգստության հետեւանք է, քան հնարավոր պատերազմը կանխելու, քանի որ վերջին դեպքում զգուշացումները պետք է լինեին կոնկրետ ու հասցեավորված: Դովիլի հայտարարության առանցքը չորրորդ պարբերության վերջին երկու նախադասություններն են: Երեք նախագահները նախ զգուշացնում են, որ «հետագա ձգձգումը միայն կասկածի տակ կդնի կողմերի հավատարմությունը` պայմանավորվածությունների հասնելուն», իսկ ավելի պարզ` կասկածի տակ կդնի բանակցությունները Հիմնարար սկզբունքների հիման վրա շարունակելու նպատակահարմարությունը: Դա դժվար թե ցանկալի լինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համար, քանի որ Հիմնարար սկզբունքների առկայությունը Բաքվին հնարավորություն է տալիս խոսելու` «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները Ադրբեջանի ենթակայությանը վերադարձնելու», իսկ Երեւանին` ինքնորոշման իրավունքի կիրառման մասին: Միաժամանակ, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները բանակցային գործընթացի «վերաբեռնավորումից» խուսափելու հնարավորություն են մատնանշում. «երբ համաձայնություն ձեռք բերվի, մենք պատրաստ ենք հավաստելու այդ սկզբունքների ֆորմալ ընդունումը, աջակցելու խաղաղության համաձայնագրի նախագծի մշակմանը եւ ապա մեր միջազգային գործընկերների հետ աջակցելու դրա իրականացմանը»: Այս արտահայտության թավ հատվածը, որն ամբողջ հայտարարության կարեւորագույն մասն է, իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն փաստաթուղթը, որի վերաբերյալ պետք է համաձայնության գան Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները, չհրապարակվի: Ակնհայտ է, որ հանրության համար մատչելի փաստաթղթի գոյությունը հավաստելու կարիք բացարձակապես չկա: Քանի որ Ալիեւն ու Սարգսյանը որոշ հարցերում համաձայնության չեն գալիս (եւ չեն էլ կարող գալ` բանակցությունների արատավոր ռազմավարության հետեւանքով), համանախագահող երկրների նախագահները Դովիլի հայտարարությամբ առաջարկում են փակ համաձայնության գալ, որի առկայությունը ֆորմալ հավաստելու պատրաստակամություն են հայտնում: Ինչպես հայտնի է, նման փորձ արդեն կա` հայ-թուրքական արձանագրությունները, որոնց առկայության մասին հայտարարելուց հետո դրանք չորս ամիս գաղտնի էին պահվում: Փաստորեն առաջարկվում է «Ցյուրիխ-2» գործողություն, հույս ունենալով, որ ապագա «խաղաղության համաձայնագրի նախագիծն» ավելի ընդունելի կլինի կողմերի համար: Հաշվի առնելով վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ արձանագրված փոփոխությունները` կարելի է ենթադրել, որ Բաքվում հասկացել են, որ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ, որտեղ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են լուրջ վերանայումներ: Հետեւաբար` չպետք է բացառել, որ Դովիլի հայտարարությամբ ներկայացված պլանը Բաքուն ընդունի, քանի որ «Հիմնարար սկզբունքների տարրերն» ակնհայտորեն շատ ավելի շահեկան են Ադրբեջանի համար: Այդ տեսակետից խիստ վտանգավոր կլինի, եթե Կազանում եւս Հայաստանն արագորեն եւ անվերապահ աջակցություն հայտնի համանախագահների առաջարկին, ինչը եղել է բազմիցս, հույս ունենալով, որ Բաքուն կմերժի այն եւ կհայտնվի անհարմար իրավիճակում: Բայց, միաժամանակ, բանակցային գործընթացի ճգնաժամի շարունակումը հղի է մեկ այլ վտանգով: Ինչպես արդեն մի քանի անգամ պատահել է, համանախագահներն իրավիճակը կարող են համարել փակուղային, փաստաթուղթը` անհեռանկարային, եւ ձեռնամուխ լինել բոլորովին այլ սկզբունքների հիման վրա նոր փաստաթղթի մշակմանը: Իսկ այդ դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանում կներառվի ինքնորոշման իրավունքը, որի առկայությունը մոտ երկու տասնամյակ ընթացող բանակցությունների ամենակարեւոր բաղադրիչն է: Բայց դա թույլ չտալու համար Հայաստանից պահանջվում է միանգամայն այլ որակի արտաքին քաղաքականություն: Դիվանագիտական պարզունակ «խորամանկությունները», որոնք կիրառվում են իրական աշխատանքի փոխարեն, վաղ թե ուշ տանում են դեպի թակարդ: Մնում է հուսալ, որ գոնե Կազանում այն չի գործի:

Տիգրան Թորոսյան
Քաղաքական գիտությունների դոկտոր